Վերջերս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանը նշանակվեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ։ Այս նոր պաշտոնին զուգահեռ հայր սուրբը շարունակում է նաեւ կատարել տեսչի պարտականությունները Սեւանի Վազգենյան դպրանոցում։ Սույն հարցազրույցը, որ արվել է մինչ Հայր Բագրատի նոր նշանակումը, տեսչական եռամյա գործունեության յուրօրինակ ամփոփում է։
12 տարի առաջ երջանկահիշատակ Վազգեն Ա հայրապետի օրհնությամբ ու այն ժամանակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի համարձակ նախաձեռնությամբ Սեւանա կղզում հիմնադրվեց Վազգենյան հոգեւոր դպրանոցը։ Ինչպես վերհիշում են առաջին սերնդի ուսանողները, սկիզբը չափազանց դժվար էր։ Ավելի քան հարյուրամյակ առաջ Սեւանա կղզում Խրիմյան Հայրիկի կառուցած հոգեւոր ընծայարանի շենքը ծառայում էր եւ՛ որպես դպրանոց, եւ՛ որպես կացարանՙ զուրկ կենցաղային տարրական պայմաններից։ Եվ սակայն նման պայմաններում դպրանոցը 1996 թ. տվեց իր առաջին 9 շրջանավարտները։
Այսօր արդեն հաղթահարված են ոչ վաղ անցյալի դժվարությունները, եւ Վազգենյան դպրանոցը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի կողքին դարձել է Հայ եկեղեցու կարեւոր կրթօջախներից մեկը։ Գարեգին Բ կաթողիկոսի ընտրությունից հետո այն գործում է Սբ. Էջմիածնի տնօրինության ներքո։ Հնգամյա դպրանոցի կրթական ծրագիրն ամբողջությամբ համապատասխանեցված է Գեւորգյան ճեմարանի առաջին 5 լսարաններին։ Ավարտելով դպրանոցըՙ վազգենյանցիներն ամբողջացնում են իրենց ուսումը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 6-րդ լսարանում եւ ապա համալրում Հայ եկեղեցու սպասավորների շարքերը։ «Այսօր այլեւս ականատեսը չենք անցյալի դժվարությունների եւ ուսումնական ու հոգեւոր-աղոթական կյանքն է, որ ցանկանում ենք հիմնավորապես զարգացնել Սեւանա անապատում, ուր այսօր ուսանում է 5 տասնյակից ավելի ուսանող», ասում է դպրանոցի տեսուչը։
Այս տարի, շնորհիվ Հայ եկեղեցու նվիրյալ բարերարների, բացվեց դպրանոցի կացարանային նոր մասնաշենքըՙ 110 ուսանողի համար։ Առաջիկայում կսրբագործվի նաեւ նորակառույց Սբ. Հակոբ մատուռը։
¬ Հայր Սուրբ, ի՞նչ հիմնական պահանջներ են դրվում Վազգենյան դպրանոցի ուսանողության առջեւ։ Ինչպիսի՞ն պետք է լինի դպրանոցի ուսանողը։
¬ Չէի ցանկանա բառեր շռայլել։ Այդ մասին Պողոս առաքյալն է ասումՙ պարկեշտ, խոնարհ, ուսումնատենչ, աղոթական։ Բնականաբար, դպրանոցն իր տեղանքով լինելով առանձնացված, հատկապես երկարատեւ ձմռան ամիսներին, ավելի շատ ընկալվում է որպես վանական հաստատություն։ Սեւանա վանքը, որ ժամանակին հռչակված է եղել մեր եկեղեցու կյանքում, լեցուն է անանուն վարդապետների, վանականների աղոթքով։ Այդ մթնոլորտը մեր կամքից անկախ ու մեր գիտակցությունից դուրս ներազդում է բոլորիս մտքերի ու հոգիների վրա։ Եվ վազգենյանցին էլ, ինչպիսին որ եղած լինի մինչ դպրանոց գալը, վստահ եմ, որ ապրելով նման մթնոլորտում, շատ կարճ ժամանակում իր մտածողությամբ վերափոխվում եւ դառնում է այնպիսին, ինչպիսին պետք է լինի յուրաքանչյուր հոգեւոր հաստատության սանՙ այն ըմբռնումով, որ դպրանոցը, սոսկ ուսումնական հաստատություն լինելուց ավելին է մեզ համար։ Վազգենյանցիներիս համար մեր դպրանոցը մեր տունն է։
¬ Այս տարի դպրանոցի 5-րդ լսարանն ավարտեց 8 ուսանող։ Մինչդեռ ընդունվողների թիվը շատ ավելին է։ Տպավորություն է ստեղծվում, որ մի մասը չի կարողանում հարմարվել դպրանոցի կյանքին։
¬ Բնականաբար ուսման ընթացքում, հատկապես առաջին 1¬2 ամսում, ոմանք, չկարողանալով հարմարվել հոգեւոր դպրանոցի պահանջներին, հեռանում են։ Ցավոք սրտի, լինում են նաեւ դեպքեր, երբ ուսանողը հեռացվում է տեսչության կողմից։
¬ Նկատի ունենալով, որ դպրանոցի կրթական ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է Գեւորգյան ճեմարանի առաջին 5 լսարանների ծրագրին, նախատեսվո՞ւմ է արդյոք դպրանոցում բացել 6-րդ լսարան եւ դրանով դարձնել լրիվ բարձրագույն ուսումնական հաստատություն։
¬ Վազգենյան դպրանոցի շրջանավարտների ուսումնառությունը Գեւորգյան ճեմարանի 6-րդ լսարանում մեկ նպատակ ունի. որպեսզի ավարտական տարում ուսանողը կարողանա ապրել Սբ. Էջմիածնի շնչով եւ իր հարազատությունն ու կապվածությունը զգա Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ։ Այս առումով է, որ Սեւանա վանքում 6-րդ լսարան բացելու անհրաժեշտություն չկա։
¬ Հայաստանում Սեւանի Սբ. Առաքելոց եկեղեցին, թերեւս, միակն է, որտեղ ամեն կիրակի հնչում է միայն կոմիտասյան պատարագըՙ դպրանոցի «Լուսավորիչ» երգչախմբի երգեցողությամբ։ Այս տարի երգչախումբն առաջին անգամ բարձրացավ նաեւ պրոֆեսիոնալ բեմՙ Կոմիտասի անվան կամերային երաժշտության սրահում։ Ինչպե՞ս է ստեղծվել երգչախումբը եւ ի՞նչ ծրագրեր կան։
¬ Նշանակվելով Վազգենյան դպրանոցի տեսուչ, երբ առաջին անգամ եկեղեցում լսեցի տղաների երգեցողությունը, կոչեցի նրանց բազմաձայն երգչախումբ կազմելու։ Առաջին պայմանը եղավՙ կարճ ժամանակում սովորել կոմիտասյան պատարագը։ Ուսանողությունն ընդառաջ գնաց այս կոչին, եւ դպրանոցի սաների մասնակցությամբ ու նրանց ջանքերով էր, որ «Լուսավորիչ»-ը կյանքի կոչվեց։ Տղաները հոգեւոր երգի կրողներ են, եւ նրանց երգը բացի համերգային կամ սկավառակային տեսք ունենալուց, մշտապես հնչում է եկեղեցում։ Մեկ տարվա ընթացքում կարողացել ենք թողարկել լազերային սկավառակՙ Կոմիտասի «Պատարագ»-ը, որ ձայնագրվեց Մայր տաճարում Տ. Հովնան արք. Տերտերյանի հովանավորությամբ։ Ձայնագրել ենք նաեւ շարականների ընտրանի, որի հրապարակմանը դեռ սպասում ենք։ Մտածում ենք նաեւ այս գործը շարունակական դարձնելու մասին։
¬ Դպրանոցը թերեւս բացառություն է նաեւ իր օժանդակ տնտեսության գոյությամբ։
¬ 2000 թ. դպրանոցին կից, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան գրասենյակի ակտիվ մասնակցությամբ, հաստատվեց մսամթերքների եւ կաթնամթերքների օժանդակ տնտեսություն։ Նպատակն էր սեփական արտադրանքով բավարարել սննդի որոշ կարիքներ։ Սակայն մենք չենք ուզում սոսկ սպառողական իմաստով մոտենալ այս գործին։ Օժանդակ տնտեսությունը լավագույն առիթ է գործնական կերպով արտահայտելու արարչագործության հանդեպ մեր պատասխանատվությունը։ Եվ մեզ համար առաջին հերթին այդ նշանակությունն ունի։ Այս տարի ճեմարանի դասավանդման ցուցակում մտցված է «կանաչ աստվածաբանություն» պայմանականորեն անվանված առարկան, որն իր բովանդակությամբ նշանակում է մարդու պատասխանատվությունը բնության, արարչագործության հանդեպ։
¬ Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք։
¬ Մեր բոլոր ծրագրերն իրականացվել ու իրականացվում են դպրանոցի հիմնադիր հորՙ Վեհափառ հայրապետի օրհնությամբ։ Այսօր կացարանային նոր մասնաշենքի գործարկմամբ գրադարանն ընդարձակելու հնարավորություն է ստեղծվել, եւ կամենում ենք կարելիության սահմաններում վերականգնել Սեւանի հռչակված մատենադարանըՙ վերահաստատելով այն բարի ավանդույթը, որ եղել է Սեւանի վանքումՙ իբրեւ միջնադարյան կարեւոր գրչության կենտրոն։ Անցած տարի դպրանոցի ջանքերով լույս տեսավ «Սբ. Առաքելոց» տարեգիրքը։ Կամենում ենք տարեգրքի հրապարակումը դարձնել շարունակական, արդեն երկրորդ համարը մոտ օրերս լույս կտեսնի։ Ցանկանում ենք այլ հրատարակություններ եւս ունենալ, հիմնել նաեւ հրատարակչությունՙ Սբ. Կարապետ անունով։ Եվ Աստծո կամոք դա էլ կլինի։
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ