«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2002-10-31 | #199, 2002-11-01 | #200, 2002-11-02


ԱՆԿՅԱԼ «ՀՐԵՇՏԱԿԸ»

«Սատանան անկյալ հրեշտակն է» բնորոշումը, եթե չեմ սխալվում, Տոլստոյն է փոխանցել, եւ նրան դժվար է չհավատալ, որովհետեւ մեծ գրողը մինչեւ վերջին սահմանը երեւի թե փորձել է հասկանալ ու ներել մարդուն։

Մեր ժամանակը, ցավոք, բնավ էլ «մորալիստական» չէ։ Եվ, այդուհանդերձ, «Իրավունք» թերթի մատուցած «սենսացիոն հայտարարությունը», որի հեղինակը գործարարի համարում ունեցող Լեւոն Հայրապետյանն է, նույնիսկ հայ իրականության ամենեւին էլ ոչ բարեկիրթ համապատկերի վրա ակնհայտ չափազանցություն էր, անսպասելիՙ թե՛ բնորոշումների եւ շեշտադրումների ապերասանությամբ, թե՛, հատկապես, հասցեագրման խարդախամտությամբ։ Այն տպավորությունն է ստեղծվում, թե պրն Հայրապետյանը հատուկ «Իրավունքի» համար «ղարաբաղյան ժամացույցն» ուղիղ 3 տարով հետ է տվելՙ ոչ անհայտ այդ պարբերականին տրամադրելով որոճալու համար նյութ, հերթական առասպել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում պետական կառույցները գործարարի դեմ խաչակրաց արշավանք են սկսել։

Ուղղակի ապշեցնող է այդ պարբերականի ու իր ընտրած հերոսի ցինիզմը։ Ասվածը հաստատելու համար բավական է մեջբերել ԼՂՀ կառավարության 1997 թ. նոյեմբերի 28-ի 176-րդ որոշման այս ձեւակերպումը. «Ընդունել ԼՂՀ կառավարության նյութական արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների բաժնի առաջարկությունը եւ Մարտակերտի շրջանի Վանքի արտադրական կոմբինատի արտադրական շինություններըՙ կից տարածքով, անվարձահատույց տրամադրել «ԼԴ» ՓԲԸ-ինՙ վերակառուցման եւ նպատակային օգտագործման համար»։ Իր այս որոշումը ԼՂՀ կառավարությունը հիմնավորել է հանրապետության «տարածքում օտարերկրյա ներդրումների հաշվին արտասահմանյան առաջավոր տեխնոլոգիաների հիման վրա կահույքի եւ փայտե իրերի արտադրության կազմակերպման» անհրաժեշտությամբ։

Պաշտոնապես, ուրեմն, Լեւոն Հայրապետյանի ղարաբաղյան գործարարությունն սկզբնավորվել է Վանքի արտադրական կոմբինատը նրա գլխավորած «ԼԴ» ՓԲԸ-ին անհատույց տրամադրելու մասին ԼՂՀ կառավարության որոշմամբ։ Ուրեմնՙ ի սկզբանե գործարարը եղել է պետության բացառիկ հոգատարության ոլորտում, այլապես աշխատող եւ արտադրանք թողարկող ձեռնարկությունը չէր տրամադրվի մասնավոր անձի, այն էլՙ անհատույց։ Հավանաբար գործարարի խոստումները գրավիչ են թվացել ԼՂՀ կառավարությանը, բայց սա տվյալ պահի հարց չէ։ Շարունակենք հետեւել Լեւոն Հայրապետյանի գործունեությանը։ 2000 թ. մարտի 10-ին «Ատա Վանք Լես» ՓԲԸ տնօրեն Հ. Հովսեփյանը պաշտոնապես ծանուցում է ԼՂՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարարին. «ԼՂՀ կառավարության 1997 թ. նոյեմբերի 28-ի թիվ 176 որոշման համաձայն, Մարտակերտի շրջանի Վանքի արտադրական կոմբինատն անհատույց սեփականաշնորհվել է «ԼԴ» ՓԲԸ-ին, որը պարտավորվել է մինչեւ 1999 թ. դեկտեմբերի 31-ն օբյեկտում կատարել 1.200.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ։

Առ այսօր «ԼԴ» ՓԲԸ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարել եւ, համաձայն առկա տեղեկությունների, հնարավորություն չունի կատարել իր պարտականությունները»։ Այնուհետեւ Հ. Հովսեփյանը (Լ. Հայրապետյանի լիազորած անձ) խնդրում է «անվավեր ճանաչել» «ԼԴ» ՓԲԸ հետ կնքված սեփականաշնորհման պայմանագիրը, օբյեկտը սահմանված կարգով սեփականաշնորհել «Ատա Վանք Լես» ՓԲԸ»ՙ խոստանալով 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարել, ընդ որում 1,2 մլն դոլարնՙ առաջին ամսում։

ԼՂՀ կառավարությունը հարգել է այս խնդրանքը նույնպես, կնքվել է պայմանագիր, բայց ահա 2000 թ. հուլիսի 13-ին ԼՂՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Ա. Աբրահամյանը պաշտոնական նամակով ահազանգում է Հ. Հովսեփյանին. «Վանքի արտադրական կոմբինատի 1998¬1999 թթ. վերակառուցման ծրագրի համաձայն Դուք պարտավորվել եք օբյեկտում կատարել 1.200.000 ԱՄՆ դոլարի ներդրումներ եւ եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքի մասին։ Առ այսօր ստանձնած պարտավորությունների կատարման մասին տեղեկություն Ձեր կողմից չի ներկայացվել։ Խնդրում եմ 10 օրվա ընթացքում ներկայացնել գրավոր հաշվետվություն ծրագրով սահմանված պարտավորությունների կատարման մասին»։ Պատասխանը եղել է խորհրդավոր լռություն։ Նույն պահանջ-խնդրանքով նամակ Լեւոն Հայրապետյանին հղվել է նաեւ 2001 թ. մարտի 1-ին, որը նույնպես մնացել է անպատասխան։ Ահա եւ քեզ «հայրենասեր գործարար-բարերարի» վերաբերմունք հայրենի պետության նկատմամբ. մարդը զլանում է տեղեկացնել, թե ստանձնած պայմանագրային պարտավորություններից ի՞նչ եւ ո՞ր ծավալով է կատարել։ Այսինքնՙ արհամարհում է պետությունը եւ պետական կառույցները, ի դեմս նրանցՙ ամբողջ ժողովրդին, որի ունեցվածքի մի մասի անհատույց տնօրինությամբ է սկսել իր ձեռնարկատիրական գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։

Մի՞թե սա աշխարհ տեսած մարդու վերաբերմունք է։ Լավագույն ցանկությամբ անգամ դժվար է հավատալ, թե նա երբեւէ որեւէ երկրում եղել կամ կարող է լինել բարեխիղճ գործարար, օրինապաշտ հարկատու, որովհետեւ անցած տարիներին ԼՂՀ-ում հասցրել է կուտակել ընդհանուր հաշվով 136 մլն 483 հազար 800 դրամի հարկային պարտքերՙ տույժով եւ տուգանքով հանդերձ։ Սա՞ է հայրենասիրությունը, թե այն, որ փաստացի վճարելով 91 մլն դրամ աշխատավարձ, հաշվապահականՙ երկրորդ փաստաթղթերով ցույց է տալիս 10 անգամ նվազ գումար, հրաժարվում անգամ սոցիալական ապահովության վճարումներից, այսինքնՙ չի փոխանցում այն փողերը, որոնցից գոյանում է ԼՂՀ կենսաթոշակային հիմնադրամըՙ ծերերի, հաշմանդամների, զոհվածների ընտանիքների եկամտի աղբյուրը։ Սա ի՞նչ է, մի՞թե հայրենասիրություն։ Ոչ, դա պարզ անպարկեշտություն է, եթե ավելին չասվի, իսկ այն, որ Լեւոն Հայրապետյանը զլանում է վճարել սպառած էլեկտրաէներգիայի, ծառահատման դիմացՙ սա գործարարության եւ, առավել եւս, բարեգործության հետ ի՞նչ հեռավոր առնչություն ունի։

Այս ամենը կատարվել է։ Եվ բազմաթիվ բողոքներ նույնպես արտահայտվել են, այդ թվումՙ Ազգային ժողովի ամբիոնից։ Պատգամավորները քննադատության են ենթարկել հարկային մարմիններին, անտառտնտեսությանը, բնության պաշտպանության վարչությանը։ Պետությունը չէր կարող աչք փակել այդ ամենի վրա։ Նա պարտավոր էր գործարարին հիշեցնել իր պարտավորությունները, իսկ Լեւոն Հայրապետյանը չպետք է թույլ տար, որ գործարարի իր նախապես հարգված անունն արատավորվեր զանազան մանր ու մեծ թերացումների, հարկերից չարամտորեն խուսափելու մասին տարածված լուրերով։

Իհարկե, ցավալի է, երբ մարդ հայտնվում է նման վիճակում, բայց պետությունը բնավ էլ մեղավոր չէ։ Ավելինՙ առկա փաստաթղթերը վկայում են, որ ԼՂՀ կառավարությունը մինչեւ վերջին պահը փորձել է փրկել Լեւոն Հայրապետյանի գործն ու բարի համբավը։ Ավաղ, այդ բարեկիրթ կոչին ընդառաջ գնալու փոխարեն նա ընտրել է առճակատման անպտուղ ճանապարհը ու, ինչպես պարզվում է, կորցնում է նաեւ բարոյական նկարագիրը։

Պետության եւ իշխանությունների հետ նա խոսում է ոչ թե օրենքի, այլ ամբարտավանության լեզվով, որը, թերեւս, ավելի հոգեհարազատ է իրեն։ Ի՞նչ կարող ես ասել, եթե մարդն իրեն թույլ է տալիս հարազատ գյուղի կանանց առաջ «վայրի լողափ» ցուցադրել կամ ստիպել, որ արտադրական տարածքի աղբն ու կեղտը բանվորները մաքրեն ձեռքով, եթե նրա խանութում գներն ավելի բարձր են, մթերքները տրվում են աշխատավարձի հաշվին, իսկ ինքը հայտարարում է, թե բացել է անվճար-բարեգործական ճաշարան, ապա երեւի իրոք նա արդեն «անկյալ հրեշտակ է»։

Եվ վերջին նկատառումը. անցած 4¬5 տարում Լեւոն Հայրապետյանը բազմաթիվ արկածային սյուժեներ է շրջանառության մեջ դրել հարազատ գյուղի ապագայի մասին, բայց առ այսօր Վանքի դպրոցի 240 աշակերտներ 10¬12 դասասենյակում են ծվարում։ Բարեկիրթ բարերարը, եթե նրան իրոք գյուղի ապագան է հուզում, գյուղամիջյան հեղեղաջրերի վրա անիմաստ «ջրաշխարհ» կառուցելու փոխարեն երեւի կհոգար դպրոցականների տարրական կարիքները, կկառուցեր գոնե մի մարզադահլիճ կամ դպրոցին կնվիրեր 1¬2 համակարգիչ, որ երեխաները տեղյակ լինեին աշխարհի անցուդարձին, կամ գոնե կլուծեր հեռախոսային կապի, խմելու ջրի, մի խոսքովՙ որեւէ սոցիալական հարց։ Փոխարենն իր համար նա ստեղծել է, երեւի, Լաս Վեգասի մանրակերտնՙ արտադրական կոմբինատի տարածքում, ուր սովորական մահկանացուները մուտք չունեն։

Իրոք որ ցավալի է։ Մխիթարականն այն կլինի, որ ԼՂՀ կառավարությունը ձեռնարկի օրենքով նախատեսված քայլեր, որպեսզի արտադրությունը կանգ չառնի, մարդիկ ստանան իրենց հասանելիք աշխատավարձը, որ Լեւոն Հայրապետյանն արդեն չորրորդ ամիսն է, երեւի միտումնավոր, չի վճարում։ Կարծում եմՙ կգտնվի խնդրի արմատական լուծումն այնպես, որ չտուժի ոչ պետությունը, ոչ Լեւոն Հայրապետյանը, ոչ էլ, առավել եւս, ձեռնարկության աշխատողների շահը։

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Առաջաձորի թիվ 30 ընտրատարածք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4