Այսօր Մ. Նահանգներից Անկարա է վերադառնում թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հիլմի Օզքյոքը։ Հիշեցման կարգով նշենք, որ նա «Հյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքի ավագ եղբայրն է։ Գեներալ Օզքյոքը Վաշինգտոն էր մեկնել նոյեմբերի 4-ին, երբ արդեն հայտնի էին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի վաղաժամկետ ընտրություններում հաղթող «Արդարություն եւ բարգավաճում», ինչպես նաեւ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների անունները։
Օզքյոքի այցը Վաշինգտոն պաշտոնական բնույթ էր կրում եւ իրականացվել էր ամերիկյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ռիչարդ Մայերսի հրավերով։ Ամերիկյան մամուլն առանձնապես չի արձագանքել թուրք գեներալի այցելությանը։ Ինչ վերաբերում է թուրքականին, ապա դա էլ, ըստ երեւույթին, տեղեկացված չէր նրա հանդիպումների մանրամասներին։
Այս ամենով հանդերձ գիտենք, որ նոյեմբերի 5-ին Պենտագոնում Օզքյոքն առանձնազրույց է ունեցել իր գործընկերոջՙ Մայերսի հետ, ապա հաջորդաբար հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի, նրա տեղակալ Փոլ Վոլֆովիցի հետ։ Գեներալ Օզքյոքին Սպիտակ տանն ընդունել են ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին եւ նախագահ Ջորջ Բուշի ազգային անվտանգության գծով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը։ Նույն օրը նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելին։
Օզքյոքը, պատասխանելով թուրք լրագրողների հարցերին, ասել է, որ հանդիպումներում քննարկել են Իրաքին ու Եվրոպայի անվտանգության եւ պաշտպանության համակարգին առնչվող հարցեր։ Նա միաժամանակ իր գնահատականն է տվել Մեջլիսի ընտրություններինՙ գոհունակությամբ արձանագրելով, որ դրանք անցել են օրինական հիմքերի վրա, ժողովրդավարական սկզբունքներով եւ առանց միջադեպերի։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա Օզքյոքը դրանցում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակը վերագրել է թուրք ժողովրդի կամքին։
Մինչդեռ նույն Օզքյոքը ընտրություններից առաջ, դեռեւս ս. թ. օգոստոսին, ստանձնելով գլխավոր շտաբի պետի պարտականությունները, առաջինն էր նախազգուշացրել թուրք-իսլամականներին, որ բանակը չի հանդուրժի Թուրքիայի աշխարհիկ հանրապետական կարգերի դեմ որեւէ ոտնձգություն։ Ըստ երեւույթին նրա նախազգուշացումը տեղ է հասել։ Այլապես «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, որն ընտրություններից առաջ իսլամամետ էր, չէր կերպարանափոխվի, ոչ էլ եվրոպական երկրների օրինակով կհավակներ այն դերին, ինչ այդ երկրներում կատարում են քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները։
Ուրեմն, գեներալ Օզքյոքը վաշինգտոնյան հանդիպումներում, որքան էլ անսովոր լինի գլխավոր շտաբի պետի հանդիպումը որեւէ երկրի փոխնախագահի, պետքարտուղարի եւ հանրապետության նախագահի խորհրդականի հետ, այնուամենայնիվ, քննարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ մտքեր է փոխանակել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին դրանց Թուրքիայի ներքաղաքական կյանքի եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա հնարավոր ազդեցությունն է։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ