«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2002-10-31 | #199, 2002-11-01 | #200, 2002-11-02


«ԱՐԱՐԱՏԻ» ՇՌՆԴԱԼԻՑ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՕՏՏԱՎԱՅՈՒՄ

Հոկտեմբերի 29-ին Օտտավայի (Կանադա) Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել, ըստ ստացված տեղեկությունների, կանադական ազգային ժառանգության պահպանման նախարար Շեյլա Կոպսը, այլ նախարարներ, խորհրդարանի անդամներ եւ դիվանագիտական մարմնի ներկայացուցիչներ։

Մոնրեալից, Տորոնտոյից եւ Օտտավայից հայ համայնքների ներկայացուցիչների, օտարերկրյա հյուրերի, ինչպես նաեւ ռեժիսոր Էգոյանի, դերասաններ Արսինե Խանջյանի եւ Դեյվիդ Ալպայի առաջ ելույթ ունենալով, նախարար Կոպսը բարձր է գնահատել խորհրդարանական Սարգիս Ասատուրյանի եւ հայազգի ռեժիսորի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում եւ Կանադայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն։

«Չափազանց ուրախ եմ, որ «Արարատը» նման շռնդալից հաջողության արժանացավ Օտտավայում։ Վստահ եմ, որ այս ֆիլմը բազմապատկելու է մեր ջանքերը ցեղասպանության ճանաչման գործում։ Այսօր մենք շատ ավելի մոտ ենք այդ նպատակին, քան երբեւէ։ Շնորհակալություն եմ հայտնում Ատոմ եւ Արսինե Էգոյաններին», այդ առթիվ ասել է Սարգիս Ասատուրյանը։

Ավելացնենք, որ նոյեմբերի 17-ին «Արարատը» ցուցադրվելու է Լոնդոնի ֆիլմերի փառատոնում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4