«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2002-10-30 | #198, 2002-10-31 | #199, 2002-11-01


ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ԱՌԱՐԿՈՒՄ Է ՈՒԵՔՍԼԵՐԻ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Մ. Նահանգների Կոնգրեսի անդամներին ուղղված նամակներով Ամերիկայի Հայ ազգային (Հայ դատի) կոմիտեն պահանջել է դեմ քվեարկել թուրքական հարցերի խմբավորման նախագահի բանաձեւին, որով փորձ է արվում պաշտպանել Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերը։

«Մենք մեծապես հիասթափված ենք Ուեքսլերի ներկայացրած այս բանաձեւից։ Ամերիկացի ժողովուրդն իր ընտրած ներկայացուցիչների միջոցով չպետք է հավանություն տա մի բանաձեւի, որը պաշտպանում է զինվորականների ղեկավարությամբ առաջնորդվող թուրքական կառավարությանը, որն իր հերթին մարդու իրավունքներն է խախտում իր երկրում, սահմանափակում է փոքրամասնությունների կրոնական ազատությունները, շրջափակման մեջ պահում Հայաստանն ու ԼԵռնային Ղարաբաղը եւ շարունակում Կիպրոսի հյուսիսային մասի զավթումը», ասել է Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Այս առթիվ հրատարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆլորիդայից դեմոկրատ Ռոբերտ Ուեքսլերի պատրաստած բանաձեւում Թուրքիան ներկայացված է որպես Միջին Արեւելքի ժողովրդավարական «պատկառելի» երկրներից մեկը։ Այնտեղ նշված են նաեւ հուլիսի 14-ին Պոլ Վուլֆովիցի խոսքերը, թե «Թուրքիայի անդամակցությունը ոչ միայն Թուրքիայի շահերին է համապատասխանում, այլեւ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների»։ Բանաձեւը պահանջում է հաշվի առնել Թուրքիայի կատարած բարեփոխումները եւ դեկտեմբերի 12¬13-ը Կոպենհագենում կայանալիք Եվրախորհրդի նիստում որոշակի թվական նշանակել անդամակցության բանակցությունները սկսելու համար։ Ուեքսլերի բանաձեւի հովանավորներն են Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոմ Լանտոսն ու Էդ. Ուիտֆիլդը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4