Վահագն Դավթյանի ծննդյան 80-ամյակը
Նրա ամեն մի օրը պիտի արեւոտ լիներ, անգամ ձմեռնամուտի մոտեցող աշնան օրը։ Այսպես էր նաեւ երեկ, երբ նշվում էր նրա ծննդյան 80-ամյակը։ Նշվում էր գրչակիցների, հարազատների, մտերիմների ներկայությամբ։ Ինքը ներկա էր իր բանաստեղծությամբ, այսինքնՙ բանաստեղծ Վահագն Դավթյանն իր բանաստեղծությամբ ներկա էր։ Այս է բանաստեղծի ճակատագիրը. ինքը միշտ կա, եթե իսկապես բանաստեղծ է։ Իսկ նրաՙ Վահագն Դավթյանի պարագայում գոնե այս ճշմարտությունը չենք կարող չընդունել։
Վահագն Դավթյանը մեր արեւմտահայ բանաստեղծության ջիղն ու պատկերը պահպանեց արեւելահայերեն իր մաքուր տողերում։ Ինչպես Վահագն Դավթյանի բանաստեղծության լավագույն մեկնաբան Սիլվա Յուզբաշյանն է ասում. «Վահագն Դավթյանն արեւմտահայ բանաստեղծությունն ապրեցրեց արեւելահայերենում»։
Առավոտյան նրա հարազատները եւ գրչակիցներըՙ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ եղան Երեւանի Պանթեոնում, ուր հանգչում է բանաստեղծի մարմինը։ Շատ մարդիկ կայինՙ հոգեւոր ու աշխարհիկ, բանաստեղծ ու բանաստեղծություն սիրող։ Ու բոլորս գնացել էինք... բանաստեղծի շիրիմի՞ն։ Ո՞ւմ, ո՞վ ասաց։ Մի՞թե...
Ինքըՙ Վահագն Դավթյանն, ասես միշտ լույսի մեջ է եղել, որովհետեւ ինքներս ենք այդպես մտածել, որովհետեւ, ինքն իր ցավն իր մեջ առած, մեզ լույսի խորհուրդն է պարզել։ Ու այնպես թեթեւ, անտրոփ հաճախ կարդացել ենք Վահագն Դավթյանի բանաստեղծությունը։ Իր լավագույն բարեկամներից մեկըՙ Համո Սահյանը նկատել է. «Արտաքուստ մեղմ է Վահագն Դավթյանի բանաստեղծությունը, հանդարտ, ինչպես ծաղկած մարգագետինը։ Բայց փորձիր բարձրացնել, այսպես կոչված, ցանքաշերտը... Ինչպիսի՜ բազմագույն ենթաշերտեր, քար ծակող արմատներ, ստորգետնյա ջրեր... Հակասությունների ինչպիսի՜ միասնություն։ Հմուտ, թափանցող միտք է հարկավոր տարբերելու համար իդեալն իրականությունից, անձնականն անանձնականից, կորուստը ձեռքբերումից, բարձրությունը խորությունից...»։
Ինքը կորուստների ծանր բեռով մտավ կյանք ու գրականություն (ամենամեծ կորուստն էր կրելՙ իր սքանչելի հայրենի քաղաքըՙ Արաբկիրը)։ Բայց կորուստները չբերեց, չբարդեց մեր ուսերին, մեր հոգուն։ Իր լույսը բերեց մեզ։ Ու մեր գրականությունը դավթյանական լույսով նաեւ լուսավորվեց։ Անկեզ մորենու խորհուրդն իմացողները կրկին, մեկ անգամ եւս վերհիշեցին դավթյանական այն տրոփյունը, երբ վաղ առավոտյան սիրած աղջկա զանգն ստանալովՙ օրվա մեջ հավերժությունն է հայտնագործում, երբ մեր տառերի ծնունդն է տեսնում տեսիլքից, երբ օդի մեջ, ոլորտի մեջ, հովերի մեջ լուսաբացի նա գտնում է բույրերը տաք իր տան ծխի ու մեր հացի։
«...Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ, /Ու փռվի իմ դեմ անհուն լռության ուրիշ մի եզերք, /Ծարավից ճաքած շուրթերիս վրա կդողա, գիտեմ, /Մի զարմանալի, պարզ ու տաք մի երգ...»։
Իր աչքերը փակվեցին, բայց աշխարհի աչքը չփակվեց Վահագն Դավթյանի պոեզիայի դեմ, որովհետեւ եթե երկրի մասին խոսենքՙ նաեւ Վահագն Դավթյանի շուրթերով պիտի խոսենք, եթե մորը պիտի բացատրենքՙ նաեւ Վահագն Դավթյանի խոսքերով պիտի ասենք, եթե պիտի տեսնենք մեր սիրո աղջկան, որին չհասցրինք ասել ամենակարեւորըՙ պիտի խոսենք Վահագն Դավթյանի խոսքերով ու Վահագն Դավթյանի մասին...
¬ Վահագն Դավթյանը լուսերգակ էր, Վահագն Դավթյանը հայերգակ էր, որ մինչ հիմա իր երկրավոր մահից հետո էլ շողացնում է իր պոեզիայի հմայքը,¬ երեկոյան գրողների տան մեծ դահլիճում կայացած հոբելյանական երեկոյի ժամանակ ասաց ՀԳՄ միության նախագահ, կառավարական հոբելյանական հանձնաժողովի փոխնախագահ Լեւոն Անանյանը։¬ Այսօր, մի փոքր հեռվից, Վահագն Դավթյանը ներկայանում է ոչ միայն որպես պոետ, այլեւ որպես շռայլ տաղանդի նյութ։ Ես նկատի ունեմ Վահագն Դավթյանի թարգմանությունները, հրապարակախոսական փայլուն հոդվածները, քննադատական հոդվածները, որպես հրաշալի խմբագիր...
Երբեք չտառապեց մեծամտության մաղձով, երբեք չխախտեց մեծությունների գնահատման ճիշտ սահմանները։ «... Իմ մեջ գնալով ուժեղացել է պաշտամունքը Թումանյանի, Իսահակյանի, Մեծարենցի, Վարուժանի, Տերյանի, Սիամանթոյի նկատմամբ, Չարենցի նկատմամբ, որն իր բանաստեղծական զորությամբ ու բազմազանությամբ եզակիներից է աշխարհում»։
Ոտքից գլուխ բանաստեղծ, հոգով, մտքով բանաստեղծ Վահագն Դավթյանն իր մահից քիչ առաջ «համարձակվեց» արձակագրության անցնել։ «Անխորագիր» գործում չափածո տողեր չկան (իսկ եթե կան, ապա իր ստեղծագործություններն են)։ Բայց իր ներքին կշռույթով այս ստեղծագործությունը եւս բանաստեղծություն է։ Ահա.
«Չեմ հիշում ու զարմանում եմ, որ չեմ հիշում, թե ինչպիսին է եղել այն առավոտը, երբ լքել ենք մեր տունը...»։
... Օր օրի վրա, տարիՙ տարու, կորուստների իր ծանր բեռը շալակած, նաեւ մեր կորուստներն է տարել, որպեսզի մենք թեթեւ քայլենք։ Հազար մարդու համար նեցուկ է եղել, ու հիմա նրան սիրով ենք հիշում։ Հիշում է նաեւ այս պոեզիայի սիրահար, պոետ, Հայաստանի Մանկատների հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ժենյա Այդինյան-Ռզայեն. «Վահագն Դավթյանն իմ երազանքի բանաստեղծն է եղել, որին առաջին անգամ հանդիպեցի 1986 թ.-ին։ Նա ընդունեց իմ բանաստեղծությունները։ Եվ ես ուրախ եմ, հպարտ, բախտավոր...»։
Այսպիսի խոսքերը քանի-քանիսն են ասում, այսպիսի մտածումներ քանի-քանիսն ունեն... Եվ պատահական չէր, որ երեկ ամբողջ օրը դավթյանական օր դարձավ, պոեզիայի օր։
Ուրեմն փառք տանք այս օրվան։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ