«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2002-11-01 | #200, 2002-11-02 | #201, 2002-11-05


ԱՌԱՆՑ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Ռեպորտաժ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հաղորդում է Բլեդից

ՖԻԴԵ-ի կոնգրեսները օլիմպիադաների անբաժանելի ուղեկիցներն են։ Կոնգրեսն իրենից բազմաստիճան կառույց էՙ հանձնաժողովներ, աշխարհամասերի հավաքներ, գործադիր կոմիտեի նիստեր, եւ վերջապես, գլխավոր ասամբլեա։ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը կրկին հետաձգեց իր ժամանումը Բլեդ, բայց կոնգրեսը բնականոն հունով սկսվեց ու շարունակվում է։ Մյուս օղակների շարքում իր նիստը գումարեց տողերիս հեղինակի գլխավորած ՖԻԴԵ-ի ինֆորմացիայի, հրապարակախոսության եւ վիճակագրության հանձնաժողովը։ Ինչպես միշտ, բոլորը հետաքրքրությամբ սպասում էին վարկանիշների եւ տիտղոսների հանձնաժողովի աշխատանքների ավարտին. հետաքրքրական է, թե ովքեր կդառնան նոր գրոսմայստերներ ու միջազգային վարպետներ։ Մի խումբ ճանաչված շախմատիստներ առաջարկում են ներկայումս գործող խաղացողների խորհրդի փոխարեն ստեղծել գրոսմայստերների հանձնաժողով։ Նրանք առաջարկեցին նաեւ այդ հանձնաժողովի կազմը, որի անդամների թիվը ֆուտբոլային էՙ 11։ Հաճելի է, որ այդ կազմում հանրաճանաչ այլ գրոսմայստերներիՙ Սեյրավանի, Խալիֆմանի, Պոլգարի, Ազմայփարաշվիլու, Յուսուպովի, Գուրեւիչի, Լոթյեի, Միլոշի, Ուտուտի, Կրասենկովի հետ նաեւ մեր Սմբատ Լպուտյանն է։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է մնալ միակը, որին հաջողվել է ոչ-ոքի խաղալ Ռուսաստանի հետ։ Իսկ Վլադիմիր Հակոբյանը մինչ այժմ միակ մասնակիցն է, որ կարողացել է հաշտություն կնքել Գարրի Կասպարովի հետ։ Բայց փայլուն մեկնարկից հետո մեր թիմի մրցախաղերը հեշտ չեն ընթանում։ Բելառուսի հետ համառ մրցապայքարում հաշտություն կնքելուց հետո, 8-րդ տուրում Չեխիայի հետ մրցախաղն ավելի անհաջող դասավորվեց։ Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար Զբինեկ Հրաչեկի, Վլաստիմիլ Բաբուլայի, Պետր Հաբայի հետ։ Արտաշես Մինասյանը ժամանակի պակաս զգալով, եւ դժվարին մենամարտ մղելով Դավիթ Նավարոյի հետ, խաղավերջում կարող էր ֆիգուր շահել եւ ապահովել ոչ-ոքին, բայց պայքարի բովում բաց թողեց այդ հնարավորությունը եւ պարտվեց։ Այժմ պետք է հուսալ, որ հաջորդած մեկօրյա հանգիստը կնպաստի, որ տղաները վերագտնեն առաջին օրերի արտակարգ վստահությունը։ Ճիշտ է, հաջորդ մրցակիցն ավելի քան ահեղ էՙ Հոլանդիայի հավաքականը, որի կազմում կրկին հանդես է գալու թիմի առաջատար Վան դեր Վիլը։ Վերջինս մեկնել էր հայրենիքՙ քրոջ հարսանիքին մասնակցելու համար։

Մեր աղջիկները նախ 2¬1 հաշվով պարտության մատնեցին մոնղոլուհիներին (Դանիելյանը հաղթեց, Մկրտչյանն ու Գալոյանը հաշտություն կնքեցին), ապա հետեւեց ոչ-ոքին Լիտվայի հավաքականի հետ (Մկրտչյանը հաղթեց, Դանիելյանը կիսեց միավորը, Հլղաթյանը պարտվեց)։ Մարզիչ Արսեն Եղիազարյանը գոհ չէ ոչ այս մրցախաղի, ոչ էլ վերջին մի քանի հանդիպումների արդյունքից։ Նրա կարծիքով, հայ շախմատիստուհիները մի քանի հաղթանակ ձեռքից բաց թողեցին։ 8 տուրից հետո մեր թիմը վաստակել է 14 միավոր, զբաղեցնում է 22-րդ տեղը։

9-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Հունգարիա-Ռուսաստան հանդիպումը, եւ այս թիմերի առաջին խաղատախտակներին խաղացող Պետեր Լեկոյի եւ Գարրի Կասպարովի մենամարտը։ Ինչպես միշտ, Պետերի կողքին կլինի նրա ամենահավատարիմ երկրպագունՙ կինը, Սոֆյա Պետրոսյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4