«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2002-10-29 | #197, 2002-10-30 | #198, 2002-10-31


ԲԱՔՎՈՒՄ ՉԵՉՆԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓԱԿՎԵԼ

Հավանաբար Հեյդար Ալիեւը բանավոր ինչ-որ խոստում է տվել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Ռյաբովին

Ադրբեջանում «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցչության մամլո ծառայության ղեկավար Գյուլնարա Ինաջը Բաքվում ռուսական «Կոմերսանտ» թերթի թղթակից Մովսուն Մամեդովի հետ զրույցում կտրականապես հերքել է ներկայացուցչությունը փակելու մասին ադրբեջանական եւ ռուսական մամուլի հրապարակումները։

Իրոք, պաշտոնական Բաքուն չի հայտարարել, թե փակում է չեչենական ներկայացուցչությունը։ Պաշտոնական միակ աղբյուրը Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովն էր, որն անցած ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ընթացքում երախտագիտություն էր արտահայտել Բաքվի իշխանություններինՙ «չեչանական որջը» փակելու առիթով։

«Կոմերսանտի» Բաքվի թղթակիցը թերթի հոկտեմբերի 28-ի համարում գրում է, որ Ադրբեջանում Չեչնիայի ներկայացուցչությունը բացվել է 1995 թ.ՙ այն ժամանակ Չեչնիայի փոխնախագահ Զելիմխան Յանդարբիեւի մասնակցությամբ։ Ներկայացուցչությունը Ադրբեջանի արդարադատության նախարարությունում գրանցվել էր չեչենական մշակութային կենտրոն անունով, ինչն, ի դեպ, չէր խանգարում, որ «դեսպանատան» աշխատակիցները հանդես գան որպես Ադրբեջանում Իչկերիայի պաշտոնական ներկայացուցիչներ։

1995-1999 թթ. Բաքու են ժամանել Իչկերիայի փաստորեն բոլոր ղեկավարները, որոնց անձամբ ընդունել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, գրում է «Կոմերսանտի» Բաքվի թղթակիցը։ Այդ հանդիպումներին միշտ մասնակցում էին եւ Գրոզնիից չեչեն ղեկավարներին ուղեկցում էին Բաքվում «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցիչ Ալի Ասաեւն ու նրա տեղակալ Ռուսլան Աբդուրազագովը։ Ներկայացուցչության աշխատակիցները չեչեն անջատողականների համար օգնություններ էին հավաքում, կազմակերպում վիրավոր գրոհայինների ապաքինումը Բաքվի հիվանդանոցներում։ Նշենք, որ չեչեն գրոհայինների ապաքինումը անձամբ վերահսկում էր Ադրբեջանի առողջապահության նախարար Ալի Ինսանովը, իսկ չեչենները փաստաթղթային ձեւակերպումներում անվանվում էին դաղստանցիներ։

Պարոններ Ասաեւն ու Աբդուրազագովը կարճ ժամանակում դարձան ադրբեջանցի լրագրողների սիրելիները։ Նրանք ադրբեջանցի լրագրողների համար կազմակերպում էին գործուղումներ Չեչնիա, լրագրողները եզակի թղթակցություններ էին պատրաստում, հարցազրույցներ վարում չեչեն անջատողականների առաջնորդների հետ, գրում է Մովսուն Մամեդովը։

1999 թվից չեչենական ներկայացուցչության եւ Ադրբեջանի իշխանությունների հարաբերություններն սկսեցին փչանալ։ Ալի Ասաեւի ակտիվ մասնակցությամբ Բաքվում լույս տեսավ Զելիմխան Յանդարբիեւի «Ջիհադ» գիրքը, որում խոսվում էր Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ միասնական իսլամական խալիֆաթ ստեղծելու հեռանկարի մասին։ Գիրքը դուր չեկավ Հեյդար Ալիեւին եւ Բաքվի իշխանություններին, ովքեր նախկինում էլ չէին թաքցնում իրենց անհանգստությունը չեչեն ներկայացուցիչների եւ ադրբեջանցի վահաբականների ակտիվ շփումներից։

Ադրբեջանում չեչեն ներկայացուցիչների դիրքերին ուժգին հարված էր նախագահ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեի հրաժարականը, որը չեչեն անջատողականների գլխավոր լոբբիստն էր Բաքվի պաշտոնական շրջանակներում։

Անցյալ տարի ադրբեջանական իշխանությունները Մոսկվային հանձնեցին 15 չեչեն գրոհայինների, ինչն առավել սրեց Ալի Ասաեւի եւ պաշտոնական Բաքվի հարաբերությունները։ Ասաեւն այդ քայլը հրապարակավ որակեց «դավաճանություն»։ Երբ 2002 թ. հունվարին լուրեր տարածվեցին, թե շուտով փակվելու է Բաքվում Չեչնիայի ներկայացուցչությունը, Ալի Ասաեւն սպառնաց, որ եթե իրեն Բաքվից վտարեն, ապա «Ադրբեջան կվերադառնա որպես ելուզակ»։

«Կոմերսանտի» հետ զրույցում Բաքվում Չեչնիայի ներկայացուցչության մամլո ծառայության ղեկավար Գյուլնարա Ինանջը ասել է, որ «ներկայացուցչությունը փակելու պաշտոնական որեւէ որոշում չի եղել, եւ նա շարունակում է իր բնականոն գործունեությունը»։

Երեկվա համարում «Ազգը», հղում անելով Բաքվի «Զերկալոյին» գրել էր, թե Ռուսաստանի կառավարությունը Մոսկվայում փակել է ԼՂՀ ներկայացուցչությունը, միեւնույն ժամանակ այդ ապատեղեկատվությունը համարելով Բաքվի նետած խայծ։ Նույն «Զերկալոն» հոկտեմբերի 30-ի համարում հերքում է իր իսկ տարածած ապատեղեկատվությունը։ Թերթի հետ զրույցում Մոսկվայում ԼՂՀ նախկին ներկայացուցիչ Արսեն Մելիք-Շահնազարովը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ, միեւնույն ժամանակ զարմանք հայտնելով, թե ինչպես Ադրբեջանը օժանդակում է միջազգային ահաբեկչությանը։ Շամիլ Բասաեւն իր ռազմական արշավն սկսել է Ղարաբաղումՙ կռվելով Ադրբեջանի կողմից։ «Ալ Ղաիդայի» փողերը Չեչնիա են հասել Բաքվի զանազան հիմնադրամների խողովակներով, տասը տարի Ադրբեջանի իշխանություններն աջակցել եւ կերակրել են այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Բասաեւը, աֆղան մոջահեդները։ Ցինիզմ է, երբ հաղորդում են Բաքվում գործող չեչենական ահաբեկչության որջը փակելու լուրը, որը, ինչպես գրում է «Կոմերսանտը», շարունակում է բնականոն գործունեությունը, ասել է Մելիք-Շահնազարովը։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4