ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչեւ դեկտեմբերի 15-ը կավարտվի անկախ աուդիտորի կողմից 1998-2001 թ.թ. Հայաստան մտած ռուսական գազի սպառման եւ դրա դիմաց վճարումների ընթացքի ուսումնասիրությունը։ Ըստ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, 1997 թվականից հետո, երբ կազմավորվեց «Հայռուսգազարդը», որի 55 տոկոս (148 մլն դոլար) ռուսական բաժնեմասը տրվեց գազի մատակարարումներով փոխհատուցելու պայմանով, գազի սպառման դիմաց պարտքեր են կուտակվել երկու ուղղություններով. դրանցից առաջինը էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառն է, որտեղ մեծ պարտքեր են կուտակել բաշխիչ ցանցերը, ինչպես նաեւ գազը որպես հումք օգտագործողները, մասնավորապես, «Նաիրիտը»։ Այդ պարտքերի մարումը, ըստ էության, կազմում են «Հայռուսգազարդի» գործարքի 148 մլն դոլար գումարը պետբյուջե վերադարձնելու միջոցը։
Նախարարի տեղեկատվությամբ, բաշխիչ ցանցերի ներկայիս սեփականատիրոջ հետ նախատեսվում է պայմանագիր ստորագրել առ այն, որ, ըստ էլեկտրաէներգիայի դիմաց մուծումների հավաքագրման մակարդակի, ցանցերի սեփականատերը մարելու է պարտքերը, իսկ այլ սպառողների կուտակած պարտքերը հավաքելու փորձ կանի պետությունը։
Վ. Խաչատրյանի տվյալներով, ցանցերը միայն անցյալ տարի 62 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք են տվել, որը հավասար է 3 տարի Հայաստան մտած գազի ընդհանուր գնին։ Նրա գնահատմամբ, «Հայռուսգազարդի» կազմավորման գործարքի գինը վիճարկելի է, քանի որ դրա հիմքում ընկած է ռուսական գազի 1000 խմ-ի համար 80 դոլար գինը, սակայն, գազը Հայաստանին տրամադրվել է շատ ավելի ցածր գնով։
Նրա տեղեկատվությամբ, այնուամենայնիվ, գործարքի հետ կապված արդեն հայտնաբերվել են չարաշահումներ, որոնց վերաբերյալ գործերն ուղարկվել են դատախազություն։