«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2002-11-06 | #203, 2002-11-07 | #204, 2002-11-08


ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼԸ ԼՐԱԳՐՈՂԸ ՉՊԻՏԻ ՈՐՈՇԻ

Հոկտեմբերի 24-ից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում է Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող, թուրքագետ Մուրադ Բոջոլյանի դատավարությունը։ Արդեն տեղի է ունեցել դատական երեք նիստ, ցուցմունք են տվել հինգ վկաներ, մյուս նիստին ամբաստանյալը հավանաբար կվերջացնի ցուցմունքները։ Դատավարության ընթացքը լուսաբանում են վեց թերթերՙ «Ազգը», «Հայկական ժամանակը», «Առավոտը», «Հայոց աշխարհը», «Երկիրը» եւ «Գոլոս Արմենիին», մեկ հեռուստաընկերությունՙ «Շանթը», եւ «Ազատություն» ռադիոկայանը։ Թե ինչու հայրենական տասնյակ հեռուստաընկերությունից միայն մեկն է հարկ համարում անդրադառնալ Հայաստանի տասնամյա պատմության այս արտառոց դատավարությանը, դժվարանում ենք ասել։ Իրենց գործն է։ Բայց անհրաժեշտ է հիշեցնել ոչ վաղ անցյալի մեկ այլ դատավարությունՙ Աշոտ Բլեյանինը։ Հիշո՞ւմ եք հեռուստաընկերություններն ինչպես էին մեկնաբանում։ Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ինչ մեղադրանք էր դրված Բլեյանի վրա, բայց հաստատ լրտեսություն չէր։

Մենք հեռու ենք հավակնությունից, որ Մուրադ Բոջոլյանի դատավարությունն «Ազգն» ավելի անաչառ է ներկայացնում եւ պրոֆեսիոնալ, քան, օրինակ, «Հայոց աշխարհը» կամ «Հայկական ժամանակը»։ Խոսքն այն մասին է, թե այս եւ մյուս դատավարություններն ինչ հակասական տեսանկյուններով են ներկայացվում հայկական լրատվամիջոցներով, այս կամ այն կերպ մենքՙ լրագրողներս, ինչպես ենք մոլորեցնում ընթերցողներին։ Թող ներողամիտ լինեն իմ գործընկերները, բայց եթե ընթերցողը գնի նույն օրվա «Երկիրն» ու «Հայկական ժամանակը» եւ ընթերցի Բոջոլյանի մասին նույն օրվա թղթակցությունները, գլուխ չի հանի, թե ինչ է կատարվել այդ օրը դատարանում։ Ընդամենը երեք դատական նիստ է եղել, բայց արդեն մեր թերթերը հասցրել են ամբաստանյալ Բոջոլյանին կպցնել «թուրք լրտես» եւ «անմեղ» պիտակները։ Ուրեմն, ամբաստանյալ Բոջոլյանի թուրքական գործակալ լինել-չլինելը լրագրո՞ղն է որոշում։ Այդ դեպքում ի՞նչ կարիք կա ժամերով նստելու դատարանի դահլիճում։

Լրագրողներս Բոջոլյանի գործի նկատմամբ կարող ենք ունենալ մեր անձնական տեսակետը, ներքին զգացողությունը, ինչը, սակայն, անթույլատրելի է փաթաթել ընթերցողների վզին։ Եվ եթե այսօր թերթերը դժգոհում են ընթերցողների սակավությունից, ապա գլխավորապես դրա մեղավորն էլ մենք ենք, մեր սերնդի լրագրողները։ Ընթերցողներն սկսել են մեզ չհավատալ, քանի որ նույն ընթերցողին մենք ներկայացնում ենք ոչ թե իրականությունը կամ իրականությանը մոտ բան, այլ մեր անձնական, խիստ քաղաքականացված տեսակետը։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4