«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2002-11-07 | #204, 2002-11-08 | #205, 2002-11-09


ՀԱՍՏԱՏՎԵՑ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՊԼԱՆԸ

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց հանրապետության նախագահի առաջիկա ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախՙ հաստատվեց հիմնական միջոցառումների օրացուցային պլանը։ Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), նախաձեռնող խմբերի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն 2002 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 6-ի ժամը 18-ը, թեկնածուի առաջադրումը պաշտպանելըՙ 2002 թ. դեկտեմբերի 11-ից դեկտեմբերի 31-ի ժամը 18-ը։ Հանրապետության նախագահի թեկնածուները կգրանցվեն 2003 թ. հունվարի 1-ից հունվարի 20-ը ներառյալ։ Նախընտրական քարոզչությունը կիրականացվի 2003 թ. հունվարի 21-ից փետրվարի 17-ը։

ԿԸՀ անդամների միջեւ լայն քննարկում ծավալվեց քվեատուփերի վերաբերյալ։ Որոշման նախագծում առաջարկ կար գալիք ընտրությունների համար նոր քվեատուփեր պատրաստել թափանցիկ նյութից։ Սա նախ նպատակահարմար չհամարվեց թափանցիկ քվեատուփերի բարձր ինքնարժեքի պատճառով։ Թափանցիկ քվեատուփեր օգտագործում է միայն Ֆրանսիան, սակայն այդ արկղերի օգտագործումը ենթադրում է նաեւ ծրարների օգտագործում, ինչը եւս ծախս է։ Նախագահական ընտրություններին պետբյուջեից հատկացվելիք 300 մլն դրամից յուրաքանչյուր քվեատուփի համար 10 հազար դրամ է հատկացվում (ընդհանուր թվով 2200)։ Հարցը, սակայն, վերջնական լուծում չգտավ եւ հետաձգվեց։

Ըստ ԿԸՀ նախագահի, մեր ժողովուրդը գնահատում է նախագահի ինստիտուտը։ Արտակ Սահրադյանը նախագահական ընտրություններին ակնկալում է 60 տոկոսից ավելի մասնակցություն։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4