Մեր 100 մլն դոլարի պետական պարտքը մարված է
Հայաստանյան հինգ ձեռնարկություններՙ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «Մարս» գործարանը, Երեւանի նյութաբանության, Երեւանի մաթեմատիկական մեքենաների, Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները երեկ դարձան Ռուսաստանի Դաշնության սեփականություն։ Այս մասին արձանագրություններ ստորագրվել են երեկՙ ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի մեր երկիր կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Այդ արձանագրությունները ստորագրվել են «Գույք պարտքի դիմաց» ծրագրի համաձայն, որով Հայաստանն ամբողջությամբ մարում է Ռուսաստանին ունեցած պետական պարտքըՙ շուրջ 100 մլն դոլար։
Սա, ըստ էության, եղավ Ռուսաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության, որն, ի դեպ, բավականին ներկայացուցչական էր ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարի եւ մի շարք փոխնախարարների մասնակցությամբ, հայաստանյան այցի օրակարգի գլխավոր խնդիրն ու արդյունքը։
Ռուսաստանին ունեցած մեր պետական պարտքի մարման «Գույք պարտքի դիմաց» ծրագրի նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես եկավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ այդ ծրագրի առնչությամբ 2001 թ.-ի սեպտեմբերին Երեւանում նշեց, թե խնդիրն անգամ պարտքերի մարման մեջ չէ, այլ, որ ռուսական կապիտալը ներկայանա Հայաստանի տնտեսությունում։
Շուրջ երկամյա աշխատանքների արդյունքում իրականություն դարձած այդ ծրագրի վերաբերյալ Մ. Կասյանովը Երեւանում ասել է, թե դա վճարման լրիվ բնական ձեւ է։ Նա վստահեցրել է նաեւ, թե Ռուսաստանը կապահովի իր սեփականությունը դարձած ձեռնարկությունների աշխատանքն իրենց ողջ հզորություններով եւ կօգտագործի դրանք սեփական էլեկտրոնային արդյունաբերության եւ այլ ոլորտների զարգացմանն ի նպաստ։
ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը եւս բարձրաստիճան հյուրի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել խնդրո առարկա ծրագիրը կյանքի կոչելու առնչությամբ եւ ընդգծել մեր երկրի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ներգրավման կարեւորությունը։
Հինգ ձեռնարկություններին վերաբերող արձանագրություններից զատ Կասյանովի այցի շրջանակներում ստորագրվել են եւս չորս փաստաթղթերՙ «Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ, «Ընդերքի եւ ջրապաշարների օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը մեր բնապահպանության եւ ՌԴ բնական պաշարների նախարարությունների միջեւ, «ՀՀ կառավարությանը ՌԴ կառավարության տրամադրած պետական վարկերի գծով պարտքի մարման համար ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը հանձնելու կարգի մասին ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչապետի եւ ՌԴ կառավարության նախագահի հանդիպման արդյունքների վերաբերյալ» արձանագրությունները։
Նախագահ Քոչարյանի հետ հանդիպումից, վարչապետ Մարգարյանի հետ եւ երկու երկրների կառավարությունների անդամների միջեւ բանակցություններից զատ ռուսաստանյան պատվիրակությունն իր երկօրյա այցի ընթացքում հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի հետ, արժանացել Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը, Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երեկ, ուշ երեկոյան ՌԴ վարչապետն ու մնացյալ հյուրերը վերադարձել են Ռուսաստան։
Հ. Գ. ՌԴ վարչապետի պաշտոնական այցը Հայաստան «Ազգն» ստիպված է լուսաբանել հայաստանյան եւ ռուսաստանյան լրատվական գործակալությունների նյութերով, քանի որ այդպես էլ չստացավ ՀՀ կառավարության լրատվական ծառայության այնքա՜ն սպասված մամլո հաղորդագրությունն ու չկարողացավ հավատարմագրվել։