WOMEX-2002-ի միակ մրցանակակիրը մեր հիշողության հոկտեմբերի 27-ը սրբագրեց
1800 մասնագիտացված այցելու 80 երկրներից, 200 լրագրող, մոտավորապես 400 արվեստագետ, 47 համերգ, 36 կոնֆերանս։ Էսսեն քաղաքի Ցեշը Ցոլֆերայնում հոկտեմբերի 27¬ին պատմությանն ի պահ տրվեց WOMEX¬2002¬ըՙ 4 օրերի ընթացքում անընդհատ հիշեցնելով 2002¬ի միակ մրցանակակրիՙ 74-ամյա դուդուկահար Ջիվան Գասպարյանի անունը։ «Ֆանտաստիկ արտիստի, կենդանի լեգենդի, մեր ժամանակների վիրտուոզ կատարողի» (Էսսենում նրան այսպես էին անվանում) հետ հանդիպման քիչ մարդ չէր եկել։ (Իհարկե, Էսսենում եւ մերձակա բնակավայրերում չհանդարտվող փոթորիկը շատերին տանը գամելով, մյուսներին տոմս գտնելու բախտից չէր զրկել)։ Հայերը սպասվածից ավելի քիչ էին, սակայն աշխարհի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու երաժշտագետները դատարկ աթոռներ չէին թողել դահլիճում։ «Պարգեւներ իմ կյանքում շատ եմ ունեցել, բայց սա ինձ համար ամենահիշարժանն է, հոկտեմբերի 12¬ին իմ տարեդարձն էր, այդ օրն իմացա մրցանակի մասին, սա իմ տարեդարձի ամենամեծ անակնկալն էր։ Շնորհակալություն ժյուրիին», մրցանակըՙ 6000¬ամյա հնության մայրության աստվածուհու փայտե կրկնաքանդակը համբուրելով, բեմից ասաց Ջիվան Գասպարյանն ու գնաց ետնաբեմՙ բեմական իր տարազը հագնելու։
Գասպարյանն իր խմբի երկու անդամների հետ հիացական ծափողջույններին «տեղի տվող» ակնթարթային դադարներով 45 րոպե անընդհատ նվագեց։ Ծանոթ մեղեդիներն այնքան լավ էր հանգուցել միմյանց, որ անծանոթ ունկնդրին կթվար, թե այդպես էր, որ կար։ Ներկաները կարծիքիս համամիտ էինՙ երեք գործիքով բեմի վրա այնպիսի հագեցածություն կար, որ երբեմն մի ողջ նվագախմբի տպավորություն էր թողնում։ Հետո «Քոչարիի» մեղեդու տակ պարային մեկ¬երկու սահուն շարժում, վերջում էլՙ զուռնայի կանչ։ Խոստովանում եմՙ պատկերացնել անգամ չէի կարող, թե ինչպես է հնչում հարսանիքների «լաչառ» զուռնան Ջիվան Գասպարյանի ձեռքին։ Հետո դրսի փոթորիկը ներսում եղավՙ ծափերը չէին հանդարտվում, ինքնագրեր, շնորհավորանքներ։
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ճարտարապետության եւ արվեստի ինստիտուտի էթնոերաժշտագետ, պրոֆեսոր Սանուբար Բաղիրովան մոտեցավ Գասպարյանին։ «Ծիծաղելի է, մենքՙ կովկասցիներս, բոլորս եղբայր ենք, վրացիները, ադրբեջանցիները, չեմ հասկանում ինչ եղավ, ամեն ինչ հնարած է, մտացածին»։
«Ժողովուրդը դա չի հասկանում։ Ո՞վ է արել, մենք չգիտենք, բայց մի բան գիտեմՙ վատ ազգ աշխարհում չկա, կան լավ եւ վատ մարդիկ», պատասխանեց Գասպարյանը։
«Շատ ճիշտ է։ Օրինակ, մեր տղամարդիկ շատ են սիրում հայուհիներին, միշտ ջանում են նրանց հետ ամուսնանալ», ժպիտով հավելեց երաժշտագետ պրոֆեսորուհին։
«Մեր տղամարդիկ էլ ադրբեջանուհիներին են սիրում», հակադարձեց դուդուկահարը։
«Բոլորս շատ ենք սիրում երաժշտություն։ Համերգի համար Ձեզ երախտապարտ եմ։ Ինձ թվում է Հայաստանում սա (նկատի ունի մուղամը) արդեն անհետացող ավանդույթ է դառնում, փոխարենը շատ է մաքուր ազգայինըՙ շարականներ եւ այլն։ Սկզբում շուր նվագեցիք, հետո անցում արեցիք ռաստի, սքանչելի՜ եք կատարում։ Այդ ամենը Ձեր ներսից, արյունից է գալիս»։
«Երաժշտությունն առանց դրա չի լինի... Ես շատ եմ սիրում ադրբեջանցի ժողովրդին, միշտ բարեկամություն եմ արել, ընկերներսՙ Շոֆքաթ Խանում, Սառա Կադիմովա, թառահար Կուրբան, շատ ժամանակ է պետք բոլորին թվարկելու համար, մենք շատ լավ բարեկամություն ենք արել», վերհիշեց Ջիվան Գասպարյանը։
«Հավատում եմՙ կգա այն օրը, երբ մենք նորից խաղաղ բարեկամություն կանենք։ Ինձ համար արգելքներ չկան, երաժիշտը միշտ առաջին տեղում է», ասաց ադրբեջանուհինՙ հրաժեշտից առաջ։
Հերթը վերջապես իմ հարցերին հասավ.
¬ Կարելի՞ է ասել, թե փառքը հետապնդում է համաշխարհային ճանաչում ունեցող 74¬ամյա Ջիվան Գասպարյանին։
¬ Անկեղծ ասեմՙ միշտ լավն եմ եղել։ Տարիքն արվեստի հետ կապ չունի։ Ինչպես Սայաթ¬Նովան է ասումՙ տարիքը մարդուն իմաստություն է տալիս։ Մարդ պետք է ջիգյար, հոգի ունենա եւ լավ նվագի, ուրիշ բան պետք չէ։
¬ Տաղանդավոր դուդուկահարներ շատ ենք ունեցել, բայց ոչ մեկը, բացի Ձեզնից, համաշխարհային բեմ չի բարձրացել։ Սա ինչպե՞ս եք բացատրում։
¬ Անբացատրելի է։ Վաչե Հովսեփյանը, Մարգար Մարգարյանը, Լեւոն Մադոյանն ինձ համար մեծություններ են, նրանց միշտ հարգում եմ, նրանց մեծության շնորհիվ եմ այսօր փայլում։
¬ Մորը նվիրված մի երգ երգեցիք, շատ էիք հուզված։ Ձե՞ր մորն էր նվիրված։
¬ Այո։ Մորս կորցրել եմ շատ վաղ հասակումՙ 8 տարեկանում։ Դա իմ երգն է, ես եմ գրել, նվիրել եմ մայրերին։
¬ Ջիվան Գասպարյանի ընտանիքը նպաստո՞ւմ է, որ նա մեծ բեմերի արտիստ մնա։
¬ Այո։ Շատ բան են անում։ Իմ նազը տանում են։
¬ Ստալինը երեւի միակ ղեկավարը չէր, որ Ձեր նկատմամբ ուշադիր էր։
¬ Ղեկավարների հետ կապ չունեմ։ Ես երաժիշտ մարդ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Եթե իրենց պետք եմ եղել, հրավիրել են, բոլոր ժամանակներում ինձ սիրել են։
¬ Ի՞նչ բեմ է, որ դեռեւս Ջիվան Գասպարյանը չի բարձրացել։
¬ Այդպիսի բան չունեմ հիշելու։
¬ Կա՞ մի բան, որ դեռ չեք հասցրել անել, ինչի համար ափսոսում եք հիմա։
¬ Ոչ։ Շնորհակալ եմ ե՛ւ իմ բախտից, ե՛ւ ինձնից։
¬ Ցանկություն ունեիք Երեւանում դուդուկահարների դպրոց բացելու։
¬ Շուտով կլինի, կառավարությունն արդեն թույլատրել է։ Առանձին դպրոց է Ջիվան Գասպարյան անունով։ Նոր, ճիշտ աշակերտներ պիտի պատրաստեմ, որպեսզի ոչ թե զուռնաչի լինեն, սազանդար, քեֆերի, ֆլան¬ֆստան, այլ դառնան իսկական արտիստ, աշխարհի պատմություն իմանան։
¬ 3 տարի առաջ այս օրըՙ հոկտեմբերի 27¬ին դառը հիշողություն է արթնանում մեր մեջ։ Հայաստանից օտարության ճամփան բռնած մեր հայրենակիցներից շատերը Հայաստանում ապագա չեն տեսնում նաեւ հոկտեմբերի 27¬ի ձգձգվող դատավարությունը նկատի առնելով։ Դուք ի՞նչ ապագա եք տեսնում Հայաստանում։
¬ Հայաստանում ծնվել եմ, Հայաստանում էլ կմեռնեմ։ Հայաստանի համար շատ մեծ ապագա եմ տեսնում, Հայաստանը պիտի ծաղկի, պիտի դառնա աշխարհի ամենալավագույն երկրներից մեկը։ Ո՞նց կարող է Հայաստանը տապալվել, այդպիսի բան չի լինի։ Ժամանակավոր բաներ են սրանք, մենք այդպիսի՞ բաներ ենք տեսելՙ 41 թվի պատերազմ, 37¬ի սով, 14¬ի ջարդ ենք տեսել... մենք շատ լավ պիտի ապրենք... ամեն օր երկիրն առաջ է գնում։ Իմ երեխաները Լոս Անջելեսում են ապրում, թոռնիկներս, բալիկներս, բոլորը պիտի գան, ոչ մեկը տունը չի ծախել, իհարկե՛ պիտի գան։ Նեղ օրեր են, մարդիկ նեղ օրերից ստիպված են գնում, ուրիշ բաներից չեն գնում։ Հողն ու ջուրն աշխարհում ամենաքաղցր բանն են։
«Իսկ մենք էլ խոսք ենք տալիս վերադառնալ Հայաստան», մեր զրույցին ունկնդիր նախկին հայաստանցիներն են ձայնակցում։ Տունդարձի մասին այսպես բազմաձայն առաջին անգամ եմ լսում։ Միգուցե սա էր հուշել զուռնայի կանչը նրանց ականջին...
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Էսսեն