Հոկտեմբերի 29-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ ՀՌԱԿ նույնանուն ակումբի ժողովը, որին մասնակցում էին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Մհեր Մելիք-Բախշյանը եւ Գայանե Մուրադյանը։ Ժողովի ընթացքում կայացավ ակումբի 8 նորագիրների երդմնառության արարողությունը։
Պատահական չէր պատմական գիտությունների թեկնածու Արծրուն Ալեքսանյանի անդամակցումը ՀՌԱԿ-ին։ Նրա բնորոշմամբ, երբեք չլինելով այլ կուսակցությունների անդամՙ կողմնորոշվեց դեպի ռամկավարները, քանի որ պետական շինարարության իր պատկերացումները համընկնում են Ռամկավար Ազատական կուսակցության քաղաքական գծին։
Սպարտակ Փիլիպոսյանը, Կարինե Գալստյանը, Աստղիկ Գարանյանը, Ռուզան Պարիկյանը, Աննա Թովմասյանը եւ Սաթենիկ Գեւորգյանը կուսակցության դրոշի առջեւ երդվեցին ծառայել ազգին, ժողովրդին։
Քաղաքական ակտիվությունն Աշտարակ քաղաքում բարձրանում է, եւ կուսակցությունը հետզհետե առավել վստահություն է ներշնչում տեղի ազգաբնակչությանը։