Սուրեն Զոլյանը վերլուծում է նախընտրական զարգացումները
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն արդեն ցույց տվեցին, որ այստեղ ամեն ինչ բաժանված է։ Ինչպես ամեն խանութ, այնպես էլ ամեն մի համայնք, գյուղ ունի իր տերը»։ Երեկ քաղաքագետ Սուրեն Զոլյանը հրավիրվել էր Մամուլի ազգային ակումբՙ վերլուծելու նախընտրական այս ժամանակաշրջանում հնարավոր զարգացումները մեր երկրում։
Պրն Զոլյանի համոզմամբ, սպասվող թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններն անակնկալ հազիվ թե մատուցեն, քանի որ զարգացումներն ընթանում են կարծես թե նախապատրաստած սցենարով, որը ստեղծում է երկրում առկա բուռն քաղաքական գործընթացների պատրանք, եւ որտեղ յուրաքանչյուրըՙ քաղաքական դեմք, ուժ, շատ լավ սերտել է իր դերն ու անշեղորեն կատարում է։ Ըստ նրա, որոշում ընդունողների թիվը երկրում սահմանափակ է, ու նրանք էլ կտնօրինեն ընտրությունների ընթացքն ու արդյունքները։ Իսկ հասարակությո՞ւնը. վերջինս մեր երկրում, ցավոք, որոշիչ գործոն չէ, այլ զուտ օգտագործվող օբյեկտ։ Ընդդիմությունն, իհարկե, չի ճնշվում այստեղ եւ ունի իր տեղն իշխանական հիերարխիայում, սակայն այս համակեցությունը, այս մոդելը զարգացում չի ապահովում։ Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս շղթայից։ Անհրաժեշտ են առնվազն սահմանադրական բարեփոխումներ, որոնց մասին միայն խոսվում է առայժմ։ Սաՙ համակարգը փոփոխելու առումով։ Իսկ գործող համակարգում նախագահ դառնալու ամենամեծ հնարավորություններ ունի գործող նախագահըՙ թե՛ տեխնոլոգիաների, թե՛ մյուս բոլոր գործոնների առումով, որոնք առկա են իշխանական լծակների տիրապետելիս։ Զոլյանի համոզմամբ, խնդիրն այստեղ առաջին կամ երկրորդ փուլով հաղթանակի մեջ է, եւ ինքն առավել հավանական է համարում երկփուլ ընտրությունները։ Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը Հայաստանում։ Ըստ պրն Զոլյանի, երեք խնդրի լուծման ուղղությամբ է աշխատումՙ իշխանությունից հեռացնել նախագահին, դառնալ նախագահ եւ, եթե չեն ստացվում առաջին երկու նպատակները, պահպանել տեղը քաղաքական օլիմպոսում։ «Երբ հարցը վերաբերում է երրորդին, քառասուն մարդ, խաղի մասնակիցները, միշտ էլ կարող են համաձայնության գալ»։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր տասնվեց կուսակցություններիՙ միասնական թեկնածու առաջադրելու հայտարարություններին, քաղաքագետի կարծիքով, սրանք յուրաքանչյուր հնարավոր միասնական թեկնածու ինքնագովազդի համար է օգտագործում։
Վերջապես, լրագրողներին հետաքրքրում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման հարցը փետրվարյան նախագահական ընտրություններում։ «Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, կխուսափի ընտրություններին մասնակցելուց, բայց անմիջապես հրաժարվել չի կարող։ Նախ, նա պիտի պահպանի իր քաղաքական կերպարը, ՀՀՇ-ն էլՙ իր մարզական վիճակը»։ Ըստ պրն Զոլյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ նախագահի թեկնածու առաջադրվել-չառաջադրվելու անորոշությունը կերկարաձգվի մինչեւ վերջին պահը, հետո իր իսկ յուրայինների կողմից կստեղծվեն առաջադրման արգելքներ, ու մեղքը կբարդվի, ասենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա։
Քաղաքագետի կարծիքով, ՀՀ նախկին նախագահի առաջադրումն առավել անհրաժեշտ է ոչ թե հենց նրան, քանզի նա արդեն իսկ կմնա պատմության մեջ որպես մեր առաջին նախագահ, այլ նրա շրջապատին, քանզի վերջինս արդեն անհետանում է։ Տեր-Պետրոսյանի առաջադրումը, Սուրեն Զոլյանի վստահեցմամբ, հրաշալի նվեր կլինի նաեւ գործող իշխանություններին։ Քանի որ այսօր, այսպես կոչված, բողոքային քվեարկությունն ուղղված է գործող նախագահի դեմ, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման դեպքում այդ բողոքային քվեները կուղղվեն նրա դեմ։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ