Բեռլինում նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթն Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ։
«Այսպիսի հարուստ տեմպերամենտով երաժշտական կատարում վաղուց չէի լսել։ Սա մի լայն ներկապնակ էր։ Իրականում շատ գեղեցիկ է, որ մենք եկել ենք միասնաբար տոնելու Արամ Խաչատրյանի 100-ամյակը։ Ծրագիրն ինձ շատ դուր եկավ։ Շատ տպավորված եմ հատկապես 13-ամյա դաշնակահարուհուց, որ մեզ համար այսքան մեծ զգացմունքայնությամբ Բախ նվագեց։ Այդքան երիտասարդ կատարողից նման բան ակնկալելն, իհարկե, անսպասելի էր», համերգի ավարտին «Ազգին» փոխանցեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին տիկին Քրիստինա Ռաուն։
«Միջոցառումը շատ բարձր եմ գնահատումՙ առաջին հերթին որպես ակցիա։ Ունենք բարձր արվեստ եւ պիտի աշխարհին այդ բարձր արվեստով ներկայանանք։ Ուրախ եմ, որ գերմանացիները սիրեցին ու հավանեցին հայկական երաժշտությունը։ Համերգը ՀՀ առաջին տիկնոջ հետ հովանավորած տիկին Ռաուն շատ գոհ մնաց։ Ուրախ եմ, որ սա լավ սկիզբն էր 2003-ին շարունակվող Արամ Խաչատրյան-100 միջոցառումների։ Ամեն ինչ պիտի անենք, որ 2003 թ. դառնա իրոք խաչատրյանական տարի», մեզ թարմ տպավորություններ հայտնեց տիկին Բելլա Քոչարյանը։
«Ճիշտ է, այս փոքրիկ սրահը չի համապատասխանում Խաչատրյանի մեծ մասշտաբներին, բայց սա լավ սկիզբ էր», իր ափսոսանքն ու հիացմունքը հաղորդեց Էդվարդ Միրզոյանը։
Խաչատրյանի 100-ամյակի առաջին միջազգային ակորդի մասին մանրամասներն «Ազգի» համարներից մեկում։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին