ՆՅՈՒ-ՅՈՐՔ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության 82-րդ ընդհանուր ժողովը, որի մասնակիցներին ողջունել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, դեսպանն իր ելույթում, Հայաստանի Հանրապետության կառավարության, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության անունից շնորհավորելով ժողովի մասնակիցներին եւ հյուրերին, անդրադարձել է 1906 թ. մեծ բարերար Պողոս Նուբարի կողմից Կահիրեում հիմնված կազմակերպության անցած դժվարին ու փառավոր ուղուն։ Բարեգործականի նպատակներն արտացոլում էին հայ ժողովրդի առօրյա կենսական խնդիրներըՙ օգնել բնական աղետների, սովի, երաշտի, բռնության, համաճարակների եւ այլ արհավիրքների զոհ դարձած հայերին։ Նրա գործունեությունն առավել կարեւորվել է 1915-1923 թ.թ. Հայոց ցեղասպանության տարիներին։ Միության կողմից կազմակերպված համազգային դրամահավաքը փրկել է Մեծ եղեռնի զոհ դարձած տասնյակ հազարավոր հայորդիների կյանքը։ Հենց այդ օրերին էլ սկիզբ է առել նաեւ կազմակերպության հիմնական ուղղություններից մեկըՙ կրթությունը, երբ ջարդերից մազապուրծ հազարավոր երեխաների համար հիմնվել է Սիսվան դպրոցը, այնուհետեւ բացվել բազմաթիվ այլ կրթօջախներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ եւ այլն։
Դեսպանը նշել է, որ 1953 թ. կազմակերպության նախագահությունն ստանձնած մեծ բաբերար Ալեք Մանուկյանի պաշտոնավարության 36 տարիների ընթացքում Բարեգործականի հիմնական ֆոնդը 8 միլիոն ամերիկյան դոլարից հասել է 120 միլիոնի, աշխարհի տարբեր ծայրամասերում հիմնվել է ՀԲԸՄ գործող մասնաճյուղերի, մշակութային, կրթական եւ մարդասիրական հաստատությունների մեծ մասը, ձեւավորվել եւ կյանքի է կոչվել Միության հիմնական նպատակըՙ կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանել եւ զարգացնել հայ ինքնությունն ու մշակութային ժառանգությունը, ծրագրեր իրականացնելով ոչ միայն Սփյուռքում, այլեւ Խորհրդային Հայաստանումՙ «երկաթյա վարագույրն» այդպես էլ խոչընդոտ չդարձավ կազմակերպության համար։
Այնուհետեւ դեսպանն անդրադարձել է ՀԲԸՄ լայն գործունեությանը Լուիզ Մանուկյան Սիմոնի ղեկավարությամբ Հայաստանում 1988 թ. դեկտեմբերի աղետալի երկրաշարժից, Հայաստանի անկախացումից հետո, երբ մշակվեց եւ իրագործվեց աղետի գոտու շրջաններին օգնելու լայն ծրագիր. վերականգնվեցին դպրոցներ եւ հիվանդանոցներ, դրանք կահավորվեցին ժամանակակից նորագույն սարքավորումներով, ԱՄՆ-ի եւ այլ երկրների բժշկական կենտրոններ բուժման ուղարկվեցին բազմաթիվ վիրավորներ, կառուցվեցին եւ կառուցվում են ձեռնարկություններ։ 1990 թ. փետրվարից ՀԲԸՄ-ն իր գրասենյակն ունի Երեւանում։ Բարեգործականը, ինչպես 20-րդ դարի սկզբում, այնպես էլ անկախության առաջին տարիներին, օգնության ձեռք մեկնեց այս անգամ ղարաբաղյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին, բռնագաղթածներին։
«Պետությունը բարձր է գնահատում Միության հայրենանվեր գործունեությունը կրթական, մշակութային, մարդասիրական, տնտեսական եւ այլ բնագավառներում։ Հարկ եմ համարում հատուկ նշել Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, այն է, վերականգնողական վիրաբուժության կենտրոնը, Նորքի, Արաբկիրի եւ Մալաթիայի մանկական կենտրոնները, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, բազմաթիվ կրթաթոշակների հատկացումը, Միացյալ Նահանգներում եւ աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին ցուցաբերած անգնահատելի օժանդակությունը եւ այլն։ Բարեգործականի գործունեությունն այսօր բազմաբնույթ է եւ շարունակական», ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ա. Կիրակոսյանը եւ Հայաստանի կառավարության, դեսպանության անունից երախտագիտություն հայտնել բոլոր նվիրատուներին։
Վերջում դեսպանը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել ՀԲԸՄ նորընտիր նախագահ Պերճ Սեդրակյանին։