Բակուր Կարապետյանի լուսանկարչական ցուցահանդեսում
«Այս ցուցահանդեսը միաժամանակ վավերագրություն է, դիվանագիտական փաստաթուղթ, որ Շուշին իսկական հայկական քաղաք է եղել», ասաց արցախցի բանաստեղծ Բոգդան Ջանյանըՙ երեկ նկարիչների տանը բացված Բակուր Կարապետյանի «Հայոց բերդաքաղաքը» եւ «Միջնադարյան Ծարի ոգինՙ քարաբեկորների մեջ» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Բաքվի իշխանությունների թողտվությամբ միջնադարյան իշխանանիստ Ծար ավանի (Քարվաճառ) Մայր եկեղեցու եւ գերեզմանոցի քարերով 1955¬60 թթ. դպրոց են կառուցել։ Լուսանկարներում ներկայացված են խաչքարերի բեկորները, որոնք պահպանել են հայկական հինավուրց Ծարի ոգին։ «Աչքիդ առաջ Եղեռնի պատկերներ են։ Բարբարոսների եղեռնագործությունները քարի մեջ են դրված։ Մարդկանց կարող են սպանել, պատմությունըՙ կեղծել, քարը ինչպե՞ս թաքցնեն։ Քարն ինքնին խոսուն է։ Ստեղծագործ հայ ժողովուրդն է այդ քարերի մեջ», ասաց կինոռեժիսոր, գրող Արա Վահունին։
«Շուշի» հիմնադրամի տնօրեն, գեղանկարիչ, լրագրող Բակուր Կարապետյանի առաջին լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են Շուշի բերդաքաղաքն ու միջնադարյան Ծար ավանը պատկերող 70 լուսանկարչական աշխատանքներ։ «Շուշիի գերեզմանոցը քանդել են, տներ կառուցելՙ հայկական հետքերը վերացնելու համար։ Այնքան վստահ են եղել, որ հայերն այլեւս չեն տիրի քաղաքին, որ խաչքարերի ու տապանաքարերի բեկորները դեպի դուրս են դրել։ Քարերում հայոց միջնադարյան հզոր ոգին է մնացել։ Այսօր Շուշին ազատագրված է եւ նոր վերաբերմունքի կարիք ունի։ Ազատագրումը դեռ գործի կեսն է։ Անհրաժեշտ է վերակառուցել եւ վերաբնակեցնել քաղաքը, ինչն առայժմ չի արվում», իր անհանգստությունը հայտնեց Բակուր Կարապետյանը։ Ուշագրավ էր «Շուշեցի դպրոցականը» լուսանկարըՙ աղջնակն առանց դպրոցական հագուստի, հնամաշ ու առանց կապիչների կոշիկներով։
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ «ցուցադրված պատկերները երկար տարիներ պատանդ են եղել, իսկ այսօր խոսում են մեր ցավերի, մեր հոգսերի մասին, մեզ հուշում, թե ինչքան աշխատանք ունենք անելու»։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ