«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2002-10-29 | #197, 2002-10-30 | #198, 2002-10-31


ՈՒԵԼՍԸ ՆԱԽԱՔԱ՞ՅԼ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՆԱՉՄԱՆ

Ի լրացումն մեր երեկվա տեղեկության, Անգլիայում գործող «Արշավ հօգուտ ցեղասպանության ճանաչման» (ԱՀՀՑՃ) հասարակական կազմակերպության գրասենյակից հաղորդում են, որ Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում պաշտոնական հրապարակային հանդիսությունը, որը սկսվել է կեսօրվա ժամը 12։30-ին, հովանավորել են Լեյբորիստական կուսակցությունից դոկտ. Ռիչարդ Էդուարդսը, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից տկն Քիրսթի Ուիլյամսը եւ Պլեդ Սիմրու կուսակցությունից Սինոգ Դեյֆիսը։ Բացելով հանդիսությունը, նրանք առաջարկել են Ուելսում հիմնադրել Հայաստանի հարցերով զբաղվող միջկուսակցական մի հանձնաժողով։

Հանդիպում է կայացել Ուելսի փոխվարչապետի հետ, ողջույնի խոսքեր են արտասանել Ուելսի մշակույթի նախարար տիկին Ջեննի Ռանդերսոնը եւ ԱՀՀՑՃ-ի գրասենյակի նախագահ դոկտ. Ռոստոմ Ստեփանյանը։

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան դոկտ Վահրամ Աբաջյանը, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Նաթան Հովհաննիսյանը, ԱՀՀՑՃ-ի ներկայացուցիչ դոկտ. Ռոստոմ Ստեփանյանը միացել են Ուելսի խորհրդարանի, Ուելս-Հայաստան համերաշխության անդամներին, ինչպես նաեւ ուելսցի եւ հայ պաշտոնական անձանց ու համախոհներինՙ ճանաչելու Ուելսի խորհրդարանի անդամների մեծամասնության ստորագրած «կարծիքի արտահայտություն» բանաձեւը, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Աշխարհը չպետք է ամաչի Հայոց եւ այլոց ցեղասպանությունները ճանաչելուց սոսկ քաղաքական նկատառումներով», ասված է այդ առթիվ հրատարակված ԱՀՀՑՃ-ի զեկուցագրում։ Հիշեցնենք, որ մայիսին Ուելսի խորհրդարանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հակիրճ քննարկման ժամանակ գյուղատնտեսության նախարար Քարուին Ջոնսն ասել էր. «Չեմ կարող անտեսել այն փաստը, որ նման ցեղասպանություն իրոք տեղի է ունեցել»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4