«Արդեն գիշերը հասկացա, որ իմ դեմ պատրաստվում է շատ ծանր մեղադրանք»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մուրադ Բոջոլյանն իր ցուցմունքով հասավ 2002 թ.-ի հունվարի 26-ը, երբ երեկոյան իրեն եւ կնոջը ձերբակալել են Բագրատաշենի մաքսակետումՙ հերթական անգամ Թուրքիա մեկնելու ճանապարհին։ Ըստ ամբաստանյալի, ԱԱՆ աշխատակիցներն անմիջապես սկսել են իր մոտ փնտրել մի դիսկետ, որը չի եղել։ Բոջոլյանը չի հասկացել, թե ինչ դիսկետի մասին է խոսքը, որ համառորեն պահանջել են անվտանգության աշխատակիցները։ «Ապա հիշեցի։ Ստամբուլ մեկնելուց մեկ շաբաթ առաջ ինձ զանգահարեց իմ համակուրսեցինՙ Հասմիկ Ստեփանյանը, որը տեղյակ էր իմ Թուրքիա գնալու մասին, խնդրեց մի դիսկետ, որի վրա հավաքված էր լինելու հայատառ թուրքերենին վերաբերող աշխատություն, հասցնել Պոլսո հայոց պատրիարքին։ Մեկնելուց երկու օր առաջ Հասմիկն ինձ եւ կնոջս հրավիրեց իր տուն, այնտեղ էին Գրիշա Չաթոյանը եւ ԱԱՆ աշխատակից Ռոզա Լուսպանյանըՙ մեր համակուրսեցիները։ Հասմիկը հրաժարվեց դիսկետը տալ, ասելով, որ ինտերնետով արդեն ուղարկել է», ասաց Բոջոլյանը։
Ձերբակալության ընթացքում Բոջոլյանի մոտ հայտնաբերել են մի ձայներիզ, որի մի կողմում ձայնագրված է եղել Հայաստանում բնակվող քրդերին վերաբերող մի նյութ, մյուս երեսինՙ Դավիթ Շահնազարյանի եւ Ալեքսանդր Արզումանյանիՙ «Ա1+»-ին տված հարցազրույցները, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր թերթերից քաղված հրապարակումները, նախապես արված գրառումները։
Մուրադ Բոջոլյանը դատարանում ամեն կերպ փորձում է համոզել, որ ինքը թուրքական գործակալ չէ, Թուրքիայի օգտին լրտեսությամբ չի զբաղվել։ Ամբաստանյալը ցուցմունքում մանրամասնորեն պատմեց 1992¬2002 թթ. իր գործունեությունը։ Թե ինչքանով են ճիշտ դրանք, համապատասխանո՞ւմ են իրականությանը, ցույց կտա դատավարության ընթացքը։
Ամբաստանյալը մեկ առ մեկ պատմեց բոլոր այն թուրք լրագրողների հետ իր շփումների մասին, ովքեր քրեական գործում որակվում են ՄԻԹ-ի գործակալներ. Ջենք Բաշլամըշ («Միլլիեթ»), Ներդուն Հաջիօղլու («Հյուրիեթ»), Ռեմզի Օզքան («Անատոլու» գործակալություն), հեռուստալրագրող Մեհմեթ Ալի Բիրանդ եւ Սուաթ Թաշփընար («Ջումհյուրիեթ»)։ «Նրանք ՄԻԹ-ի գործակալների տպավորություն չեն թողել, բացի «Հյուրիեթի» թղթակցից։ Իմ ներկայությամբ երբեք չեն փորձել զարտուղի ճանապարհով տեղեկություն ձեռք բերել։ Հետեւաբար ինձ համար անակնկալ էր, երբ մեղադրանքը հիմնավորելու համար օգտագործվեց Ռեմզի Օզքանի հետ իմ կապըՙ նրան ներկայացնելով ՄԻԹ-ի վճարովի գործակալ։ Ինձ համար ավելի մեծ անակնկալ էր, երբ թուրքական հետախուզության գործակալներ դուրս եկան բոլոր թուրք լրագրողները, որոնց հետ շփվել եմ», ասաց Բոջոլյանը։
«Հյուրիեթի» թղթակցին, որին ամբաստանյալը կասկածել է ՄԻԹ-ի գործակալ լինելու մեջ, առաջին անգամ տեսել է 92 կամ 93 թ., երկրորդ անգամՙ Լեւոն Տեր¬Պետրոսյանի առանձնասենյակում, երրորդ անգամՙ 98 թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ «Հայաստան եկած ժամանակ նրան ուղեկցում էր հեռուստալրագրող Տիգրան Նազարյանը, որը «Հյուրիեթի» Երեւանի թղթակիցն էր նաեւ», ասաց Բոջոլյանը։ Ինչ վերաբերում է Օզքանին, որը մեղադրականում ներկայացված է որպես ՄԻԹ-ի վճարովի գործակալ, Բոջոլյանը շփվել է հեռախոսով եւ ֆաքսով։ «Կան Օզքանի հետ իմ զրույցների գաղտնալսումները, եւ կարելի է ճշտել, թե ինչ է ասել ինձ եւ ինչ պատասխան եմ տվել։ Օրինակ, Ռեմզին ուզում էր իմանալ, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, որ Աբդուլլահ Օջալանը ՀՀ-ում կամ ԼՂՀ-ում է, պատասխանեցի, որ այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Նշեցի, որ եթե նույնիսկ հայտնի լիներ, ոչինչ չէի ասի։ Ասացի, որ, ըստ մեր տվյալների, PKK-ի առաջնորդը Ռուսաստանում է։ Իմ այս պատասխանը, չգիտես ինչու, գաղտնալսման մեջ չկա», պատմեց ամբաստանյալը։
Բոջոլյանը նշեց, որ Սուաթ Թաշփընար անունով լրագրողի չի ճանաչել, նախաքննական ցուցմունքում նրան շփոթել է մեկ այլ լրագրողիՙ «Ջումհյուրիեթի» թղթակից Սինանի հետ, որը 1997 թ. ապրիլին եկել էր Հայաստանՙ ԼՂՀ մեկնելու նպատակով։ «Կարեն Միրզոյանի համառ խնդրանքների արդյունքում համաձայնեցի Սինանին ուղեկցել ԼՂՀ։ Այնտեղ ենք մեկնել մի հայ լուսանկարչի հետ, վերջինիս մեքենայով, որի անունը չեմ հիշում», ասաց Բոջոլյանը։
1999 թ. հոկտեմբերի 27-ից մինչեւ ձերբակալվելը որպես արտահաստիքային թղթակից աշխատակցել է թուրքական NTV հեռուստաընկերությանը։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին Բոջոլյանն իմացել է թուրք լրագրողներից, որոնք այդ օրը, երեկոյան ժամը 17.30¬18.00-ի սահմաններում զանգահարել են իր տուն։ «Թուրք լրագրողները պնդում էին, որ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը սպանվել են։ Ինձ զանգահարող թուրք լրագրողներին խնդրում էի ավելի ուշ զանգահարել, որպեսզի կոնկրետ տեղեկություններ իմանամ։ Ամբողջությամբ գաղտնալսումը ներառված է քրեական գործի մեջ, հոկտեմբերի 27-ի մասին տվել եմ զուտ պաշտոնական տեղեկություններ», ասաց Բոջոլյանը։
2000¬2001 թթ. Բոջոլյանը վեց անգամ եղել է Թուրքիայում։ Հենց որ NTV-ից ստացել է 500 դոլար հոնորար, փակել է Հասմիկ Ստեփանյանի պարտքը։ Ստամբուլում բնակվող հորաքույրը, իմանալով Մուրադ Բոջոլյանի ֆինանսական ծանր վիճակը, Western Union համակարգով 1000 դոլար է ուղարկել։ 2000 թ. ամռանը երեք հոդված է ուղարկում NTV-ի ինտերնետային էջի համար, որոնք վերաբերում էին կոնյակի գործարանին, ԲԷՑ-երի սեփականաշնորհմանը եւ նրա շուրջ աղմուկին, ՀՀ-ում բնակվող եզդիների նիստուկացին, սովորույթներին։
2000 թ. հոկտեմբերին մեկ ամսով մեկնել է ԱՄՆ, մասնակցել քրոջ որդու հարսանիքին։ Վերադարձին Բոջոլյանի բարեկամները տվել են 2.500 դոլար։ 2001 թ. հունվարին երրորդ անգամ է այցելել Թուրքիա, հարավսլավացի Օրհանի խանութից 600 դոլար ապառիկով ապրանք բերել Երեւան, վաճառել։ Չորրորդ անգամ Ստամբուլ է գնացել կնոջ հետ, Օրհանի խանութից կրկին ապառիկով ապրանք բերել։ Քանի որ առեւտուրը շահավետ է եղել, Բոջոլյաններն ամբողջ ընտանիքով են զբաղվել դրանով։ Այդ ընթացքում Արսեն Ղազարյանը համառորեն պահանջել է 4.000 դոլար պարտքը, որից Բոջոլյանը կարողացել է տալ 1.000-ը։
2001 թ. հուլիսի վերջերին Բոջոլյանը հինգերորդ անգամ մեկնել է Թուրքիա, Օրհանի խանութից վերցրել 1.000 դոլարի ապրանք, այցելել է NTV-ի գրասենյակ, հանդիպել «Ռադիքալի» խմբագրի հետՙ այս թերթում հոդվածներ տպագրելու հնարավորության հարցով։ Հետդարձի ճանապարհին, ինչպես պատմեց Բոջոլյանը, Բագրատաշենում զրույցի են հրավիրել ՀՀ անվտանգության աշխատակիցները, փորձել պարզել, թե «իմ նման բարձրակարգ թարգմանիչն ինչ գործ ունի Թուրքիայի հետ»։
Վեցերորդ անգամ Բոջոլյանը Թուրքիա է մեկնել դեկտեմբերին, այս եւ մյուս դեպքերում բնակվել հորաքրոջ տղայիՙ ոսկերիչ Մուրադ Իշլերի տանը։ Մեկ անգամ, երբ կնոջ հետ էր մեկնել, վերջին երկու օրերը բնակվել են «Բենլեր» հյուրանոցում, որի տերն ազգությամբ ասորի է եւ համարն անվճար է տրամադրել։
Թեեւ Մուրադ Բոջոլյանի նկատմամբ կասկածներ են եղել դեռ 1993 թ., իսկ 1998 թ.-ից ՀՀ ԱԱՆ-ը գաղտնալսել է նրա հեռախոսազրույցները, հետեւել գործունեությանը, ամբաստանյալը հանգիստ է եղել միշտ, քանի որ «ոչ մի հանցանք չէի գործել»։
Ժամանակը, այսինքնՙ դատավարությունը ցույց կտա, թե ինչ հանցանք է գործել Մուրադ Բոջոլյանը։ Մենք ամբաստանյալի կնոջից երեկ տեղեկացանք, որ Բոջոլյանների ընտանիքն այսօր էլ պարտքերի մեջ է։
Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 11-ին։