«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2002-11-06 | #203, 2002-11-07 | #204, 2002-11-08


ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց ԵԽ նախարարների կոմիտեի 111-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 6¬7-ը Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 111-րդ նստաշրջանը, որին մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունը։

Նստաշրջանի օրակարգի շրջանակներում ԵԽ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները քննարկեցին կազմակերպության համար քաղաքական արդիականություն ունեցող մի շարք հարցեր, ինչպեսՙ Եվրոպայի խորհրդի երրորդ գագաթաժողովի հրավիրումը, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ԵԽ-ին անդամակցումը, ահաբեկչության դեմ միջազգային պայքարին ԵԽ մասնակցությունը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացման հարցը։ Նախարարները դրական գնահատեցին նաեւ Լյուքսեմբուրգի նախաձեռնած «Մշակութային ուղիներ» ծրագրի ընդլայնման գաղափարըՙ առաջարկելով շարունակել համապատասխան բաց մասնակի համաձայնագրի մշակման ուղղությամբ աշխատանքը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանն իր ելույթում հիմնականում անդրադարձավ ԵԽ երրորդ գագաթաժողովին, ԵԽ-ի հանդեպ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ այդ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցերին։ Նախարարը կարծիք հայտնեց, որ Եվրոպական միության առաջիկա աննախադեպ ընդլայնումը ԵԽ անդամ երկրներին պարտավորեցնում է խորությամբ ուսումնասիրել XXI դարի եվրոպական ճարտարապետության մեջ Եվրոպայի խորհրդի դերն ու տեղը։ Նա ավելացրեց, որ նման կարեւորության հարցն անհնար է քննարկել առանց հաշվի առնելու Եվրոպայի խորհրդի անդամ այն երկրների մտահոգությունները, որոնք դեռեւս Եվրոպական միության անդամ չեն, սակայն ԵԽ անդամությունը դիտում են իբրեւ եվրաինտեգրման գործընթացի մի փուլ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցինՙ նախարարը մասնավորպես նշեց. «ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունները եւ ամենաբարձր մակարդակով շարունակվող երկխոսությունը վկայում են, որ մենք հաստատակամ ենք շարունակելու ջանքեր գործադրել խնդրի բանակցային կարգավորման ուղղությամբ, որը հաշվի կառնի Լեռնային Ղարաբաղիՙ ազատ ապրելու իրավունքը եւ կապահովի վերջինիս լիարժեք անվտանգությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին տարիներին ներկայացված խաղաղ կարգավորման առաջարկությունների ընդունումը Հայաստանի կողմից վկայում է այս հարցին մեր կառուցողական մոտեցման մասին»։

Նստաշրջանի ավարտին Մալթան վեց ամիս ժամկետով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախագահությունը։

Ստրասբուրգ այցելության շրջանակներում, նախարար Օսկանյանը հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի, ԵԽ նախարարների կոմիտեիՙ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքին հետեւող խմբի նախագահ Պիետրո Էրկոլե Ագոյի եւ Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Յաապ դը Հուպ Շեֆերի հետ։

ԵԽ գլխավոր քարտուղար Վ. Շվիմերի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԽ-Հայաստան համագործակցության խորացման հեռանկարները։ Կողմերն անդրադարձան Հայաստանում կայացած տեղական մարմինների եւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցերին, տարածաշրջանային խնդիրներին եւ կարծիքներ փոխանակեցին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ։

Դեսպան Ագոյի հետ ՀՀ արտաքին գործերի նախարարը քննարկեց Եվրոպայի խորհրդի հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր։

Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Յաապ դը Հուպ Շեֆերի հետ զրույցը հիմնականում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շուրջՙ հաշվի առնելով, որ 2003 թ. հունվարից Հոլանդիան մեկ տարի ժամկետով ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4