«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2002-11-01 | #200, 2002-11-02 | #201, 2002-11-05


ԲՐԻՏԱՆԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Նոյեմբերի 2-3-ը ճանաչողական այցով Արցախում էին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի մի խումբ պատգամավորներ, որոնց ուղեկցում էր փոխխոսնակ Քերոլայն Քոքսը։

ԼՂՀ խորհրդարանի շենքում լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսում համառոտ ներկայացնելով խմբի անդամներին (լորդ Շենոն, Համայնքների պալատի անդամներ Ռոբերտ Վեերինգ, Ջեյն Գրիֆիտս եւ խորհրդարանի բրիտանա-հայկական բարեկամության խմբի քարտուղար Օդետ Բազիլ), բարոնուհի Քոքսը ներկաներին իրազեկեց, որ երկօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտում, այդ թվումՙ ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի, ԱԺ նախագահ Օ. Եսայանի, վարչապետ Ա. Դանիելյանի, հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության նորանշանակ ղեկավար Ա. Ղուլյանի հետ եւ ամենուր արժանացել ջերմ ընդունելության։ Բարոնուհին հատկապես կարեւորեց իրենց հանդիպումներն ու զրույցները ինչպես Ադրբեջանից բռնագաղթած, այնպես էլ Արցախի գրավյալ տարածքներից տարագրված փախստականների հետ։ Ընտանիքներ, որոնք մազապուրծ հանգրվանել են Ստեփանակերտում եւ Շուշիում, հանրապետության այլ բնակավայրերում։

Խորհրդարանականները սիրով պատասխանեցին լրագրողների ամենատարբեր հարցերին։ Հատկանշական է, որ Ռ. Վեերինգը (նա ներկայացնում է բրիտանա-ադրբեջանական խորհրդարանական խումբն ու բազմիցս եղել է Ադրբեջանում) չթաքցրեց, որ իր տպավորություններն ադրբեջանցի փախստականների ճամբարից խիստ բացասական են։ Վերջերս պարոն Վեերինգը եղել է Իրանին գրեթե սահմանամերձ ադրբեջանական մի ճամբարում, ուր փախստականներն ապրում են կավաշեն տնակներում։ Մարդկանց սոցիալական ծանր վիճակը ցնցել էր նրան։ «Մայիսյան հեղեղները փլուզել էին փախստականների կացարանները, եւ այժմ վերջիններս գտնվում են աղետալի, ողբերգական վիճակում»։ Բրիտանացի խորհրդարանականին ապշեցրել է, սակայն, որ ադրբեջանական իշխանությունները անտարբեր են նշված փաստի նկատմամբ, ու միջոցներ չեն ձեռնարկում աղետյալներին օգնելու։ Պարոն Վեերինգը նշեց, որ նախագահ Ա. Ղուկասյանի հետ այդ առնչությամբ ունեցած զրույցի ժամանակ ԼՂՀ ղեկավարն ադրբեջանական իշխանությունների նման վերաբերմունքը գնահատել է «իբրեւ ծրագրված դիտավորություն», կամ պարզապես «խնամքով մշակված» մի ծրագիր, որն, իր հերթին, քաղաքական շահաբաժիններ կորզելու միտում ունի։

Բրիտանական Համայնքների պալատի ներկայացուցիչը միաժամանակ շեշտեց, որ նավթի իրացումից գոյացած հսկայական գումարներով (այդ թվումՙ բրիտանական նավթընկերությունների օժանդակությամբ ստացած եկամուտներով) կարելի է որոշակիորեն թեթեւացնել փախստականների խնդիրները։ Սակայն, չգիտես ինչու, Բաքվին «ձեռ է տալիս» անտարբերությունը։ Համեմատելով ադրբեջանցի եւ հայ փախստականների իրական վիճակը, Ռ. Վեերինգը միանշանակ դատապարտելի է նման խորհրդավոր լռությունը։ Ավելին, նա գտնում է, որ անկախ ամեն ինչից, թշվառ մարդկանց օգնել է պետք։ Պարոն Վեերինգը հավաստիացրեց, որ Լոնդոն վերադառնալուց ինքն անպայման կնպաստի «բրիտանական կառավարության կողմից այդ ցավոտ խնդրի վերաբերյալ» հավասարակշռված վերաբերմունքի դրսեւորմանը։ Նա հատկապես ընդգծեց առաջնահերթ օգնությունների տրամադրմանն ուղղված հարցերի հստակ համակարգման անհրաժեշտությունը։

Լրագրողների հետ ունեցած հանդիպմանն իր նկատառումները հայտնեց նաեւ լորդ Շենոնը (վերջինս բրիտանա-հայկական խմբի հիմնադիրն է)։ Նա եւս տարիներ առաջ պատվիրակության կազմում եղել է Բաքվում եւ երկրի ղեկավարների հետ ունեցած երկխոսությունից եզրակացրել է, որ «ադրբեջանական կողմի հետ» շփումների հեռանկար չի տեսնում։

Նա դրական գնահատեց այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում։ Լորդերի պալատի ներկայացուցիչը շեշտեց, որ «այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ երկրներում միջազգային օգնություններն ուղղակի մսխվում են, իսկ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում նման միտում չի զգացվում»։ Լորդ Շենոնը միաժամանակ ավելացրեց, որ իրենց գոհացնում է այն հանգամանքը, որ երկրում հակված են ոչ թե դրամական օգնություններ ստանալու, այլ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու։ Այդ տեսակետից, նրա կարծիքով, «վերջին տարիներին Ղարաբաղի պարագայում պարզապես հրաշք է տեղի ունեցել»։

ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4