«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2002-11-02 | #201, 2002-11-05 | #202, 2002-11-06


ԳՅՈՒԼԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱԶԱՏԱԳՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ

Թուրքիայի վարչապետի հավանական թեկնածու, նոյեմբերի 3-ին երկրում կայացած խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններում հաղթած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Աբդուլլա Գյուլը Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում Անկարա-Բաքու հարաբերությունների ներկա մակարդակը համարել է ոչ բավարար։ «Փոխադարձ այցելությունները ձեւական են, թվում ենՙ անիմաստ։ Մենք պետք է զարգացնենք մեր կապերը, առավելապես տնտեսության բնագավառում։ Թուրք-ադրբեջանական կապերը մեզ համար առաջնային են», ասել է Գյուլը։ «Դուք մտադի՞ր եք օժանդակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը» հարցին Գյուլը պատասխանել է. «Անկասկած։ Շուրջ 1 մլն ադրբեջանցի փախստականներ ապրում են վրաններում։ Կարծում եմ, Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերով կհասնենք այդ հակամարտության կարգավորմանը, ադրբեջանական հողերի ազատագրմանը օկուպացիայից»։ «Ի՞նչ կարծիքի եք ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին, այդ թվումՙ Լեռնային Ղարաբաղում» հարցին իսլամիստ Գյուլը պատասխանել է. «Դա թուրք-ադրբեջանական հարաբերությունների բաղկացուցիչն է։ Ցավոք, մինչ օրս այդ ուղղությամբ որոշակի աշխատանք չի տարվել, եւ գործը խոսքից չի անցել։ Ժամանակն է զբաղվել դրանով։ Նշեմ նաեւ, որ ակտիվացման կարիք ունեն թուրք-ադրբեջանական ռազմական կապերը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4