Ասում է ակադ. Գեւորգ Ջահուկյանը
Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովում ամենից բուռն քննարկումներ ու վիճաբանություններ եղան հայոց լեզվի եւ հայագիտության խնդիրների շուրջ։ Հատկապես շեշտվեցին դասական ուղղագրության ընդունման, դպրոցներում գրաբարի դասավանդման, արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման եւ այլ հարցեր։ Հայոց լեզվի զարգացման կարեւորագույն խնդիրների մասին զրուցելու նպատակով «Ազգի» թղթակիցը հանդիպեց լեզվաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի հետ։
¬ Հայոց լեզվի բնագավառում ո՞ր խնդիրներն եք համարում առաջնային եւ ի՞նչ լուծումներ եք առաջարկում։
¬ Առաջին հերթին կցանկանայի առանձնացնել արեւելահայ եւ արեւմտահայ գրական լեզուների փոխհարաբերությունների հարցը։ Ժամանակին եղել են երկու գրական լեզուները միացնելու փորձեր, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել։ Անհրաժեշտ է գտնել երկկողմանի լուծումներ եւ մշակել միասնական սկզբունքներ։ Եթե այսօր չստեղծվի տերմինաբանական միասնական համակարգ, ապա գրական լեզուները հետզհետե միմյանցից կհեռանան։ Դա չափազանց կարեւոր եւ դժվարին խնդիր է, որը պահանջում է շահագրգիռ անձանց մասնակցություն, պետական օժանդակություն եւ ֆինանսական միջոցներ։ Այդ հարցերի մասին ժամանակին խոսել եմ։ Միայն սփյուռքահայ մտավորականների հետ պարբերաբար հանդիպումներն ու տերմինաբանական հարցերի քննարկումները կնպաստեն հնարավոր սահմաններում երկու լեզուների մերձեցմանը։ Ցավոք, սփյուռքահայ մտավորականներից շատերը հակված են դասական ուղղագրության հարցը դարձնելու գլխավոր խնդիր։ Մինչդեռ առկա են բազմաթիվ կազմակերպական խնդիրներ։ Օրինակ, մինչ օրս սփյուռքը չունի հայոց լեզվի խնդիրները համակարգող միասնական կենտրոն։ Կան բազում նրբին հարցեր, որոնց քննարկման ժամանակ ոմանք փորձում են ընդհանուր եզրեր գտնել, ոմանք էլ անմիջապես վրդովվում են, սուր վիճաբանություն սկսումՙ դասական ուղղագրությունը դարձնելով առանցքային խնդիր։ Օտար բառերի տառադարձումը նույնպես մեծ ուշադրություն է պահանջում, պետք է հասնել տառադարձության միօրինականության։ Սփյուռքի թերթերից մեկում գրված էր Տիվփոն, դասական ուղղագրությամբՙ Տիւփոն, որը մենք տառադարձում ենքՙ Դյուպոն։ Տեսեք, թե որքան մեծ է տառադարձման տարբերությունը։ Նման բազմաթիվ օրինակներ կան։ Ժամանակին աշխատում էինք անուն-ազգանունների տառադարձման վրա։ Տառադարձման ընդհանուր սկզբունքներ է անհրաժեշտ մշակել, քանի որ հենց սփյուռքում միասնական տառադարձում գոյություն չունի, որից էլ առաջ են գալիս բազմաթիվ խրթին երեւույթներ։ Քանի դեռ համագործակցությունը թույլ է, չկան պարբերական հանդիպումներ, այս հարցերն անլուծելի կմնան։ Սփյուռքահայ մտավորականները պետք է հաճախակի գան Հայաստանՙ գոնե տարին մեկ անգամ։
¬ Ամիսներ առաջ դուք հանդես եկաք հանրակրթական դպրոցներում գրաբարի դասավանդման առաջարկով։ Շատերին, անշուշտ, կհետաքրքրի, թե ի՞նչ կտա գրաբարի դասավանդումը։
¬ Ամենից առաջ կհարստացնի մեր բառապաշարը։ Ցավալի փաստ է, բայց մենք չենք օգտագործում հայոց լեզվի հարուստ բառապաշարը։ Այս իմաստով սփյուռքահայերն, ինչ խոսք, մեզանից առաջ են անցել։ Գրաբարի դասավանդումը կավելացնի մեր բառագործածության հնարավորությունները, նոր սերնդի համար ավելի դյուրին կդարձնի արեւմտահայերենը հասկանալը։ Կարծում եմ, որ հարցը երկրորդական պլան չպետք է մղել, քանզի այդ դեպքում ավելի կխորանա մեր գրավոր եւ բանավոր լեզվին սպառնացող աղքատացումը։ «Հայ եկեղեցու պատմություն» կարելի է դասավանդել «Հայոց պատմությանը» զուգահեռՙ չծանրաբեռնելով դպրոցական ծրագրերը, մինչդեռ գրաբարի դասավանդումը պահանջում է մշակել մատչելի ծրագիրՙ դպրոցականին սիրելի դարձնելու նպատակով։
¬ Համահայկական հայագիտական կենտրոնի ստեղծումը որքանո՞վ կնպաստի վերոհիշյալ խնդիրների լուծմանը։
¬ Արդեն նշեցի, որ սփյուռքում չի գործում հայագիտական հարցերը համակարգող եւ ղեկավարող կենտրոն։ Համահայկական միասնական կենտրոն ստեղծելով հնարավոր կդառնա համախմբել հայագիտության ցաքուցրիվ ուժերը, հարթել բազում կնճռոտ հարցեր եւ այլն։ Դժբախտաբար, այսօր կան ուժեր, որոնք փորձում են արհեստականորեն սրել Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններըՙ մեջտեղ բերելով երկրորդական շատ հարցեր։ Մեզանում գիտնականները գիտությամբ զբաղվելու փոխարեն հաճախ ստիպված են այլեւայլ հարցերով զբաղվել, մեր ինստիտուտի պարագայումՙ շենքի բռնագրավման հարցով բողոք-դիմումների տարափ ներկայացնել։ Բարեբախտաբար, կարողացանք հարցը հօգուտ ինստիտուտի լուծել, ինչքան ջանքեր թափեցի...
¬ Դասավանդում եք ԵՊՀ-ում, տնօրինում լեզվաբանության ինստիտուտը։ Ժամանակ մնո՞ւմ է աշխատելու։
¬ Չնայած մեծ զբաղվածությանս, շարունակում եմ աշխատել։ Հիմա աշխատում եմ «Հայերենի ստուգաբանական բառարանի» Ճ-Ռ հատորի վրա։
¬ Ի՞նչ կասեք կադրերի պատրաստման մասին։ Երիտասարդ գիտնականներին ի՞նչն է այսօր ամենից շատ պակասում։
¬ Անհերքելի փաստ է, որ դասախոսական կազմը ծերանում է, իսկ կադրերի պատրաստումը լավ վիճակում չէ։ Լեզվաբանության մի շարք բնագավառներում պարզապես հետ ենք մնում։ Դրանցից մեկը համեմատական լեզվաբանությունն է, որով Հյուբշմանից եւ Հր. Աճառյանից հետո միայն ես եմ զբաղվել։ Գրաբարի լավ մասնագետներ պատրաստելու կարիք ունենք, քանզի տեքստերի վերջին փոխադրումներն աչքի են ընկնում գրաբարի իմացության բավականին ցածր մակարդակով։ Բուհական ծրագրերը ենթակա են բարեփոխման։ Երիտասարդ կադրերին այսօր պակասում է հին լեզուների իմացությունը, առանց որի գիտական մեծարժեք ուսումնասիրություններն անիրականանալի են թվում։ Երիտասարդներից շատերի կարծիքով, ամեն ոք կարող է գիտնական դառնալ, մինչդեռ, իմ խորին համոզմամբ, դրա համար բնատուր տվյալներ են պետքՙ ստեղծագործելու ունակություն եւ ինտուիցիա։ Հատկապես վերջինը շատ կարեւոր է գիտության մեջ։
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ