«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2002-11-02 | #201, 2002-11-05 | #202, 2002-11-06


ՆՈՐ ԲՅՈՒՋԵՆ ՄՈՒՏՔԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՎ ԿԱՎԵԼԱՆԱ 20 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ

Եկող տարվա պետական բյուջեի նախագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողովին։ Ըստ համապատասխան օրենքի, բյուջեի նախագիծը խորհրդարանին պետք է ներկայացվի բյուջետային տարվա սկզբից 60 օր առաջ, ինչը կառավարությունը փաստորեն կատարել է։

ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ, համաձայն ԱԺ կանոնակարգի, արդեն կազմվել է բյուջեի քննարկման ժամանակացույցի նախագիծը։ Այն պետք է ընդունվի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների կողմից։ Ըստ այդ նախագծի, պլանավորվում է հանձնաժողովներում քննարկումները ծավալելՙ հաշվի առնելով ե՛ւ կառավարության, ե՛ւ խորհրդարանի ընթացիկ աշխատանքները։ Ելնելով այս մոտեցման տրամաբանությունիցՙ այն շաբաթներին, երբ կլինեն ԱԺ եռօրյա նիստերը, երկուական, մյուս շաբաթներին երեքական օրերի ընթացքում նիստեր կլինեն։ Այս կերպ ԱԺ ղեկավարությունը պլանավորում է դրանք սկսել նոյեմբերի 11-ից եւ գոնե ավարտել ԱԺ այս նստաշրջանի վերջին եռօրյայի նախաշեմին, որպեսզի հնարավոր լինի բյուջեն ընդունել արդեն վերջին եռօրյայում։

ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ նախնական գնահատականներով ներկայացված բյուջեի նախագծով ե՛ւ հարկային, ե՛ւ ծախսային մասն ավելացվել է մոտ 20 մլրդ դրամով. «Բացի դրանից, ծախսային բոլոր հոդվածներում հավելումներ կան։ Դա անակնկալ չպետք է լինի, քանի որ այս ինն ամիսների կատարողականը ցույց է տալիս, որ այս տարվա բյուջեն կատարվում է։ ԼՂՀ-ին հատկացվելիք չափաբաժինը մնում է նույնը»։

Ինչպես պարզվեց, կառավարությունը հաջորդ տարվա համար ավելի մեծ դեֆիցիտ է նախատեսել։ Խորհրդարանական մեծամասնությունը բնական է համարում, քանի որ ռեալ թիվ է ամրագրվել, այլ ոչ թե այնպիսին, որը թեեւ գրվում եւ ընդունվում է, բայց անհնար է լինում ընդունելը։

2002 թ.-ի բյուջեի ընդունման ժամանակ եւս զգալիորեն ավելացվել էր բյուջեի մուտքային մասը։ Կառավարությունը եւ մասնավորապես վարչապետը նման ռիսկի գնալը բացատրեցին վարչարարության խստացման քաղաքականության կիրառմամբ, որն իրագործելու նպատակով հարկային օրենսդրության մեջ բավականին փոփոխություններ կատարվեցին։ Այն ժամանակ էլ հայտարարվեց, որ ընտրված մեխանիզմները եւ մուտքային մասի ավելացումը հնարավոր է միայն փաստորեն վարչարարական միջոցների արմատական փոփոխություններով։

Գագիկ Մինասյանը նշեց, որ գալիք տարի եւս բյուջեի մուտքային եւ ծախսային մասերի ավելացումը ենթադրում է միայն քաղաքականության իրականացման դեպքում. «Մեր հիմնական աղբյուրը մեր հարկերն են։ Երբ նախորդ տարի նախատեսում էինք մուտքային մասի ավելացումներ, գիտեինք, որ հնարավոր է իրականացնել միմիայն ստվերի կրճատմամբ։ Այս տարի մենք ունենք ռեզերվներ։ Ստվերը բավականին մեծ է, ըստ որոշ տվյալների, շրջանառության մոտ 40 տոկոսը։ Հետեւողական աշխատանք պետք է տանել, որ ստվերը տեղափոխենք բյուջե։

Ուզում եմ ասել, որ հիմնական աղբյուրը վարչարարությունն է»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4