Քաղաքացիական ծառայության խորհուրդը երեկ ավարտեց իր աշխատակազմի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցելույթները։ Վերջին ակորդը խփեց հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ-գանձապահի պաշտոնի զբաղեցման մրցույթըՙ թվով 55-րդը։ Այս պաշտոնի համար հայտ էին ներկայացրել 26 քաղաքացիներ, որոնցից մրցութային հանձնաժողովը մրցույթին մասնակցելու իրավունք ընձեռեց 23-ին։
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ անցկացված մրցույթների արդյունքում աշխատակազմը բավականաչափ թարմացվել է նոր մարդկանցով։ Այսպեսՙ արդեն 54 պաշտոններում նշանակվածներից 20-ը ՔԾԽ-ի հետ կապ չունեցած մարդիկ են, իսկ մյուսները, որոնք նախկինում պայմանագրային հիմունքներով աշխատում էին խորհրդի աշխատակազմում, մրցույթների ընթացքում մնացածների հետ եղել են հավասար պայմաններում, քանի որ նրանք մինչ այդ պաշտոնազրկված են եղել։
Ինչեւէ, 529 դիմած քաղաքացիներից մրցութային հանձնաժողովը բավարար է համարել 478-ի փաստաթղթերը, որոնցից սակայն մրցույթներին փաստացի մասնակցել են 313-ը միայն։ Ըստ խորհրդի նախագահի, պատճառը, թե ինչու մյուսները չեն մասնակցել, հայտնի չէ, նրանք չեն գնացել ինքնակամ։ Հատկանշական է, որ մասնակցածների մոտ 80 տոկոսը հաղթահարել է տեստավորման փուլը։ Դա բացատրվեց նրանով, որ նախօրոք հրապարակվել են տեստերն իրենց ճիշտ պատասխաններով, եւ թերեւս մասնակիցները պարզապես անգիր են արել դրանք։ Հարցազրույցի փուլում հաջողվել է գործնականում պարզել մասնակիցների կարողությունները, որի արդյունքում փակ գաղտնի քվեարկությամբ հաղթող են ճանաչվել 118-ը, այսինքնՙ միջին հաշվով յուրաքանչյուր պաշտոնի մրցույթում հաղթել են երկու մասնակիցներ։ Այս պարագայում հաղթողներից պաշտոնի նշանակող իրավասու անձը ընտրության իրավունք է ստանում։ Խորհրդի նախագահի հավաստմամբ, իրենց մոտ նշանակում կատարելիս առաջնորդվում են մի քանի չափորոշիչներովՙ հաշվի են առնվում տեստավորման, ապա հարցազրույցի արդյունքները, եթե հավասար պայմաններ ենՙ նաեւ մասնակիցների ստաժը, ստացած սերտիֆիկատները, մասնագիտացումը։ Գրեթե 36 տոկոսով իրենց աշխատակազմի թարմացումը խորհրդում հենց այդ մոտեցման հետեւանք են համարում։
Երկու պաշտոնների համար անցկացված մրցույթներում հաղթողներ չեն ճանաչվել, քանի որ մասնակիցներն ի վիճակի չեն եղել հաղթահարել առաջադրանքները։ Այդ պաշտոնների զբաղեցման համար խորհուրդը հայտարարել է կրկնակի մրցույթ։
Այս մրցույթները, որոնք անցկացման կարգով թափանցիկության առումով աննախադեպ են մեր իրականության մեջ, ըստ Մանվել Բադալյանի, ցույց տվեցին ե՛ւ դրանց առավելությունները, ե՛ւ բացթողումները։ Վերջիններից նշվեց հատկապես տեստերի մեխանիկական հիշողությամբ մրցույթներին մասնակցելու հնարավորության ընձեռումը, քանի որ շատ դեպքերում այդ կերպ հնարավոր չի լինում բացահայտել մասնակիցների կարողությունները։ Բոլոր դեպքերում հատկանշական է, որ որեւէ բողոքարկման դեպք այս մեկ ամսվա ընթացքում չի արձանագրվել։
Դա կարեւորվում է ոչ միայն այն պատճառով, որ մինչ մրցույթները ստեղծված է եղել անհրաժեշտ իրավական բազան, այլեւՙ որովհետեւ նոյեմբերի 4-ից մեկնարկելու են օրենքով սահմանված 36 գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարների մրցույթները։ Այդ կարեւորագույն միջոցառմանը փաստորեն խորհուրդը կգնա նախապատրաստված։ Ի դեպ, դրանց մասնակցելու համար հայտ են ներկայացրել 75 քաղաքացիներ, որոնց կեսը գրեթե «դրսի» մարդիկ են։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ