Ո՞վ է լինելու երկրի վարչապետը
Նոյեմբերի 3-ին տեղի ունեցան Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունները, որոնց մասնակցեցին 18 կուսակցություններ, իսկ Ժողովրդավարական Թուրքիա եւ «Լուսավոր Թուրքիա» կուսակցությունները, որոնցից վերջինի նախագահը «Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի որդինՙ Թուղրուլ Թյուրքեշն է, ընտրություններին մասնակցեցին Թանսու Չիլլերի «Ճշմարիտ ուղի» կուսակցության ցուցակներում։
Ընտրություններում 41,5 մլն ընտրողներից քվեարկեցին շուրջ 32 միլիոնը, փաստորեն 9 մլն ընտրող դրան չմասնակցեց։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ոչ պաշտոնական, բայց ստույգ տվյալները ոչ միայն արդարացրել են նախապես կատարված սոցիոլոգիական ուսումնասիրությունները, այլեւ հաճելի անակնկալ են մատուցել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ղեկավարներին։
Այս կուսակցությունը, որը շուրջ 1,5 տարի առաջ իսլամական «Երջանկություն» կուսակցության խմբակցությունից հեռացած պատգամավորների հենքի վրա էր ստեղծվել եւ Մեջլիսում ընդամենը 59 տեղ ուներ, ընտրություններում հավաքեց ընտրողների ձայների 34,2 տոկոսը։ Այս ցուցանիշը 550 տեղանոց Մեջլիսում 362 պատգամավորական տեղեր զբաղեցնելու հնարավորություն է տալիս։ Այսպիսով, վերոհիշյալ կուսակցությունը ստանում է նաեւ միանձնյա կառավարություն կազմելու հնարավորություն։
Մինչդեռ Սահմանադրական դատարանը «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախապես զրկել էր պատգամավոր առաջադրվելու իրավունքից, դեռ ավելինՙ քննարկում էր կուսակցությունը լուծարելու հարցը։ Այլ կերպՙ կուսակցության մասնակցությունն ընտրություններին կատարվեց հաղթանակի համար միանգամայն անբարենպաստ պայմաններում։ Հատկանշական է, որ քարոզարշավին կուսակցությունն առաջ քաշեց «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության», «Երկրում չքավորության եւ գործազրկության վերացման» պես ընդհանուր բնույթի կարգախոսներ, ընդ որում չփորձեց որեւէ ծրագիր ներկայացնել։
Ստացած ձայների քանակով երկրորդ տեղ դուրս եկավ Դենիզ Բայքալի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը, լինելով Թուրքիայի հնագույն քաղաքական կազմակերպությունը, նախորդ ընտրություններում բախվել էր 10 տոկոսանոց արգելապատնեշին եւ խորհրդարանից դուրս էր մնացել։ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ստացավ ձայների 19,4 տոկոսը եւ իր համար Մեջլիսում ապահովեց պատգամավորական 179 տեղեր։ 9 տեղ ստացան անկախականները, որոնց օգտին քվեարկեց ընտրողների 1 տոկոսը։
Նոյեմբերի 3-ի ընտրություններում մնացած 16 կուսակցություններից ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել 10 տոկոսանոց պատնեշը։ Այսպիսով, նրանք դարձան արտախորհրդարանական։ Նրանցից թերեւս «Ճշմարիտ ուղի» կուսակցությանը չբավարարեց 200 հազար ձայն, որպեսզի Մեջլիս մուտք գործի։ Նա ստացավ ձայների 9,5 տոկոսը, «Երիտասարդ» կուսակցությունըՙ 7,2, իսկ «Երջանկություն» կուսակցությունըՙ 2,4։ Ի դեպ, ընտրությունների նախօրյակին 10 տոկոսանոց արգելապատնեշը հաղթահարելու հավանական թեկնածուների թվում, թերեւս, «Ճշմարիտ ուղի» կուսակցությունն էր նշվում, որի նախագահ Թանսու Չիլլերը քարոզարշավին միակուսակցական կառավարության կարգախոսով էր հանդես գալիս։
Ուրեմն, Չիլլերի կուսակցությունը, որ նախորդ ընտրություններին ձայների 12 տոկոսն էր հավաքել, հիասթափություն ապրեց։ Ինչ վերաբերում է Էջեւիթի կառավարությանը մաս կազմող կուսակցություններին, ապա նրանք կատարելապես ջախջախվեցին։ Նրանցից Ձախ ժողովրդավարական կուսակցությունը, որը նախորդ ընտրություններից ձայների 22 տոկոսով հաղթող էր դուրս եկել, հավաքեց ընդամենը 1,2 տոկոս։ Ազգայնական շարժում կուսակցության օգտին քվեարկեց ընտրողների 8,3 տոկոսը, Մեսութ Յըլմազի «Մայր հայրենիք» կուսակցությանՙ 5,1 տոկոսը։
Այդ ընթացքում Ձախ ժողովրդավարական կուսակցության մասնատման հետեւանքով առաջացած Իսմայիլ Ջեմի «Նոր Թուրքիա» կուսակցությունը ստացավ ձայների 1,1 տոկոսը։ Թեեւ քրդամետ Ժողովրդավարական-ժողովրդական կուսակցությունըՙ DEHAP-ը Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան 13 նահանգներում հաղթող դուրս եկավ, սակայն դա չբավարարեց 10 տոկոսանոց պատնեշի հաղթահարմանը։
Հարկ է նշել, որ Ազգայնական շարժում կուսակցությունը, բացառությամբ նախավերջինՙ 1999 թ. ընտրությունները, ձայների շուրջ 7 տոկոսն էր հավաքում։ Մինչդեռ «Մայր հայրենիք» կուսակցությունը 1983 թ. ընտրություններում հաղթել էր, 1987-ին միանձնյա իշխանության էր եկել, նախավերջին ընտրություններին նա հավաքել էր ձայների 13 տոկոսը։ Ընտրությունների ավարտին Բախչելին հայտարարեց, որ պարտության պատասխանատուն ինքն է, հետեւաբար կուսակցության առաջիկա համագումարում չի պատրաստվում նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը։ Էջեւիթը համանման պատրաստակամություն էր հայտնել մինչ ընտրությունները, ենթադրվում է, որ նրանց օրինակին կհետեւի նաեւ Յըլմազը։
Թուրքական թերթերը, տեղեկացնելով այս ամենի մասին, նոյեմբերի 4-ի համարներում ընտրություններին անդրադարձան «Քաղաքացիական հեղաշրջում», «Քաղաքական համակարգում երկրաշարժ» խորագրերով։ Արեւմտյան մամուլը, նկատի ունենալով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իսլամամետ լինելու հանգամանքը, կարծիք հայտնեց, որ նա Թուրքիայում կայունություն ապահովել չի կարող։ Այլ կերպՙ ընտրությունների արդյունքների նկատմամբ Եվրոպայի մոտեցումը, որքան էլ հաղթող կուսակցությունը որպես իսլամական չափավոր համարվի, հոռետեսական է։ Թերեւս Մ. Նահանգներն է, որ ընտրությունների արդյունքներին դրական մոտեցում է ցուցաբերում։
Համենայն դեպս, ընտրություններն ավարտվել են «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակով։ Նրա հետ Մեջլիս մուտք է գործել միայն Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, չհաշված անկախականներին։ Այլ կերպՙ ձեւավորվել է երկկուսակցական խորհրդարան, որը երկրում 1949 թ.-ից հետո աննախադեպ երեւույթ է։ Քանի որ 1987-ից ի վեր Թուրքիայում միակուսակցական կառավարություն չէր ձեւավորվել, ուստի աննախադեպ է նաեւ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության միանձնյա իշխանությունը։
Առհասարակ Թուրքիայում կառավարություն կազմելու պարտականությունը հանձնարարվում է հաղթող կուսակցության նախագահինՙ պայմանով, որ նա ունենա պատգամավորի կոչում։ Մինչդեռ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Էրդողանը պատգամավոր չէ, ուստի վարչապետ նշանակվել չի կարող։ Սա եւս աննախադեպ է։ Իսկ կառավարության մաս կազմող կուսակցությունների արտախորհրդարանական դառնալը, ինչպիսին նրանք դարձանՙ առավել եւս։
Աննախադեպ այս երեւույթը ցույց է տալիս վերջիններիս նկատմամբ ընտրողների անվստահությունը։ Իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակն էլ անվստահություն է առաջ բերում Եվրոպայում։ Ուրեմն կուսակցությունը, գալով իշխանության, նախ պետք է վարչապետի հարցը լուծի, փարատի Եվրոպայի անվստահությունը, ապա նոր ձեռնամուխ լինի նախընտրական խոստումների կատարմանը, եթե, իհարկե, հետամուտ է դրանց։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ