«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2002-11-06 | #203, 2002-11-07 | #204, 2002-11-08


ՎՈԼՖՈՎԻՑԸ «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ» Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՄՏՔԵՐԸ

ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղար Փոլ Վոլֆովիցն անցյալ հուլիսի 14-ին «CNN Turk»-ին տված իր հարցազրույցում անհիմն ու անճիշտ արտահայտություններ էր արել Թուրքիայիՙ մարդու իրավունքների բնագավառի անցած տարեգրության մասին, ասելով. «Փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքով կարելի է որոշելՙ թե ցանկացած երկիր ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ։ Այդ իմաստով Թուրքիան ինձ տպավորեց»։

Ամերիկայի Հայ դատի կոմիտեն անմիջապես արձագանքել էրՙ նրանից պահանջելով հետ վերցնել իր մոլորեցնող խոսքերը։ Նաեւ պահանջել էր ամերիկահայերից արտահայտելու իրենց վերաբերմունքը։ Ես հուլիսին եւ օգոստոսին երկու հոդված գրեցի, խնդրելով հայերին, ինչպես նաեւ Ամերիկայում ապրող հույներին, ասորիներին, կիպրոսցիներին, արաբներին եւ քրդերին կապ հաստատել նրա հետ եւ իրենց զայրույթն արտահայտել որպես այդ «ամենահանդուրժողական» երկրի քաղաքականությանը զոհ գնացած միլիոնավոր անմեղների հետեւորդներ։

Մեր տեղեկություններովՙ ավելի քան հազար նամակ եւ էլ. հաղորդագրություն են հասել նրան։ Նամակագիրների մեջ եղել են հայազգի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Ռոնալդ Ռեյգանի ավագ խորհրդատու Քեն Խաչիկյանն ու Գլենդեյլի քառակի քաղաքագլուխ ընտրված Լարրի Զարյանը։ Քանի որ հասարակ ամերիկացիների բողոք-նամակներին չէր պատասխանել, սպասվում էր, որ գոնե կպատասխանի այս անվանի հանրապետականներին։ Պրն Զարյանը նշել էր իր նամակում, որ Վոլֆովիցի խոսքերը «Բուշի վարչակարգին վնաս են հասցնում այն իմաստով, որ սխալ եւ անարժան գովասանքներ է շռայլում նախկին օսմանյան եւ ներկայիս թուրք կառավարության հասցեին։ «Ես անձնական փորձությունից եմ ձեզ դիմում, քանի որ ցեղասպանություն վերապրողի որդի եմ», գրել էր նա։

Վոլֆովիցն անհավատալիորեն այս երկու անձնավորությունների նամակներն էլ անտեսել էր։ Բայց Զարյանը նամակներով եւ հեռախոսային զանգերով հետեւողականորեն հետապնդելով հարցը, վերջապես նրանից ստանում է հետեւյալ նամակը. «Վստահեցնում եմ ձեզ, որ ներկայիս ժողովրդավարական Թուրքիայի վերաբերյալ իմ ակնարկներով չեմ ցանկացել անտեսել Օսմանյան ժամանակաշրջանում հայ ժողովրդի կրած դառը տառապանքները։ Այդ դեպքերը 20-րդ դարի մեծ ողբերգությունների թվում են։ Ժամանակակից Թուրքիան բարելավել եւ շարունակելու է բարելավել մարդու իրավունքների իր տարեգրությունը։ Մ. Նահանգները պարտավորված է աջակցել այդ բարելավման գործընթացին։ Թուրքական կառավարությունը վերջերս նոր առաջընթաց է արձանագրել այդ բնագավառումՙ փոքրամասնությունների նկատմամբ նոր օրենքներ ընդունելով։ Թուրքիան կարեւոր դաշնակից է, որը մեզ օգնում է ահաբեկչության դեմ մեր պայքարում եւ կարեւոր դեր է կատարում ՆԱՏՕ-ում։ Հաշվի առնելով անվտանգության նկատառումներով մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ես շարունակելու եմ իմ ջանքերը հօգուտ այդ հարաբերությունների»։

Վոլֆովիցը նույնանման մի նամակ էլ հղել է պրն Խաչիկյանին։ Եթե հաշվի առնենք հասարակությունից խուսափելու Վոլֆովիցի սովորությունը, նման նամակ ստանալն էլ պիտի հաղթանակ համարենք։ Հուսով ենք, նա արժեքավոր մի դաս սովորեց այս ընթացքում։ Սրանից հետո կգիտակցի, որ Թուրքիայի վերաբերյալ իր սխալ արտահայտությունները չեն կարող աննկատ մնալ, որ ամերիկահայությունը կհետապնդի նրանՙ մինչեւ դեմ առ դեմ կանգնեցնի նրան իր ստերի հետ։

Պրն Զարյանին արժանին պետք է մատուցել իր հետեւողական ջանքերի համար։ Պաշտոնատար անձանց անպատասխանատու արտահայտությունները չպետք է անտեսվեն։ Նրանց պետք է պատասխանատվության կանչել ինչպես իրենց գործերի, այնպես էլ խոսքերի համար։ Դա է ժողովրդավարական երկրի կարեւոր նվաճումներից մեկը։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4