Մ. Նահանգներում մրցանակակիր լրագրող Էդ Բրեդլին իր «60 րոպե» հեռուստահաղորդումների ժամանակ սենսացիոն հայտարարությամբ տեղեկացրել է Պետքարտուղարությունում եւ Պենտագոնում Թուրքիայի օգտին լրտեսելու հնարավոր փորձերի մասին, Վաշինգտոնից հաղորդում է Հայ դատի գրասենյակը։
Հենց այն ժամանակ, երբ սեպտեմբերի 11-ից հետո ահաբեկիչ կասկածյալների վերաբերյալ տեղեկությունները պետք է շտապ թարգմանվեին, ՀԴԲ-ի թարգմանչական բաժնի ղեկավարները դիտավորյալ դանդաղեցրին աշխատանքներըՙ ցույց տալու, որ կուտակված շատ գործ կա, եւ բաժինն ընդարձակելու, առավել մեծ քանակի թարգմանիչներ ընդունելու համար հավելյալ գումարների կարիք կա։ Այսպիսի ցնցող հայտարարությամբ հոկտեմբերի 27-ի «60 րոպե» ծրագրում հանդես է եկել ՀԴԲ-ի նախկին թարգմանիչ Սայբլ Էդմոնդսը, որին աշխատանքից հեռացրել են այդ հարցում խորամուխ լինելու համար։ Նա այժմ դատական գործ է հարուցել ՀԴԲ-ի դեմ։
Նրան աշխատանքի են ընդունել ՀԴԲ-ում որպես թուրքերենի եւ այլ միջինարեւելյան լեզուների թարգմանչի։ «Ես արագ աշխատում էի, բայց հաջորդ օրը աշխատանքի ներկայանալիս տեսնում էի, որ ամբողջ աշխատանքս անհետացել է», պատմել է նա հեռուստադիտողներին, ավելացնելով, որ երբ այդ մասին տեղյակ է պահել իր վերադասին, վերջինս պատասխանել է. «Թող դաս լինի քեզ համար, որ ոչ ոքի ոչինչ չասես»։
Էդմոնդսի համար վրդովեցուցիչ է եղել նման վերաբերմունքը, քանի որ ՀԴԲ-ի այլ բաժիններում այդ թարգմանությունների պատվիրատուները սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո աշխատում էին շուրջօրյա ծանրաբեռնվածությամբ եւ նյութերի առաջնահերթությունը իրենք էին որոշում։
«Էդմոնդսի խոսքերին հավատում եմ, քանի որ ՀԴԲ-ի ուրիշ աշխատակիցներ եւս հաստատել են նրա ասածները», նշել է սենատոր Չարլզ Գրասլին (հանրապետական, Այովայից), որի գլխավորած կոմիտեին, աշխատանքից ազատվելուց հետո, դիմել է Էդմոնդսը։
Հեռուստահաղորդման ժամանակ Գրասլին Բրեդլիին ասել է, թե ՀԴԲ-ի թարգմանչական բաժինը ամբողջությամբ կարիք ունի վերակազմակերպվելու։ «Եթե նրանք լուր ստանան, թե Հուվերի ջրամբարը պայթեցվելու է, մեկ-երկու շաբաթ կպահանջվի մինչեւ լուրը թարգմանեն։ Իսկ մինչ այդ ջրամբարը արդեն պայթեցված կլինի», նշել է նա։
Սեպտեմբերի 11-ից հետո, շտապ թարգմանիչներ աշխատանքի ընդունելու մոլուցքով տարված, ՀԴԲ-ի աշխատակիցները, իրենց իսկ խոստովանությամբ, չեն կարողացել բավականաչափ խորությամբ ուսումնասիրել յուրաքանչյուր դիմորդի անցյալը, թե արդոք նրանց մեջ չկա՞ն օտարերկրյա գործակալներ։ Օրինակ, պարզվել է, որ Ջեն Դիկերսոն անունով մի թուրք թարգմանչուհի, որն աշխատել է Էդմոնդսի հետ, կապ է ունեցել թուրքական մի կազմակերպության հետ, որը ՀԴԲ-ի հետապնդած կասկածելի կառույցների ցուցակում է։ ՀԴԲ-ի հատուկ բաժնի աշխատակիցները նույնիսկ չեն իմացել, որ այդ կինը հարաբերությունների մեջ է Վաշինգտոնում տեղակայված այն թուրք գործակալի հետ, որն իրենց հետապնդման գլխավոր թիրախն է։
Էդմոնդսի խոսքերով, Դիկերսոնը փորձել է այդ գործակալի ուղարկած ռադիոգրերն աչքի տակ պահել եւ միշտ ինքը թարգմանել։ Հետագայում, երբ Էդմոնդսը վերանայել է Դիկերսոնի թարգմանությունները, հայտնաբերել է, որ կարեւոր հատվածները բաց են թողնված, հատկապես այնպիսիները, որոնք կբացահայտեին Վաշինգտոնի թուրք գործակալի կապը այլ թուրք լրտեսների հետ Պետքարտուղարությունում եւ Պենտագոնում։ Դիկերսոնը փորձ է արել նաեւ Էդմոնդսին «հավաքագրել»ՙ աշխատելու իր կազմակերպության օգտին, եւ երբ վերջինս մերժել է, սպառնացել է ոչ միայն նրան, այլեւ ընտանիքի անդամներին վնաս հասցնել։ Էդմոնդսը պատմել է, թե ինչպես բազմիցս զգուշացրել է իր վերադասներին Դիկերսոնի վարքագծի մասին, բայց ոչ ոք կարեւորություն չի տվել իր խոսքերին։
Խնդրի շուրջ Սենատի դատաիրավական հանձնախմբի նախագահ Փեթ Լիհին (դեմոկրատ, Վերմոնտից), միանալով սենատոր Չարլզ Գրասլիին, նամակ է հղել երկրի գլխավոր դատախազինՙ խնդրելով շտապ հետաքննել Էդմոնդսի բացահայտումները։