«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2002-10-29 | #197, 2002-10-30 | #198, 2002-10-31


«ԱՅՍՕՐ ԼՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԾՐԱԳԻՐ ԿԱ»

Որն, ըստ Վարդան Օսկանյանի, չի վտանգում մեր ազգային շահերը եւ ընդունելի է բոլոր կողմերի համար

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետխորհրդային տարիներին իրենց հասարակության եւ առհասարակ ժողովրդավարական արժեքների կայացման ջատագով հայտարարած հասարակական կազմակերպությունների թիվն ավելանում է ամեն օր, եւ սրանց անվանումներն էլ դառնում են ավելի ու ավելի հավակնոտ։ Նման մի կազմակերպությունՙ «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնը», երեկ սեմինար էր նախաձեռնել «Կովկասի անվտանգության խնդիրներ» թեմայովՙ որպես հիմնական զեկուցող հրավիրելով ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին։

Պրն Օսկանյանը, նշելով, որ կովկասյան երեք պետություններիՙ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի անվտանգությունն ու կայունությունը փոխկապակցված են, մեր երկրի անվտանգության խնդիրը նպատակահարմար համարեց դիտարկել երեք տեսակետիցՙ պետականության, ֆիզիկական ու տարածքային եւ տնտեսական։

Պետականության անվտանգության առումով նախարարը նշեց, որ իշխանությունները ժողովրդավարական, իրավական պետության հասնելու խնդիր ունեն, քանի որ ժողովրդավարական արժեքներն են կայունության երաշխիքը։

Իրավական պետության ձեւավորման ճանապարհին, ըստ նախարարի, խոչընդոտ է այն հանգամանքը, որ մեր հասարակության մեջ արմատավորված չէ համոզմունքը, թե հենց այդ արժեքները պիտի դառնան պետականության հիմք։ «Խոչընդոտներ են նաեւ հոկտեմբերի 27-ի դեպքերը, 1996-ի նախագահական ընտրությունների նման ընտրությունները, քաղաքական ուժերի կողմից երկրում զարգացող գործընթացների շահարկումները»։ Այնուամենայնիվ, Վ. Օսկանյանի համոզմամբ, վերջին 4¬5 տարիներին այս ուղղությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել, ամենաառանցքայինըՙ Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ։

«Արմատ» հասարակական կազմակերպության ներկայացուցչի առարկությանը, թե մեր երկրի հեղինակությանը մեծ հարված հասցրեց ԵԽ վերջնագիրը մահապատժի վերացման խնդրում, արտգործնախարարը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները շատ գոհ են Եվրախորհրդի այդ պահանջից։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված մահապատժի վերացման խնդիրը զգացական ու քաղաքական ոլորտներում է ընկալվում։ Բայց հասարակությունը, քաղաքական ուժերը եւ մենք առհասարակ պիտի կարողանանք հաղթահարել դա։ Մահապատժի վերացումը երկընտրանք չունի»։

Գալով երկրի ֆիզիկական, տարածքային անվտանգության հարցինՙ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը նախ խոսեց Հայաստանի եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդրի մասին։ Այստեղ, ըստ Վ. Օսկանյանի, հրապարակ է գալիս ԼՂ խնդիրը։ «Այնքան ժամանակ, քանի դեռ կա պատերազմի սպառնալիք, կա նաեւ վտանգ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»։

Այստեղ Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե վերջին 3¬4 տարում լուրջ տեղաշարժ է գրանցվել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ «Սրանք պարզապես խոսքեր չեն։ Այսօր բանակցությունների սեղանին իսկապես կա մի ծրագիր, որ ընդունելի է բոլոր կողմերի համար եւ չի վտանգում մեր ազգային շահերը»։

Խիստ կարեւորելով բանակցությունների շարունակելիության ապահովումը եւ գործընթացի մշտապես կենդանի պահելըՙ Վարդան Օսկանյանը հավաստեց, թե, այնուամենայնիվ, մեր երկիրն արել եւ անում է ամեն ինչՙ հնարավոր ամենատարբեր զարգացումների դեպքում մեր անվտանգության ապահովման համար։

Օսկանյանը մասնավորապես նշեց Թուրքիայի կողմից հնարավոր ոտնձգությունների հանգամանքը։

«Թուրքիայի միակողմանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում բացասաբար է ազդում վերջինիս վրա։ Մենք պիտի փոխենք Թուրքիայի նման ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, սակայն դա մեզ դեռեւս չի հաջողվում։ Թուրքիան դեռեւս չի կարողանում շրջանցել իր նեղ էթնիկական խնդիրները եւ աշխարհաքաղաքական տեսակետից նայել հարցին»։

Պրն Օսկանյանը խոսեց նաեւ տարածքային անվտանգության մյուս բաղադրիչների մասին, ինչպիսիք են հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, ՀԱՊ-ը եւ այլն, որոնց «Ազգը» մանրամասն անդրադարձել է արտգործնախարարիՙ Թեքեյան կենտրոնում վերջերս ՀՌԱԿ-ի կազմակերպած Կլոր սեղանին ունեցած զեկույցը ներկայացնելիս։

Վերջապես տնտեսական անվտանգությանն անդրադառնալովՙ դիվանագետը երկու սպառնալիք նկատեց։ Նախ, բնականաբար, երկրի տնտեսական զարգացումը տուժում է «Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվողՙ Հայաստանի մեկուսացման հետեւողական քաղաքականության պատճառով։ Վրաստանում տիրող անկայուն վիճակը նույնպես հեռանկարային սպառնալիք է, որ կարող է կտրել մեր կապը Ռուսաստանի (եւ ոչ միայն) հետ»։

Սեմինարին ներկա ԼՂՀ նախկին արտգործնախարար, այժմ ԼՂՀ նախագահի խորհրդական Նաիրա Մելքումյանն էլ նշեց, որ մեր երկրի ու տարածաշրջանի անվտանգությանՙ Վարդան Օսկանյանի ներկայացրած դասակարգմանը պիտի ավելացնել նաեւ տեղեկատվական անվտանգության բաղադրիչը, որն, ըստ տկն Մելքումյանի, կարող են ապահովել միայն երկրի լրատվական դաշտն ու հասարակությունը։ «Իսկ հայաստանյան լրատվամիջոցները շատ հաճախ որպես իրենց տեղեկատվության աղբյուր են օգտագործում ադրբեջանական լրատվամիջոցները։ Սա լուրջ խնդիր է, լուրջ հետեւանքներով»։

Ամփոփելովՙ քննարկմանը ներկա ՀՀ-ում Իրանի դեսպան Ֆարհադ Մոհամմադ Քոլեյնին համաձայնեց մեր արտգործնախարարի հետ, թե այս տարածաշրջանում անվտանգության մասին կարելի է խոսել միայն երեք երկրների միասնականության համատեքստում, եւ ավելացրեց, թե կովկասյան մյուս պետությունների համեմատ Հայաստանն ամենամեծ հնարավորություններն ունի իր անվտանգությունը հաստատելու առումով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4