Թուրքիայում օրակարգի առաջնահերթ խնդիրը նոյեմբերի 3-ին նշանակված խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններն են։ Դրանք, ինչ խոսք, նախընտրական քարոզարշավ են ենթադրում, իսկ դա անխուսափելի է դարձնում ընտրություններին մասնակցող 18 կուսակցությունների միջեւ անհաշտ մրցապայքարի ծավալումը։
Հատկանշական է, որ չնայած նախընտրական պայքարի կատաղի բնույթին, երկրում չեն դադարում Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների շուրջ ծավալվող աշխույժ քննարկումները։ «Ազգը» հոկտեմբերի 29-ի համարում թարգմանաբար հրապարակեց «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանիՙ այդ հարաբերություններին նվիրված հոդվածը, որտեղ նա գրում է, որ ԵՄ-ը, բարեբախտաբար, ոչ խաբվեց թուրքական խորհրդարանի վերջին շրջանում հապճեպ ընդունած որոշումներից, ոչ էլ ենթարկվեց Բուշի վարչակարգի ճնշումներին։
Որոշումների պարագայում խոսքը ԵՄ-ի հետ ներդաշնակության օրենքների մասին է, որոնք, արժանանալով Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի հավանությանը, ս. թ. օգոստոսի 9-ին պաշտոնապես հրապարակվել եւ մտել էին ուժի մեջ։ Սակայն դրան առարկել էր կառավարության մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցությունը եւ ներդաշնակության օրենքները չեղյալ հայտարարելու պահանջով Սահմանադրական դատարան դիմել։
Դիմումին ընթացք չտրվեց։ Բայց եւ այնպես, Ազգայնական շարժում կուսակցության վերոհիշյալ պահանջը սկսեցին անխնա շահարկել նրա մրցակիցները, որի հետեւանքով ընտրություններին մասնակցող կուսակցությունները ենթարկվեցին յուրատեսակ տարբերակման։ ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքը դարձավ դրա չափանիշը։ Շահարկումներին թափ հաղորդեցին թուրքական կենտրոնական մամուլի հրապարակումները։ Այսպիսով, կատարվեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կողմնակից կուսակցությունների մինչ այդ անորոշ տարանջատումը դրա հակառակորդներից։
Ի դեպ, երկրում հակառակորդների թվին իսլամական «Երջանկություն» կուսակցության հետ սկսեցին դասել նաեւ թուրք իսլամականների բարենորոգչական թեւը ներկայացնող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, որն ի սկզբանե հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում ամեն կերպ կնպաստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը։ ԵՄ-ին հակառակորդ կուսակցությունների տարանջատումը մյուսներից, ինչ խոսք, չէր կարող վրիպել եվրոպական երկրների ուշադրությունից։ Դեռեւս հոկտեմբերի 9-ին հրապարակված 161 էջանոց զեկույցը, որտեղ մանրամասն շարադրվում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար որոշակի ժամկետ չնշանակելու պատճառաբանությունները, մասամբ պայմանավորվում են այդ տարանջատումով։
Այս ամենի առումով պատահական չէր զեկուցագրի առնչությամբ վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հայտարարությունը. «ԵՄ-ը Թուրքիային անդամակցության ժամկետ չնշանակեց, որովհետեւ սպասում է ընտրությունների արդյունքներին, որպեսզի համոզվիՙ երկրում իշխանության աշխարհիկ կարգերի կողմնակիցնե՞րն են գալիս, թե՞ այդ կարգերին լուրջ վտանգ ներկայացնող իսլամականները»։
Էջեւիթի խոսքերն ուղղված էին թուրք ընտրողներին, որոնց թիվը հասնում է 43 միլիոնի։ Դա ավելի քան պատահական չէր, որովհետեւ սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրություններում հաղթանակի հասնելու «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հնարավորությունները, ի տարբերություն մյուսների, անչափ մեծ են։ Ինչ վերաբերում է անդամակցության համար Թուրքիային ժամկետ չնշանակելու պատճառաբանություններին, որոնց մանրամասն անդրադառնում է Սասունյանը, ապա դրանք գլխավորապես վերաբերում են Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին, երկրում ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբավորումների սահմանադրական իրավունքների ոտնահարումներին եւ Կիպրոսի հարցում թուրքական իշխանությունների անհաշտ դիրքորոշմանը։
ԵՄ-ի զեկուցագրում տեղ գտած այդ պատճառաբանություններն էլ պետք է ուղղված լինեն միջազգային հանրությանը։ Հարկ է, սակայն, նշել, որ անդամակցության համար Թուրքիային ժամկետ չնշանակելը, բացի պատճառաբանություններից, նաեւ պատճառներ ունի։ Դրանցից կարելի է առանձնացնել ԱՄՆ-ի հետ հետզհետե սրվող տարաձայնությունները, որոնց առկայությամբ եվրոպական երկրները չեն ցանկանում, հանձին Թուրքիայի, ԵՄ-ի կազմում տեսնել ամերիկյան շահերն արտահայտող եւս մեկ երկիր, ինչպիսին Անգլիան է։ Եվրոպական երկրներին լրջորեն մտահոգում է Թուրքիայից դեպի Եվրոպա աշխատուժի ենթադրվող արտահոսքն ահռելի մասշտաբներով եւ վերջապեսՙ ԱՄՆ-ի միանձնյա ներկայության պայմաններում թուրքական պետության միջոցով ինչպես Անդրկովկաս, այնպես էլ Մերձավոր ու Միջին Արեւելք ներթափանցելու հեռանկարի գրեթե բացակայությունն իրենց համար։
Հարցը, սակայն, սոսկ ԵՄ-ին անդամակցության ժամկետը չէ, այլեւ Թուրքիայի նկատմամբ եվրոպական երկրների ռազմավարությունը, որի հիմքում ընկած է նրանՙ առանց Եվրոպայից օտարելու եւ Եվրամիության կազմում ընդգրկելու, ուղեծրում պահելու առաջադրանքը։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 3-ին Մեջլիսի վաղաժամկետ ընտրություններում ԵՄ-ին հակառակորդ կուսակցությունների հաղթանակի դեպքում այս ռազմավարությունն իմաստը կորցնում է, անչափ դժվարանում է Թուրքիային ԵՄ-ի ուղեծրում պահելը, ինչը եվրոպական երկրներին դնում է նրա հետ հարաբերություններում նոր ռազմավարություն մշակելու հարկադրանքի տակ։
ԵՄ-ի շուրջ ծավալվող աշխույժ քննարկումները, որոնցում հակասական կարծիքներ են արտահայտվում, եվրոպական երկրներին ստիպեցին ուշի-ուշով հետեւելու Թուրքիայում ծավալվող քարոզարշավին։ Եվրոպական այդ կառույցին անդամակցության կողմնակիցներին եւ նրանց հակառակորդների անհաշտ պայքարը դարձավ դրա առանձնահատկությունը։ Կասկածից վեր է, որ այս պայքարն իր ազդեցությունը կթողնի Մեջլիսի ընտրությունների վրա, իսկ ընտրություններում հաղթող կուսակցությունները գալով իշխանությանՙ նոր կառավարություն ձեւավորելիս մեծապես կկանխորոշեն ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների ընթացքը։
Ահա թե ինչու նախընտրական քարոզարշավի պայմաններում, երբ օրակարգի առաջնահերթ խնդիրը ընտրություններն են, Թուրքիայում ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ աշխույժ քննարկումները չեն դադարել, եւ իշխանության համար մղվող պայքարում զգալի դեր են խաղացել քաղաքական կուսակցությունների մոտեցումներն այդ հարաբերություններին։ Ուրեմն, ընտրությունները կարեւոր են ոչ միայն նոր իշխանություններ ձեւավորելու, այլեւ ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի դիրքորոշումը ճշգրտելու առումով։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ