ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) երեկ նոր ծրագիր սկսեց իրականացնել աղետի գոտում։ Գործակալության ներկայացուցիչ Քիդ Սիմենսը եւ ՀՀ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի մինչեւ 2003 թ.-ի ավարտը շուրջ 3 հազար ընտանիքներ կստանան բնակարանների սերտիֆիկատներ։ Սա այս ծրագրի հերթական, երկրորդ փուլն է։ Առաջին փուլում, ինչպես իր ելույթում նշեց Դավիթ Լոքյանը, շնորհիվ սերտիֆիկատների տրամադրման իրենց բնակարանային խնդիրները կարգավորեցին 2750 ընտանիքներ։
Պայմանագրի ստորագրման ավարտից հետո հաջորդը ելույթ ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում աշխատանքի անցնելուց հետո իր առաջին քայլը եղել է Գյումրի այցելելը։ Այս ընթացքում մի քանի անգամ դեսպանի այցերը կրկնվել են, եւ նա համոզվել է, որ աշխատանքների արդյունքները տեսանելի են։
Ծրագրի նոր փուլը երկրի համար կարեւոր իրադարձություն համարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ընդգծեց, որ խոսքը 2003 թ.-ի ընթացքում, այլ ոչ թե հեռավոր ժամանակահատվածում, 3 հազար ընտանիքի բնակարաններով ապահովելու մասին է։ Նախագահն այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ուղղություններից մեկը համարեց սերտիֆիկատների տրամադրման, ինչպես նաեւ «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերը։ Նա առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ երկու ծրագրերն էլ իրականացվում են ամերիկյան ֆինանսավորմամբ եւ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կոնգրեսին, կառավարությանն ու բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս ծրագրերին։
Պաշտոնական ելույթներից հետո քաղաքաշինության նախարարից տեղեկացանք, որ սերտիֆիկատների ծրագիրն 90 տոկոսով իրականացվելու է Գյումրիում, Ախուրյանում եւ փոքր մասըՙ Սպիտակում։
Ա. Մ.