Երբ իշխող կուսակցությունը ննջում է
Ընդդիմությունն արդեն դադարել է խոսել նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու մասին։ Այդ ճամբարում ներգրավված ուժերը շատ լավ հասկացան, որ ներքին ամբիցիաները հաղթահարել չեն կարող, բացի այդ չկա այն ծրագրային դաշտը, որտեղ կարող էին հարաբերել իրենց մոտեցումները։
Այսուհանդերձ, ակնհայտ է դառնում, որ հատկապես 16-ի շրջանակներում նախագահական ընտրություններում պայքարը գնալու է ոչ թե ընդհանուր նպատակիՙ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերընտրվելը ձախողելու ուղղությամբ, այլՙ միմյանց միջեւ։
Այդ մասին են վկայում ընտրությունների նախօրեին 16-ում կատարվող զարգացումները, ներքին սուր քննադատությունները եւ որ շատ ավելի կարեւոր էՙ առաջադրված թեկնածուների ռեյտինգները չափելու ջանքերը, պարզելու, թե նրանցից որ մեկն է ավելի ժողովրդականություն վայելողը։
ՀԺԿ համագումարից առաջ «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Սուրեն Սուրենյանցի անդրադարձը 16-ում կատարվող իրադարձություններին եւ տեղական մարմինների ընտրությունների ժամանակ որոշ համախոհ կուսակցությունների դրսեւորած «դավաճանական» վարքագծին, ավելորդ անգամ հաստատեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը 16-ին, որպես միավորման, լուրջ չի վերաբերվում։ Իսկ Արամ Սարգսյանի ելույթը ՀԺԿ համագումարում հստակեցրեց այդ կուսակցության կողմնորոշումըՙ ՀԺԿ-ի հետ նախընտրական դաշինք ձեւավորելու ձգտումը։ «Հանրապետության» լիդերները գիտակցում են, որ Ստեփան Դեմիրճյանի ժողովրդականությունըՙ պայմանավորված Կարեն Դեմիրճյանի ֆենոմենով, իրենցից յուրաքանչյուրի համար անհաղթահարելի է։ Եվ, ամենայն հավանականությամբ, ընտրությունների նախաշեմին հենց Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունն էլ կպաշտպանենՙ այդպիսով ոչ միայն փորձելով ստեղծել «Միասնություն» դաշինքի պատրանքը, այլեւ քաղաքական մեծամասնություն ստեղծելու հարցում իրենց կամքը թելադրել մյուս մանր ու միջին ուժերին։
Դա իսկապես լավագույն լուծումը կլինի, առավել եւս, որ այդ մանր ու միջին կուսակցություններն իրենք էլ հակված են ընդունելու ընդդիմադիր դաշտում այս երկու կուսակցությունների լիդերությունը։
Հենց նույն համագումարի միջոցով այդ կարգի կուսակցություններից մի քանիսը բացահայտեցին իրենց վերաբերմունքը ՀԺԿ թեկնածուի հանդեպ, դրանով իսկ անտեսելով Արտաշես Գեղամյանին։ Վերջինիսՙ համագումարից առաջ արած փորձերըՙ փրկիչ երեւալու, այսպիսով հավասարվեցին զրոյի։ Գեղամյանն այժմ լուրջ մրցակից ունիՙ ի դեմս Ստեփան Դեմիրճյանի, եւ ահա թե ինչու նրա ղեկավարած կուսակցությունում խոսում են ոչ թե Գեղամյանիՙ որպես միակի մասին, այլ Ռ. Քոչարյանի դեմ երկրորդ ճակատ բացելու իբր անհրաժեշտության։ Դա նման է Գեղամյանի քաղաքականությանըՙ միշտ կամուրջ թողնել իրավիճակի փոփոխության դեպքում հետդարձի համար։
Սակայն այս փուլում արդեն այդ սերտված մանեւրը գուցե չօգնի, քանի որ սկզբունքային շրջան է սկսվել, եւ համագործակցող ուժերը միմյանցից շատ հստակ երաշխիքներ են պահանջելու։ Իսկ Գեղամյանից երաշխիքներ պահանջելը նույնն է, ինչ ջրից ֆիգուրներ սարքել։
Այսուհանդերձ, հիշատակվածների ակտիվ էլեկտորատը նրանց հնարավորություն կտա ընտրություններում որոշակի պայքար ծավալելու։
Սակայն նրանց կարող է խանգարել իրավիճակի մեկ այլ փոփոխություն։ Խոսքը վերաբերում է նախկին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանի թեկնածության պաշտոնական առաջադրմանը, ինչն իրականանալու դեպքում խոստանում է խառնել իրականում ոչ թե գործող նախագահի, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ հենց 16-ի եւ այդ երկու թեկնածուների խաղաթղթերը։
Լեւոն Տեր¬Պետրոսյանը կայուն էլեկտորատ չունի։ Նա դիտարկվելու է որպես Ռ. Քոչարյանին այլընտրանք, արմատական ընդդիմության ներկայացուցիչ, իսկ դա նշանակում է, որ քվեները նա տանելու է ոչ թե Ռ. Քոչարյանից, որով էլ պայմանավորվում է նաեւ Տեր¬Պետրոսյանի հեռացումը, այլ հենց ընդդիմությունից։
Հետաքրքրական է, որ այս հանգամանքը բացեիբաց խոստովանում են հենց ընդդիմադիրները։ Մասնավորապես Արտաշես Գեղամյանը խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ եթե պարզվի, որ Լեւոն Տեր¬Պետրոսյանը դնում է իր թեկնածությունը, ուրեմն, ճիշտ են այն շշուկները, որ ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ պայմանավորվածություններ կան։ Հիշեցնենք, որ նույն Գեղամյանը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, որ եթե Լեւոն Տեր¬Պետրոսյանը դնի իր թեկնածությունը, նա տանելու է Ռ. Քոչարյանի ձայները։ Եթե ընդունենք, որ Լ. Տ¬Պ.-ն առաջադրվելու դեպքում տանելու է, ապա «երկրորդ ճակատ բացելու» մասին խոսող Գեղամյանը պետք է, որ ուրախ լիներ Տեր¬Պետրոսյանի առաջադրմամբ, մինչդեռ հայտարարում է, թե վերջինս չի դնելու իր թեկնածությունը։ Կարելի է եզրակացնել, որ կամ Գեղամյանը լուրջ չի վերաբերվում իր իսկ արած հայտարարություններին, կամ պարզապես ուզում է հավատալ, որ նախկին նախագահը չի առաջադրվի։
Նոյեմբերի 19-ից սկսվում է 2003 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտոնապես թեկնածուների առաջադրման գործընթացը։ Մինչդեռ իշխող կուսակցությունըՙ ՀՀԿ-ն, դեռեւս չի հայտարարելՙ ում է պաշտպանելու ընտրություններում։ Եվ, չնայած դրան, ակնհայտ է, որ հանրապետականներն անպայմանորեն պաշտպանելու են միմիայն Ռ. Քոչարյանի թեկնածությունը։ Բանն այն է, որ ՀՀԿ-ն այլընտրանք պարզապես չունի։ Սեփական թեկնածու չունի, որեւէ մեկին առաջադրելու համար չափազանց ուշ է։ Միակ թեկնածուն, որը ռեալ իշխանության ներկայացուցիչ է եւ ՀՀԿ-ի համար կանխատեսելի է, Ռ. Քոչարյանն է։ Եթե վերջինիս ՀՀԿ-ն չսատարի, բնականաբար, գոնե նախագահական ընտրություններում խաղից դուրս կմղվի, որը հղի է ծանր հետեւանքներով։ Մի կողմից նրանք չեն կարող կանխատեսելՙ ով կհաղթի այդ դեպքում ընտրություններում եւ ամենագլխավորըՙ ինչ քաղաքականություն կկիրառվի իրենց նկատմամբ։
Ռ. Քոչարյանին պաշտպանելու մասին ՀՀԿ անդամների կողմնորոշումը վկայող փաստերն առավել քան խոսուն են։ Բավական է միայն նշել, որ ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ինքը հայտարարեց, թե գործող նախագահն այլընտրանք չունի։ Սակայն խնդիրն այն է, թե ինչպես է ՀՀԿ-ն տանում իր քարոզչությունը։ Գալուստ Սահակյանն օրերս նշեց, թե բարոյական առումով նախագահ կարող են դառնալ միայն պայքարում կոփված անհատները, եւ, որպես այդպիսիք, նշեց բացառապես Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր¬Պետրոսյանի անունները։ Ակնարկն առավել քան հետաքրքրական էր. փաստորեն Գալուստ Սահակյանը հաստատեց այն ընդհանուր մոտեցումը, որ միայն Լ. Տեր¬Պետրոսյանի առաջադրման դեպքում Ռ. Քոչարյանը որեւէ էական խոչընդոտ չի ունենա առաջին փուլով վերընտրվելու, ինչը, բնականաբար, թեկուզ քարոզչական մարտավարության առումով խիստ վտանգավոր է։ Փաստորեն ՀՀԿ-ն չի դադարեցնում նախագահին արջի ծառայություններ մատուցելու իր վարքագիծը։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ