«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2002-11-06 | #203, 2002-11-07 | #204, 2002-11-08


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՍԼԱՄԻՍՏ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐԲԱՔԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«Եթե աշխարհի ամբողջ ոսկին տրվի Թուրքիային, Հայաստանի հետ սահմանը չենք բացի, քանի դեռ...»

Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը 1996 թ. հուլիսի վերջերին ԱՄՆ-ում իր ելույթներից մեկի ժամանակ պնդում էր, թե վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը հարյուր տոկոսով պետք է նեցուկ կանգնի Ադրբեջանին եւ այս կերպՙ մի կողմից Թուրքիայում իր համար նպաստավոր մթնոլորտ կստեղծի, մյուս կողմիցՙ կդժվարացնի ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Լիպարիտյանը նշել էր, որ Թուրքիայի հայկական քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չի ակնկալում, ընդսմին նկատելով, թե Անկարան վերջին շրջանում ավելի անկողմնակալ կեցվածք ունի ղարաբաղյան հարցում։

Նույն տարվա օգոստոսի վերջերին Լիպարիտյանը երկօրյա այցով մեկնեց Անկարա, արժանացավ նախագահ Դեմիրելի ընդունելությանը։ Այցի նախօրեին «Հյուրիեթը» գրեց, թե Տեր-Պետրոսյանն իր ավագ խորհրդականին Թուրքիա է գործուղել որպես «խաղաղության դեսպանի», իսկ «Զամանն» այցի ավարտին հավելեց. «Լիպարիտյանը ձեռնունայն վերադարձավ Անկարայից»։ «Գիտեք, ձեռնունայն վերադառնում են այն դեպքում, երբ ակնկալիքներ են ունենում։ Դիվանագիտությունը մի քիչ նման է արվեստին. մի հարցի վրա այնքան պիտի աշխատես, որ արվեստի գործ դառնա», արդեն Երեւանում Արմենպրեսին ասաց Լիպարիտյանը։

Հայ-թուրքական հարաբերությունները 1996¬97 թթ., երբ Թուրքիայում իշխանության էր իսլամիստ Էրբաքանի կոալիցիոն կառավարությունը, արվեստի գործ չդարձանՙ չնայած Թուրքիայի գծով «ճարտարապետ» Լիպարիտյանի ջանքերին։ Հայաստանի առաջին նախագահն իր գահակալության տարիներին արեց հնարավորը, որ հայ-թուրքական հարաբերություններում բեկում լինի, սակայն ամեն անգամ հայկական կողմի ցուցաբերած բարի կամքը դեմ էր առնում թուրքական նախապայմաններին։ Վարչապետության մեկ տարվա ընթացքում իսլամիստ Էրբաքանը չհանդիպեց Հայաստանի ոչ մի պաշտոնատարի։ Ավելինՙ Էրբաքանն իր ելույթներում պնդում էր, թե Թուրքիայի տնտեսական դժվարություններն արդյունք են հայերի եւ հրեաների քայլերի, միջազգային սիոնիզմի եւ անհավատ կայսերապաշտների դավերի։ Էրբաքանը ժամանակ առ ժամանակ խոստանում էր ազատագրել Ադրբեջանը, Չեչնիան, Բոսնիան, Երուսաղեմը։

1997 թ. հունիսի 18-ին Էրբաքանը զինվորականության ճնշման տակ հրաժարական տվեց, Ղարաբաղը հայերից ազատագրելու հարցն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նոյեմբերի 3-ին Թուրքիայում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններում հաղթած իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Աբդուլլահ Գյուլը, որը վարչապետի հավանական թեկնածուներից է, Բաքվի «Զերկալո» թերթում խոստացել է համատեղ ջանքերով օկուպացիայից ազատագրել ադրբեջանական հողերը։ Իր կարծիքն է արտահայտել վարչապետի հավանական մեկ այլ թեկնածուՙ Բյուլենթ Արընչը։ Բաքվի ANS հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արընչն ասում է. «Ադրբեջանը Թուրքիայի մերձավորագույն դաշնակիցն է, ադրբեջանցիներին շատ ենք սիրում, ձեր պրոբլեմները մեր պրոբլեմներն են։ Ղարաբաղի հարցում Թուրքիայի նախորդ կառավարությունների աշխատանքը գնահատում ենք անբավարար։ Մենք չենք ուզում, որ հայերը, ովքեր դաշույն են Ադրբեջանի սրտում, ապրեն երկրում, ուզում ենք, որ ադրբեջանցիներն իրենց սեփական հողի վրա ապրեն ազատ եւ ինքնիշխան»։

Հայաստանի ԱԳՆ-ն ձեռնպահ է մնում Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իսլամամետ ուժերի հաղթանակի առնչությամբ մեկնաբանություններից։ Մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանն «Արմինֆոյին» ասել է. «Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ վաղ է մեկնաբանել»։

Վերադառնալով 1996 թ. հունիս-1997 թ. հունիս ժամանակահատվածի հայ-թուրքական հարաբերություններին, պետք է նկատել, որ դրանք որոշ իմաստով «վերելք» ապրեցին, թեեւ Անկարայի որդեգրած հակահայկական քաղաքականության բնույթը չփոխվեց, Թուրքիան բոլոր մակարդակի հանդիպումներում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, հայ-թուրքական սահմանը բացելու հիմքում դնում էր ԼՂ հարցի կարգավորումը։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանի առաջին նախագահը երկու անգամՙ նախ Մոսկվայում, ապաՙ Ստամբուլում հանդիպեց Թուրքիայի իր պաշտոնակից Սուլեյման Դեմիրելին։ Արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցավ նույնպես երկու հանդիպում. Թանսու Չիլլերը Նյու Յորքում, ՄԱԿ-ի շրջանակներում բանակցեց Վահան Փափազյանի հետ, ապա Ստամբուլում հյուրընկալեց Ալեքսանդր Արզումանյանին։ Վերջինս մի քանի օր անց Երեւանում հայտարարեց, որ «հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար որեւէ քաղաքական նախապայման չպետք է լինի որեւէ կողմից»։

Իսլամիստ Էրբաքանի կառավարության պետնախարար Զեյբեքը Բաքվում ասում էր. «Եթե աշխարհի ամբողջ ոսկին տրվի Թուրքիային, Հայաստանի հետ սահմանը չենք բացի, քանի դեռ հայերը գրաված տարածքներից հետ քաշվելու որեւէ ջանք չեն թափել»։

Քանի որ Հայաստանի ե՛ւ նախկին, ե՛ւ գործող իշխանությունները երբեք հայ-թուրքական հարաբերությունների հիմքում չեն դրել քաղաքական որեւէ նախապայման, հետեւաբար այդ հարաբերությունների հաստատումը պայմանավորված է Թուրքիայով եւ վերջինիս հավատարիմ դաշնակից ԱՄՆ-ի կեցվածքով։ Վաշինգտոնը թեեւ հրապարակավ հանդես է գալիս իբրեւ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ջատագով, անուղղակիորեն խրախուսում է Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4