Հույս հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը
SAC-IV վարկի վերջինՙ «լողացող» տրանշի (20 մլն դոլար) տրամադրման առնչությամբ անորոշությունը նվազել է։ Ինչպես երեկ հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնը, կառուցվածքային բարեփոխումների վարկի այդ վերջին չափաբաժնի տրամադրումը բանկը պայմանավորել է մի շարք հանգամանքներով։ Դրանք հիմնականում կապված են բաշխիչ էներգացանցերի մասնավորեցման հետ։ Բաժնետոմսերի գնման պայմանագիր, լիցենզավորման պայմանագիր, համակարգի վճարումներ, նոր սեփականատիրոջ կողմից փորձառու եւ համբավ ունեցող կառավարչի ներգրավում, հանրությանը տեղեկացնելու ծրագիր, 2003 թ.-ի բյուջեում սուբսիդավորման ենթակա ոլորտների հստակեցում։ Այս հարցերի շրջանակը վերջին օրերին Հայաստան այցելած ՀԲ առաքելության անդամները քննարկել են ե՛ւ Հայաստանի կառավարության, ե՛ւ «Միդլենդ ռիսորսըս հոլդինգի» հետ։ Օգոստոսի սկզբներին առկա անորոշության փոխարեն, Ռոբեր Ռոբինսոնի հավաստմամբ, բարձրացել է վստահության մակարդակը։ Նա նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ այս բոլոր ուղղություններով պայմանները կկատարվեն, եւ 20 մլն դոլարը կտրամադրվի։ Այդուհանդերձ, նշենք, որ ի տարբերություն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի մի քանի օր առաջ արտահայտած 99 տոկոսանոց վստահության, որ SAC-IV¬ը կստացվի մինչեւ տարեվերջ, Ռոջեր Ռոբինսոնը նման վստահությամբ տոգորված չէր։ Ավելին, ՀԲ ներկայացուցիչը վերստին հավաստեց, որ այն չի տրամադրվի, եթե ԲԷՑ-երի սեփականատերը չներգրավի փորձառու եւ հայտնի կառավարչի։
Հաջորդ, SAC-V վարկի առնչությամբ, որը պետք է հատկացվի 2003 թ.-ի բյուջեի համար եւ կազմված է երկու 20-ական մլն դոլար չափաբաժնից, տեղեկացվեց, որ պատրաստման փուլում է։ Այստեղ կարեւորագույն պայմաններն են գործարար միջավայրի, հարկային, մաքսային վարչարարության, բյուջետային համակարգի, կրթական, առողջապահական, սոցիալական ուղղվածություն ունեցող ոլորտների բարելավումները։ Ռոջեր Ռոբինսոնի հաղորդմամբ, այս հարցերի շուրջ 95 տոկոսով առկա է համաձայնություն։ Այս դեպքում եւս հույս հայտնվեց, որ երկու չափաբաժինն էլ եկող տարվա ընթացքում կտրամադրվի։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, անդրադարձավ երեկ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների ստորագրած «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրին։ Նա դրական համարեց համաձայնագիրն, ասելով, որ յուրաքանչյուր տարի այս պարտքը Հայաստանի բյուջեի համար 20 մլն դոլար էր արժենում։ Բացի այդ, Ռուսաստանին անցնող ձեռնարկությունների համար լավ հնարավորություններ են բացվում։ Մասնավորապես առանձնացվեց Հրազդանի ՊՇԷԿ-ը։
Վերջում Ռոջեր Ռոբինսոնն արտահայտվեց հետագա տարիներին կառուցվածքային վարկեր տրամադրելու հարցի վերաբերյալ։ Նրա կարծիքով, հինգ կառուցվածքային վարկերն արդեն շատ են, բյուջեի ցուցանիշներն էլ տարեցտարի բարելավվում են։ «2004 եւ 2005 թթ.-ի համար չեմ կարող ասել, թե կհեռանանք բյուջեին աջակցելուց, բայց չեմ կարող ասել, որ դա տեղի կունենա SAC-ի տեսքով», նշեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը։
Նա հավանական համարեց ծրագրային վարկերի տրամադրումը, որոնք կգնան բյուջե, բայց որոշակի ոլորտների համար, որոշակի նպատակներով։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ