«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2002-10-29 | #197, 2002-10-30 | #198, 2002-10-31


ՋՈՆ ԿՈՆՅԵՐՍԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ 124-ՐԴ ԱՆԴԱՄ

Ներկայացուցչական պալատի անդամ Ջոն Կոնյերս կրտսերը (դեմոկրատՙ Միչիգանից) դարձել է Մ. Նահանգների Սենատում հայկական հարցերի խմբավորման 124-րդ անդամը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի (արեւելյան շրջանի) գրասենյակը։

Կոնգրեսական Կոնյերսն առաջին անգամ 1964-ին է ընտրվել Ներկայացուցչական պալատի անդամ եւ համարվում է երկրորդ ամենաերկարակյացն այդ կառույցում։ Նա անդամ է պալատի դատաիրավական հանձնախմբի եւ հիմնադիրը Սենատում սեւամորթների հարցերի խմբավորման։ Նա հետեւողականորեն պաշտպանել է ամերիկահայ համայնքի եւ ընդհանրապես հայությանն առնչվող խնդիրներ, այս տարվա ապրիլին, ուրիշների թվում, հովանավորել է եւ մասնակցել Հայ դատի կազմակերպած Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա կապիտոլյան միջոցառումներին, որտեղ ելույթ ունենալով ասել է. «Հայոց ցեղասպանության ճանաչումը սոսկ արդարության վերականգնում է։ Կարդացեք պատմության գրքերը, իմացեք, թե ինչ է կատարվել եւ հետո գործեք համապատասխանաբար։ Արդարությունը պահանջում է, որ մենք ոչ միայն ըմբռնենք մեր շահերը, այլեւ հասկանանք յուրաքանչյուր վայրում կատարված անարդարությունների պատճառները։ Սա ինձ համար նույնքան կարեւոր նշանակություն ունի, ինչքան ամեն մի ամերիկյան հարց»։

«Մենք մեծապես ոգեւորված ենք, որ Կոնգրեսի ավագ անդամներից մեկը որոշել է շարունակել համագործակցությունը մեզ հետ», նշել է այս առթիվ Հայ դատի Միչիգանի գրասենյակից Նեդ Աբիկյանը։ Հիշեցնենք, որ Սենատում հայկական հարցերի խմբավորումը հիմնադրվել է 1995 թ.։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4