«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2002-10-29 | #197, 2002-10-30 | #198, 2002-10-31


ՑԵՈԼԻՏՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ԼՈՒՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԵԼ

Խոստանում են գիտնական մասնագետները

Տեղական հանքահումքային պաշարների արդյունաբերական յուրացումը կարող է լրջորեն խթանել Շիրակի մարզի տնտեսությունը։ Այս մասին մանրամասն խոսակցություն ծավալվեց դեռ սեպտեմբերի վերջին Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրու բաժանմունքի եւ պետական ճարտարագիտական համալսարանի տեղի կրթահամալիրի «Համալսարան արդյունաբերություն փոխկապակցության կենտրոնի» համատեղ կազմակերպած գիտագործնական աշխատաժողովում, որին մասնակցում էին հանրապետության առաջատար գիտնական մասնագետներ, այդ թվում գիտության ութ դոկտորներ Երեւանի պետական համալսարանից, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտից, «Հայ գունավոր մետալուրգիա» ԳՀ ինստիտուտից, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայից եւ այլ գիտական ու հետազոտական հաստատություններից։ Սա 1994 թվականից ի վեր երկրորդ նման ձեռնարկումն էրՙ կոչված աջակցելու մարզի արդյունաբերական համալիրի վերականգնման ու վերապրոֆիլավորման ռազմավարության մշակմանը։ Այս աշխատաժողովը մասնավորապես նվիրված էր Շիրակի ցեոլիտի ռեսուրսների օգտագործման հեռանկարներին։

Մասնագիտական շրջանակներում այսօր առաջնահերթ տեխնոլոգիական խնդիրներից է Շիրակի մարզի համար ոչ ավանդական արտադրությունների ստեղծումը դիատոմիտների եւ ցեոլիտների օգտագործմամբ։ Բազմանպատակ նշանակության բնական ցեոլիտները կամ «եռացող քարերը» տուֆային ապարներ են, որոնք տարածված են հրաբխանստվածքային գործընթացների զարգացման տարածքներում։ Դրանք կարող են օգտագործվել գազերի եւ արդյունաբերական գազային արտանետումների մաքրման ու չորացման, արդյունաբերական եւ տնտեսական կեղտաջրերի ու խմելու ջրի, նավթամթերքներից ջրային մակերեսների մաքրման, ատոմային էլեկտրակայանների արտանետվող ջրերի ռադիոնուկլիդների ակտիվազերծման, մթնոլորտից ազոտի եւ թթվածնի բաժանման ու արտադրության, նոր դեղանյութերի ու սննդի հավելուկների արտադրության, լուծույթներից մետաղների ու բարձր մոլեկուլային միացությունների անջատման եւ բազմաթիվ այլ նպատակներով։ Ցեոլիտները կարող են որպես լցանյութ կիրառվել թղթի, ռետինի, լվացող միջոցների, բնական կաշվի, ներկերի եւ այլ արտադրություններում, որպես զտիչ նյութՙ գինու, կոնյակի, գարեջրի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության մեջ, գյուղատնտեսության ոլորտումՙ բնահողի մշակման, պարարտացման ու բարելավման, անասունների հիգիենայի, ընտանի կենդանիների, թռչունների եւ ձկների համակերերի արտադրության համար։ Դրանք առանձնապես արդյունավետ են էկոլոգիապես մաքուր եւ կենսաբանորեն լիարժեք սննդամթերքներիՙ մսի, կաթի, ձվի, հացահատիկի, բանջարեղենի, մրգերի, ջրի ստացման տեխնոլոգիաներում։ Այս ամբողջ թվարկումն արդեն խոսուն է։ Գիտնականների եւ մասնագետների կարծիքովՙ ոչ հանքային օգտակար հանածոների մեջ ցեոլիտը զբաղեցնում է առաջին տեղը, եւ մարդկությունը մտնում է «ցեոլիտի դար»։ Դրա հանքավայրերն աշխարհում առաջ են բերել ուժեղ կոմերցիոն հետաքրքրություն։

Խոշոր տնտեսական խնդիրներ լուծելու իմաստով ցեոլիտներին մեծ ապագա է սպասում Հայաստանում, որտեղ այդպիսի հանքավայրեր կան Նոյեմբերյանի շրջանում եւ Շիրակում։ Ըստ ԵՊՀ միներալոգիայի եւ պետրոգրաֆիայի ամբիոնի վարիչ, հանքաերկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուդոլֆ Գեւորգյանի հայտնած տվյալների, դրանց պաշարները մեզ մոտ հասնում են մոտ 500 մլն տոննայի, այսինքն գրեթե անսպառ են։ Համալսարանի այս ամբիոնը երկար տարիներ զբաղվում է ցեոլիտի ուսումնասիրություններով եւ դրա կիրառման նոր ոլորտների հայտնաբերմամբ։ Ամբիոնի մասնագետները Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի դրամաշնորհով եռամյա հետազոտություն են կատարելու «Ցեոլիտը որպես զտիչ նյութ» ծրագրով։ Այս շրջանակներում մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի համաբուժարանի հետՙ այստեղ մաքուր թթվածին ստանալու նպատակով։ Պրոֆ. Ռ. Գեւորգյանի հավաստմամբ, իրենց հետազոտություններով հիմնավորված է ցեոլիտների արդյունահանման, վերամշակման եւ օգտագործման հեռանկարայնությունը։ Մանավանդ որ դրա համար սկզբնական մեծ ծախսեր կարծես թե չեն պահանջվում։ Ցեոլիտ արդյունահանող տիպային ընկերությունն ունի 50 հոգուց փոքր աշխատակազմ եւ բաց հանքավայրերից հանում է տարեկան 20.000-ից մինչեւ 50.000 տոննա։ Կախված դրա որակից եւ առանձնահատկություններից, մեկ տոննայի գինը տատանվում է 50-300 դոլարի սահմաններում։ Սաՙ աշխարհում։

Որպես Շիրակի մարզում ցեոլիտի արդյունաբերական յուրացման առաջին փուլ, առաջարկվում է արտադրամասի կազմակերպումը ամսական 600 տոննա արտադրողականությամբ։ Խիստ դեֆիցիտ սարքավորումներ դրա համար անհրաժեշտ չեն. հարկավոր են մեկական էքսկավատոր, բուլդոզեր, ժապավենային փոխարկիչ, ամբարձիչ, 125 կվտ հզորությամբ տրանսֆորմատոր, մանրիչ¬տեսակավորիչ տեղակայանք, չորացուցիչ, դոզայավորող - փաթեթավորող հոսքագիծ, երկուականՙ «Կրազ» ավտոինքնաթափ եւ շփամաշող սարքավորում։ Մնացած հարակից ծախսերը կապված են հանքավայրերի փաստաթղթերի ձեւակերպման, բիզնես պլանի կազմման, տարածքների վարձակալման, բանվորների աշխատավարձի, էլեկտրաէներգիայի, վերադիր ծախսերի, հարկերի հետ։

Ընդհանուր ներդրումային ծախսերը, ըստ կատարված հաշվարկների, կազմում են 65.700 դոլար։ Մեկ տոննայի հաշվարկային ինքնարժեքը կլինի մոտ 9 դոլար, վաճառքի գինըՙ մոտ 20 դոլար, ծախսերի հետգնման ժամկետըՙ 8-10 ամսից ոչ ավելի։ Թվում էՙ իրոք հրապուրիչ բիզնես կլինի։ Համալսարանի միներալոգիայի եւ պետրոգրաֆիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուդոլֆ Գեւորգյանը Շիրակի մարզի գործարարներին հորդորում է լրջորեն ուսումնասիրել իրենց առաջարկը։ Այստեղ գիտությունը եւ արտադրությունը կարող են համագործակցել։ «Ես չէի ցանկանա,- ասում է պրն Գեւորգյանը,- որ այս բիզնեսի տերը լիներ դրսից...»։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4