Ռեպորտաժ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ
Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Բլեդից
Կանադան շախմատում, իհարկե, այն չէ, ինչ հոկեյում։ Բայց մի քանի ուժեղ գրոսմայստերներով եւ ճանաչված վարպետներով համալրված այս թիմին դժվար է հաղթել խոշոր հաշվով։ Ահա թե ինչու Հայաստան-Կանադա մրցախաղից հետո անկեղծ հնչեցին օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչ, շախմատի եվրոպական միության նախագահ սլովենացի Բորիս Կուտինի խոսքերը. «Հայերն այսօրվա հերոսներն են»։ Այս հանդիպման ժամանակ պարտիաներն ավարտվեցին խաղատախտակների խստիվ հերթականությամբ։ Նախ Հակոբյանը վերստին ապացուցեց, որ զուր չէ գործնական խաղին զուգահեռ վաստակել շախմատային նուրբ կոմպոզիտորի համբավ. զինվորային վերջնախաղում երեւանցին սեւերով վարպետորեն հաղթեց գրոսմայստեր Ալեքսանդր Լեսիեժին։ Լպուտյանն այս օլիմպիադայում առաջին անգամ նստեց խաղատախտակի առջեւ։ Ճանաչված գրոսմայստեր Քեւին Սփրագետի հետ պարտիայում նա ցուցադրեց իր սովորական հզոր խաղը եւ կրկնապատկեց հաշիվը։ Ասրյանը թիմային մրցումներում խաղում է ծայրահեղ հուսալի. համեմատաբար քիչ է հաղթում, բայց համարյա երբեք չի պարտվում։ Այս անգամ եւս սեւերով խաղալով կանադական շախմատի հույսիՙ Պասկալ Չարբոնոյի հետ, Կարենը ստանալով փոքր-ինչ հաճելի դիրք, գործում էր «ոչ-ոքին գրպանում» սկզբունքով։ Բայց նրա մրցակիցն էլ վստահ էր վարում պարտիան, ուստի հաշտություն կնքվեց։ Հաղթական վերջակետ դրեց Անաստասյանը, որը հանդիպում էր Յան Տեպլիցկու հետ։ Այս պարտիան ընթանում էր նյարդային պայքարում. կշեռքի նժարը մի քանի անգամ տատանվեց, բայց հայ շախմատիստի նպատակասլացությունն ու վարպետությունն ի վերջո կատարեցին իրենց դերը։
3,5¬0,5 հաշվով տարած այս հրաշալի հաղթանակից հետո ՀՀ հավաքականը 12 հնարավորից վաստակեց 9,5 միավոր եւ միայն կես քայլով է հետ մնում Ռուսաստանի, Կուբայի, Վրաստանի եւ Լեհաստանի ներկայացուցիչներից։ Այս քառյակից ամենաահեղն, իհարկե, Ռուսաստանն էՙ Գարի Կասպարովի գլխավորությամբ, որը միշտ լուսանկարիչների ուշադրության կենտրոնում է։ Ի դեպ, բոլոր տեսակի նկարահանումները թույլատրվում են խաղի առաջին 15 րոպեներին, որից հետո բոլոր կողմնակի անձանց պարզապես «վռնդում» են մրցասրահից։ Միայն 10 մեկնաբաններ են, այդ թվում տողերիս հեղինակը, իրավունք ստացել ցանկացած պահի գտնվել խաղասրահում եւ անմիջականորեն հետեւել պայքարին։ Ռուսաստան-Հնդկաստան մրցախաղում էլ Կասպարովն անկասելի էր։ Ընդ որում, նրա մրցակիցը ոչ թե Վիշվանաթան Անանդն էր, որն ընդհանրապես չի ժամանել օլիմպիադա, այլ հնդկական շախմատի նոր աստղըՙ 21-ամյա Կրիշնան Սաշիկիրանը։ Չորրորդ տուրում մեր ուշադրության կենտրոնում կլինեն Հայաստան-Հարավսլավիա, Ռուսաստան-Վրաստան մրցախաղերը։
Կանանց Հայաստան-Ռումինիա մրցախաղից մի քանի րոպե առաջ վերջապես Բլեդ ժամանեց մեր թիմի մարզիչըՙ Արսեն Եղիազարյանը։ Հրաշալի մեկնարկած մեր աղջիկներն աշխարհի ուժեղագույն թիմերից մեկիՙ Ռումինիայի հետ մենամարտում որոշեցին չտխրեցնել իրենց մարզչին։ Ռումինիայի թիմը կազմավորված է միայն գրոսմայստերներով եւ վարկանիշով 6-րդն է օլիմպիադայում։ Լիլիթ Մկրտչյանը փրկության ոչ մի հույս չթողեց Քրիստինա Ֆոյշորին։ Գոհար Հլղաթյանը սեւերով զինվորի առավելության հասավ Գաբրիելա Օլարսենի հետ խաղում, բայց տարադաշտ փղերի առկայությունն անխուսափելի դարձրեց ոչ-ոքին։ Ցավոք, Էլինա Դանիելյանը խճճված պայքարում վրիպեց եւ պարտվեց Կորինա Պեպտանից։ Գրանցվեց պատվավոր ոչ-ոքիՙ 1,5¬1,5։ Չորրորդ տուրում մեր աղջիկներին սպասում է ահեղ մրցակիցՙ Ռուսաստանի հավաքականը։ Առայժմ հայուհիները 9 հնարավորից 7 միավորով բաժանում են 5¬8-րդ տեղերը Ռուսաստանի, Ռումինիայի եւ Վիետնամի հետ։ Առջեւում են Լեհաստանը (8), Չինաստանը, ԱՄՆ-ն, Հարավսլավիան (7,5-ական)։
Երկու խոսք մրցավարների մասին։ Գլխավորը, համարյա ինչպես միշտ, աշխարհի ամենահեղինակավոր մրցավարն էՙ հոլանդացի Հերտ Հայսենը, որն ավելի շատ ճանաչված է Գիյսեն ազգանունով։ Նրանից եւ տեղակալներից հետո կարեւորագույն դերը կատարում են 4 ավագ մրցավարները։ Այս քառյակից երկուսը մեր հայրենակիցներն ենՙ Աշոտ Վարդապետյանը (Հայաստան) եւ սիրիահայ Միքայել Շատարեւյանը, որը վերջին տարիներին աշխատում է Քաթարում։