«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2002-11-01 | #200, 2002-11-02 | #201, 2002-11-05


ՄԻԽԱՅԻԼ ԿԱՍՅԱՆՈՎԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Պաշտոնական այցով նոյեմբերի 4-ին Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովը։ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ վարչապետին դիմավորեցին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ կառավարության այլ անդամներ։ Դիմավորողների թվում ռուսական կողմից ներկա էր նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Այցի ընթացքում նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում Հայաստանի մի շարք ձեռնարկություններ մոտ 100 մլն դոլարի չափով պարտքի մարման հաշվին Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ։

Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի պարտքը «ամբողջությամբ, 100%-ով կփակվի ձեռնարկությունների հանձնմամբ»։ Նա նշեց, որ այդ ձեռնարկությունների ցանկը վերջնականապես համաձայնեցված է։ «Դրա հետ կապված որեւէ խնդիր գոյություն չունի։ Վստահ եմ, որ մինչեւ վաղն էլ դրանք չեն լինի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Մ. Կասյանովը գոհունակություն հայտնեց այն առթիվ, թե ինչպես են զարգանում ռուս-հայկական հարաբերությունները վերջին երկու տարիներին։ Այդ առնչությամբ նա հատուկ նշեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Ռուսաստան։ Ըստ ՌԴ վարչապետի, եկել է ժամանակը լրջորեն զբաղվելու տնտեսական հարցերով։

Մ. Կասյանովը նաեւ այն համոզմունքը հայտնեց, որ սկզբունքային խնդիրներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չկան։ Առաջիկա բանակցությունների որոշ մանրամասներ կքննարկվեն Միխայիլ Կասյանովի եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպման ժամանակ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4