Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մուրադ Բոջոլյանը երեկ դատարանում մի ուշագրավ մանրամասն ներկայացրեց։ Ամբաստանյալը նշեց, որ 1992 թ.-ին Հայաստանի ազգային անվտանգության ղեկավար Աշոտ Մանուչարյանն ԱԳՆ-ի Մերձավոր եւ Միջին Արեւելքի բաժնի վարիչ Գենա Հովհաննիսյանի միջոցով Մուրադ Բոջոլյանին առաջարկել է գրավոր կարծիք հայտնել, թե ինչ կլինի, եթե Հայաստանը սկսի ակտիվորեն համագործակցել Քրդական բանվորական կուսակցությանՙ PKK-ի հետ եւ Լաչինի տարածքում Կարմիր Քուրդիստանը վերականգնելու փորձ անի։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ Մուրադ Բոջոլյանը ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի վարիչն էր, ուշադրությամբ հետեւում էր Թուրքիայի ներքաղաքական իրադարձություններին, լավատեղյակ էր թուրքական պաշտոնական տեսակետներին, Թուրքիայում մամուլի հրապարակումներին։ «Քանի որ վերադասի հանձնարարություն էր, Գենա Հովհաննիսյանն իմ կողմից հանձնարարությանը դրական կարծիք տալու կողմնակից էր։ Ես այդ քայլից արկածախնդրության հոտ էի առնում, դրա համար առաջարկեցի, որ Հայաստանի շփումները PKK-ի հետ երբեք չպետք է լինեն պետական մակարդակով եւ նման երեւույթի վնասները շարադրեցի որպես հատուկ կարծիք։ Նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչու ես հանդես եկա հատուկ կարծիքով, ես բացատրություն տվեցի, գործն ընթացք չունեցավ, եւ այդ ուղղությամբ կատարված հետագա քայլերից տեղյակ չեմ։ Հայաստանի եւ PKK-ի հարաբերությունները մեր երկրի համար ազգային անվտանգության հարց էին։ Իմ գործունեության ընթացքում միշտ փորձել եմ ապացուցել, որ Հայաստանում PKK գոյություն չունի», երեկ դատարանում ասաց Մուրադ Բոջոլյանը։ Ամբաստանյալը նաեւ հիշեց 1993 թ.-ի դեպքերը, երբ Թուրքիան առիթ էր փնտրում ներխուժելու Հայաստանՙ մեր երկրում PKK-ի ճամբարներ փնտրելու պատրվակով։
Թ. Հ.