Ռուսական «Գազետա SNG» էլեկտրոնային թերթը, հղում չանելով որեւէ աղբյուրի, գրում է, թե Թեհրանը մտադիր է Մոսկվայից հետ կանչել իր դեսպանին, ինչպես նաեւ փոխել Կասպիցի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցչին։ Ռուս-իրանական հարաբերություններում նկատվող սառնության հիմնական պատճառը, անշուշտ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Կասպիցը բաժանելու սեպտեմբերին ստորագրված համաձայնագիրն է, որի բնույթը ընդգծված հակաիրանական է։ Այդ համաձայնագրի էությունը հետեւյալն էՙ Կասպիցի մակերեսը թողնել ընդհանուրՙ մերձկասպյան հինգ պետություններիՙ ՌԴ-ի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենիայի եւ Ադրբեջանի օգտագործմանը, լճի հատակը բաժանել ըստ ազգային հատվածների։
Հիշեցման կարգով նշենք, որ Մոսկվայում Իրանի դեսպանը Գուլյամռեզա Շաֆեին է, իսկ Կասպիցի հարցերով նախագահ Խաթամիի հատուկ ներկայացուցիչըՙ Մեհդի Սաֆարին, որը մինչ այդ պաշտոնին նշանակվելը Մոսկվայում Իրանի դեսպանն էր։ Վերջին շրջանում իրանական մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց ե՛ւ Սաֆարին (դեսպան եղած ժամանակ), ե՛ւ Շաֆեին Մոսկվայում հիմնականում զբաղված են իրենց անձնական բիզնեսով։