«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2002-10-30 | #198, 2002-10-31 | #199, 2002-11-01


ՄՈՍԿՎԱՆ ԽՆԴՐԵԼ Է ՓԱԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՒ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՉԵՉԵՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թուրքերը չեն պատասխանել, վրացիները «ոչ» են ասել

Մոսկվայի Թատերական կենտրոնի ահաբեկչությունից հետո Մոսկվան պաշտոնապես Անկարային եւ Թբիլիսիին խնդրել է փակել Թուրքիայում ու Վրաստանում գործող չեչենական ներկայացուցչություններըՙ այդ երկրներին հղած նոտաներում մանրամասնելով, որ այսպես կոչված «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցչությունները Չեչնիայում ռուսական դաշնային ուժերի դեմ կռվող չեչեն եւ այլազգի ահաբեկիչներին տրամադրում են ֆինանսական օգնություններ։ Չեչնիայի նախագահ Ասլան Մասխադովը ներկայացուցիչներ ունի տասը երկրներում, այդ թվումՙ Ադրբեջանում։ Տակավին հայտնի չէՙ Մոսկվան պաշտոնապես դիմե՞լ է Բաքվին Ադրբեջանում գործող չեչենական ներկայացուցչությունը փակելու խնդրանքով, ինչպես Վրաստանի եւ Թուրքիայի դեպքում։ Եթե նման խնդրանք լիներ, ապա հավանաբար ռուսական ԶԼՄ-ներն այդ մասին կակնարկեին, հատկապես այս օրերին, երբ չեչենական թեման օրակարգում է։

Բաքուն պաշտոնապես չի հայտարարել, թե փակում է Ադրբեջանում գործող, արդարադատության նախարարությունում մշակութային կենտրոնի անվան տակ գրանցված չեչենական ներկայացուցչությունը։ Պաշտոնական միակ աղբյուրը շարունակում է մնալ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը, որն անցած ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը երախտագիտություն էր արտահայտել Բաքվի իշխանություններին «չեչենական որջը» փակելու առիթով։ Հաջորդ օրն Ադրբեջանում «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցչության մամլո ծառայության ղեկավար Գյուլնարա Ինանջը կտրականապես հերքել է ներկայացուցչությունը փակելու մասին ադրբեջանական եւ ռուսական մամուլի հրապարակումները։ Հոկտեմբերի 29-ի համարում «Վաշինգտոն փոստը» գրել է, որ Մոսկվայի ճնշման տակ Բաքուն արգելել է չեչենական ներկայացուցչության գործունեությունը, բայց թերթը հղում էր արել ռուսական ԶԼՄ-ներին։

Նախքան Թատերական կենտրոնի ողբերգությունը Մոսկվան բազմիցս խնդրել է, դիմել, պահանջել, որպեսզի վրաց իշխանությունները փակեն Վրաստանում «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցչությունը։ Ամեն անգամ Թբիլիսին մի պատճառաբանություն էր ներկայացնում, հատուկ ակնարկելով, որ կկատարվի Մոսկվայի ցանկությունը, եթե Ռուսաստանն ի պատասխան արգելի Մոսկվայում գործող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցչությունները։ Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վլ. Գուդեւը ողբերգությունից մի քանի օր անց հայտարարեց, որ «վրաց իշխանություններին երախտապարտ կլինի», եթե 2002 թ. նոյեմբերին փակվի չեչենական ներկայացուցչությունը։ Վրացական կողմը պատասխանն սպասեցնել չտվեց. փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեն հայտարարեց, որ չեչենական ներկայացուցչությունն արդարադատության նախարարությունում գրանցված չէ, պետական որեւէ պաշտոնյա չի հանդիպում այդ ներկայացուցչության որեւէ աշխատակցի հետ։ Եթե ռուսական կողմը ներկայացնի համապատասխան ապացույցներ, որ «Թբիլիսիի չեչենական ներկայացուցչությունը» հանցավոր գործունեություն է ծավալում, ապա իշխանությունները համապատասխան միջոցների կդիմեն, ասել է Անթաձեն։ Հիշեցման կարգով նշենք, որ ռուսական կողմը բազմիցս ներկայացրել է հանցավոր գործունեությունն ապացուցող փաստեր, սակայն ներկայացուցչությունը ոչ մի րոպե չի փակվել։ Սպասեցնել չտվեց նաեւ չեչենական կողմի արձագանքը. ահաբեկիչները Թբիլիսիին սպառնացին զենքն ուղղել վրացիների դեմ, եթե վրաց իշխանությունները ենթարկվեն ռուսների պահանջին։

Մյուս կողմից, ռուսական «Վրեմյա նովոստեյ» թերթի Թբիլիսիի թղթակիցը հաղորդում է, որ Վրաստանում Ասլան Մասխադովի ներկայացուցիչ Խիզրի Ալդամովի գրասենյակը փակվել է։ Ինքըՙ Ալդամովն ասել է, որ ներկայացուցչությունը չի փակվել, պարզապես փոխվել է հասցեն։ Ալդամովի գրասենյակը գտնվում էր Թբիլիսիի կենտրոնումՙ հացամթերքների կորպորացիայի շենքում, իսկ կորպորացիայի ղեկավարն Անզոր Բուրջանաձեն էՙ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի 50 տարիների մտերիմն ու խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հայրը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, Ռուսաստանը պահանջել է փակել չեչենական մի շարք հիմնադրամներ ու կազմակերպություններ, որոնք կապված են Մոսկվայի Թատերական կենտրոնը զավթած ահաբեկիչների հետ։ Ըստ Ինտերֆաքս գործակալության, խոսքը մասնավորապես «Չեչենա-կովկասյան համերաշխության միության» մասին է։ ՌԴ կառավարությունը պնդում է, որ Թատերական կենտրոնում պատանդներ առեւանգած գրոհայինները հեռախոսազրույցներ են ունեցել մասնավորապես Թուրքիայի բաժանորդների հետ։

Թուրքիայի իշխանությունները դեռ պատասխան չեն տվել ռուսներին։ Իսկ «Չեչենա-կովկասյան համերաշխության միության» փոխնախագահ Մուկտեդիր Իլխանը BBC-ի թղթակցին ասել է, թե իր կազմակերպությունն զբաղվում է լոկ պարենի բաշխմամբ։

Մինչդեռ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Լեբեդը նշել է, որ ահաբեկիչները Թատերական կենտրոնից զանգահարել են Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ Միացյալ Արաբական Էմիություններ։ «Չեչենական հիմնադրամները վաղեմի կապեր ունեն ինչպես չեչեն ահաբեկիչների, այնպես էլ «Ալ Ղաիդայի» հետ, հայտարարել է դեսպանը։ Նրա խոսքերով, այդ հիմնադրամները ֆինանսավորում են չեչեն անջատականներին։

Դեսպանը նաեւ երեսպաշտական է անվանել թուրքական ՉԼՄ-ներում Մոսկվայի ողբերգական դեպքերի լուսաբանումը։ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ հավաստվում է, թե Թուրքիան կողմ է հակաահաբեկչական պայքարին։ Միաժամանակ խոստովանություն է արվում, որ «մի շարք կուսակցությունների հայտարարությունները հարցականի տակ են դնում Թուրքիայի մոտեցումը մոսկովյան ահաբեկչություններին»։

Պատանդների մեջ էր Ինտերֆաքսի աշխատակցուհի Օլգա Չեռնյակը, որը լսել է ահաբեկիչների խոսակցությունը չեչեն ավազակապետ Շամիլ Բասաեւի հետ։ Պատանդներն ահաբեկիչների մի հեռախոսազանգից հետո բջջային հեռախոսի վրա նկատել են Թուրքիայի միջազգային կոդը։

Թուրքիայում չեչենական բավական մեծ գաղութ կա. այդ երկրում մոտ 25 հազար չեչեն է բնակվում։

«Ազգի» միջազգային բաժին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4