Շախմատի համաշխարհային օլիմպիադան հատեց «հասարակածը»։ Նախորդ տուրում մրցաշարային աղյուսակում դիրքերը զիջած Հայաստանի շախմատիստներն ուժերը չափեցին Բելառուսի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ-ոքի (2¬2)։ Մեր թիմին հաղթական միավոր պարգեւեց Գաբրիել Սարգսյանըՙ պարտության մատնելով Կովալյովին։ Հակոբյան-Ալեքսանդրով եւ Ֆյոդորով-Ասրյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։ Անաստասյանը սեւերով զիջեց Ազարովինՙ կրելով օլիմպիադայում առաջին պարտությունը։ 7 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 18,5 միավոր։ Մեր շախմատիստներից մրցաշարի առաջին կեսում բոլորից հաջող է հանդես եկել Վլադիմիր Հակոբյանըՙ 6 հնարավորից վաստակելով 4 միավոր։ 2-րդ ցուցանիշը պատկանում է Կարեն Ասրյանինՙ 3,5 (6-ից)։ Բարձր արդյունք ունի նաեւ Սմբատ Լպուտյանը, որն անցկացրած 4 պարտիաներում վաստակել է 3 միավոր։ Վերը նշված այս շախմատիստներն առայժմ անպարտելի են։ Մեր մյուս եռյակի ցուցանիշներն այսպիսին են. Աշոտ Անաստասյանՙ 3 (4-ից), Գաբրիել Սարգսյանՙ 3 (5-ից), Արտաշես Մինասյանՙ 2 (3-ից)։
Առաջատարըՙ Ռուսաստանի ընտրանին, կրկին վստահ հաղթանակ տոնեցՙ առավելության հասնելով լեհերի նկատմամբ (3։1)։ Առաջատարների խմբում ընդգրկված թիմերի հանդիպումների արդյունքներն են. Հոլանդիա-Անգլիաՙ 3¬1, Ուկրաինա-Վրաստանՙ 1,5¬2,5, Հունգարիա-Սլովենիաՙ 3,5¬0,5, Չեխիա-Ռումինիաՙ 2։2։ Մրցաշարային իրավիճակն այսպիսին էՙ 1. Ռուսաստանՙ 21,5, 2¬4. Հոլանդիա, Ռումինիա, Հունգարիաՙ 19-ական, 5¬8. Հայաստան, Չեխիա, Վրաստան, Բելառուսՙ 18,5-ական, 9. Լեհաստանՙ 18, 10. Ուկրաինաՙ 17,5։
Հայաստանի կանանց հավաքականը մրցում էր Մոնղոլիայի ընտրանու հետ։ Էլինա Դանիելյանը հաղթեց մրցակցուհուն, Գալոյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի։ Լիլիթ Մկրտչյանի հանդիպումը դեռ շարունակվում էր եւ պարտիայի հավանական ելքը ոչ-ոքին է։ Տուրի կենտրոնական հանդիպումը առաջատարներիՙ Վրաստանի եւ Ռուսաստանի շախմատիստուհիների միջեւ ավարտվեց ոչ-ոքի (1,5¬1,5)։ Իսկ ահա, Չինաստանի ընտրանին 3¬0 հաշվով հաղթեց ֆրանսուհիներին։ Գերմանիա-Ռումինիա մրցախաղում եւս ուժերը հավասար էին (1,5¬1,5)։ 7 տուրից հետո առաջատարը Վրաստանի հավաքականն էՙ 16,5 միավոր, որին կես միավորով են զիջում չին շախմատիստուհիները։ Երրորդը ՌԴ հավաքականն էՙ 15 միավոր։