Ռեպորտաժ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հաղորդում է Բլեդից
Յուրաքանչյուր տուր գլխավոր մրցավար Հերդ Հայսենի համար սկսվում է նույն ձեւով։ Մրցասրահում նա ձեռքն է առնում խոսափողը, կատակախառն որեւէ խոսքով դիմում է ներկաներին, կարգադրում է մրցավարներին գործի գցել ժամացույցները եւ վազում է այն խաղատախտակի մոտ, որտեղ խաղում է Կասպարովը։ Լուսանկարիչների զանգվածային «հարձակումները» Գարրիի վրա կրկնվում են ամեն օր, եւ Հայսենը բառիս բուն իմաստով մարմնով պաշտպանում է նրան։ 9-րդ տուրում այս առումով Հայսենի անելիքն ավելի շատ էր, քանի որ Ռուսաստան-Հունգարիա մրցախաղում Կասպարովը հանդիպում էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկիՙ Պետեր Լեկոյի հետ։ Խաղից առաջ Արշակ Պետրոսյանը, որը նաեւ Լեկոյի մարզիչն է (եւ աները), նկատեց, որ իր փեսան այն եզակի շախմատիստներից է, որ վախ չունի Կասպարովից։ Մինչ այժմ Պետերը 10 անգամ ոչ-ոքի է խաղացել Գարրիի հետՙ կրելով միայն 1 պարտություն։ Բլեդում էլ Լեկո-Կասպարով պարտիան երկարատեւ ու գրավիչ պայքարից հետո ավարտվեց հաշտությամբ։ Իսկ Հունգարիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ (2,5¬1,5)։
Շատ գրավիչ պայքար ծավալվեց Հոլանդիա-Հայաստան մրցախաղում։ Հակոբյանը թեեւ սեւերով էր խաղում հռչակավոր Լուկ վան Վելիի հետ, սակայն պարզ դիրքում կարողացավ անսպասելի ու յուրօրինակ մտահղացում իրականացնելՙ եզրային զինվորը հասցնելով մինչեւ 3-րդ հորիզոնական։ Վան Վելին օգտագործեց իր ամբողջ փորձն ու վարպետությունըՙ հավասարակշռությունը պահպանելու համար։ Անգամ այն դիրքում, որտեղ մրցակիցները հաշտություն կնքեցին, Հակոբյանի հնարավորությունները գերադասելի էին։
Օլիմպիադայի զարդը կարող էր դառնալ Լպուտյանի պարտիան Սոկոլովի հետ։ Մեծ ներշնչանքով գործող հայ գրոսմայստերը տակտիկական հարվածներով ու զոհաբերություններով մրցակցի արքային զրկեց փոխատեղման հնարավորությունից եւ շեշտակի գրոհ ծավալեց։ Երբ թվում էր, թե Լպուտյանն արժանի հաղթանակ կտոնի, հապաղեց եւ մեծ վարպետությամբ պաշտպանվող Սոկոլովը փրկեց 0,5 միավորը։
¬ Ես չէի նկատել մրցակցիս նավակի քայլը,¬ խաղից հետո ասաց Սմբատը,¬ եւ թեեւ դրանից հետո առավելություն ունեի, բայց չկարողացա հաղթել։
Ասրյանը, որ Հակոբյանի եւ Լպուտյանի նման առայժմ անպարտելի է, վերստին հաստատեց անխոցելիի իր համբավըՙ սեւերով հավասարեցնելով դիրքը Տիվյակովի դեմՙ ոչ-ոքի։ Մի պահ տագնապներ էր առաջացնում Սարգսյանի դիրքը, որը, խաղալով Նիյբոյերի հետ, որակ կորցրեց, բայց հնարամիտ գործողություններով պահպանեց հավասարակշռությունը։
Մեր աղջիկները նոր հաղթանակ տարան, բայց ուրախությունը կրկին լիակատար չէր, քանի որ Իրանի հավաքականի դեմ գրանցվեց նվազագույն առավելությունՙ 2¬1, իսկ հայ շախմատիստուհիները խոշոր հաշվի հույսեր ունեին։ Անսպասելի էր Դանիելյանի պարտությունը Աթուշա Փուրքաշյանից։ Էլինան պարզապես չնկատեց մեկ քայլից մատը։ Ի դեպ, Փուրքաշյանը պարսկուհի է։ Մկրտչյանն ու Գալոյանը, որոնք շատ վստահ են խաղում, հաղթանակներ տարանՙ համապատասխանաբար Շադի Ֆարիդարի եւ Շահեսթեն Չադերփորի նկատմամբ։
Տիտղոսների եւ վարկանիշների հանձնաժողովը հաստատեց նոր գրոսմայստերների եւ միջազգային վարպետների։ Միջազգային վարպետի կոչման արժանացան մեր երկու հայրենակիցներՙ Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան) եւ Ուկրաինայում բնակվող շախմատիստուհի Կատերինա Ռոհոնյանը։ Վեջին օրերին տեղի անվտանգության աշխատակիցները կտրուկ ակտիվացել են, եւ այժմ մրցասրահ մտնելիս բոլորը պարտադիր ստուգման են ենթարկվում, մասնավորապես մետաղափնտրիչ սարքերով։ Գրանցվեցին նաեւ առաջին տհաճ պատահարները։ Անվտանգության ծառայողին թվաց, թե Զուրաբ Ազմայփարաշվիլին չափից ավելի մոտիկից է հետեւում Լեկո-Կասպարով պարտիային, ուստի ուժային մեթոդներով նրան դուրս հանեց մրցասրահից։ Միայն այն բանից հետո, երբ Ազմայփարաշվիլին սպառնաց հեռանալ օլիմպիադայից, նրան վերադարձրին մինչ այդ «բռնագրաված» մասնակցի փաստաթուղթը, եւ իրավիճակը հարթվեց։ Իսկ Իսրայել-Բանգլադեշ մրցախաղում ծագումով արաբ շախմատիստուհի Ռանի Համիդը չսեղմեց իր հրեա մրցակցիՙ Մաշա Կլիմովայի ձեռքը։ Վերջինս շատ վիրավորվեց եւ... շահեց խաղը։