Գրում է «Նեզավիսիմայա գազետայի» Բաքվի թղթակիցը
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Երկրում ընթանում է ազգային բանակի համար միջոցներ հավաքելու լայնածավալ ակցիա։ Գումարները կուտակվում են Հեյդար Ալիեւի հրամանագրով ստեղծված հիմնադրամի հաշիվներում։ Վերլուծաբանները նմանօրինակ հիմնադրամի երեւան գալը համարում են ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վկայություն», նոյեմբերի 5-ի համարում գրում է «Նեզավիսիմայա գազետան»։ Թերթի Բաքվի թղթակցի ակնարկներով, Ալիեւը 2003 թ. հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններից առաջ փորձելու է Ղարաբաղի դեմ պատերազմ սկսել, որպեսզի իրականացնի իշխանությունը որդուն փոխանցելու խնդիրը։
2003 թ. պետբյուջեով Ադրբեջանը 12,3 տոկոսով ավելացրել է բանակին տրամադրվող գումարները, ինչը եւս, ըստ «Նեզավիսիմայա գազետայի», վկայում է, որ Բաքուն պատրաստվում է պատերազմի։ Թե որքան գումար է հավաքվել Հեյդար Ալիեւի հրամանագրով ստեղծված հիմնադրամում, թերթը չի նշում, սակայն վստահեցնում է, թե ադրբեջանցիները հոժարակամ հանգանակություններ են կատարում եւ փորձում են օգնել բանակին։ Երեք օր առաջ Բաքվի «Էխո» թերթը գրել էր հակառակըՙ իբր ուսուցիչներին ստիպում են իրենց խղճուկ աշխատավարձի մեկ քառորդը փոխանցել բանակի հիմնադրամին։
Ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն «Նեզավիսիմայային» ասել է, որ նմանօրինակ հիմնադրամներ ստեղծվել են նաեւ նախկինում, բայց դա ոչ մի կերպ չի բարձրացրել բանակի մարտունակությունը, քանի որ ամենուր կոռուպցիա եւ գողություն է։
«Ադրբեջանի համբերությունը վերջ ունի», ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի նորանշանակ համանախագահ Անրի Ժակոլենի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, հաղորդում է ANS-ը։ Աբիեւն ասել է, որ Հայաստանը պետք է մոռանա պատերազմի էյֆորիան եւ չպետք է մոռանա, որ մի օր էլ ինքը կարող է հայտնվել Ադրբեջանի վիճակում։