Հետերկրաշարժյան վերականգնումից հետո հոկտեմբերի 30-ինՙ Ավետիք Իսահակյանի ծննդյան 127-րդ տարելիցի օրը, Գյումրիում վերաբացվեց բանաստեղծի տուն-թանգարանը։ Չնայած ցուրտ օրվանն ու թեթեւ տեղացող թաց ձյանը, թանգարանի բակը մարդաշատ էր։ Այստեղ հավաքվել էին Վարպետի պոեզիայի մեծ թվով երկրպագուներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, հանրապետական, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Հուշատան բացմանը նվիրված հանդիսության ժամանակ ելույթ ունեցան եւ սրտի խոսք ասացին Գյումրու քաղաքապետը, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովիկ Հովեյանը, մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, բանաստեղծի թոռ, գրականագետ Ավիկ Իսահակյանը, Ալեքսան Կիրակոսյանը, ուրիշներ։
Մեծ քնարերգուի Գյումրու թանգարանը, որտեղ ժամանակին եղել է նրա հայրական տունը, սկսել է գործել 1975 թվականիցՙ նրա ծննդյան 100-ամյակի տարվանից։ 1988-ի երկրաշարժին շենքը չփլվեց, բայց աղետից որոշ ժամանակ անց քանդվեցՙ նույն նախագծով նորը կառուցելու համար, սակայն հետագա իրադարձություններն ու ֆինանսական միջոցների բացակայությունը տարիներ շարունակ խանգարում էին ավարտել սկսված ու կիսատ մնացած գործը։ Հարցը հնարավոր եղավ լուծել այս տարի հատկացված պետական միջոցներով, իսկ հուշատան լրակառուցումը բարձր որակով իրականացրեց Գյումրու «Ամենափրկիչ» հիմնադրամի շինկազմակերպությունը։ Թանգարանի սրահները (դրանց թվում նաեւ թոնրատունն է, որտեղ ծնվել է ապագա բանաստեղծը), մի քանի հազար գիտական ու գիտաօժանդակ ցուցանմուշները լայն պատկերացում են տալիս Իսահակյանների ընտանիքի կենցաղի, մեծ գրողի կյանքի, անցած ստեղծագործական ուղու մասին։
Հուշատան բացման մասնակիցները մեկ ժամ վերապրեցին տիեզերական շնչի բանաստեղծի ոգեղեն ներկայությունը, ունկնդրեցին նրա պոեզիայի գոհարներից եւ երգերՙ գրված Վարպետի բանաստեղծությունների հիման վրա։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ