«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2002-11-07 | #204, 2002-11-08 | #205, 2002-11-09


ԿԱՆԱՆՑ ԿԻՆՈՙ «ՖՐԱՆՍԱԳԵՏՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Ֆրանսիական ֆիլմերի փառատոնը, որ նոյեմբերի 5-ին բացվեց «Մոսկվա» կինոթատրոնում եւ կավարտվի այսօր, ընդգրկել էր հինգ ֆիլմՙ Թոնի Մարշալի «Վեներա» գեղեցկության սրահը», Դոմինիկ Կաբրերայի «Նադյան եւ գետաձիերը», Պասկալ Ֆերանի «Հնարավորությունների տարիքը», Սոլվեյգ Անսպախի «Գլուխդ բարձր»-ը եւ Ռոբեր Կետիկյանի «Մարի-Ժոն եւ նրա երկու սերը»։ Հինգ ժապավեններն էլ արտադրվել են «Agat Films & Cie» եւ «Ex Nihilo» կինոընկերությունների կողմից։ Ֆրանսահայ ռեժիսոր եւ սցենարիստ Կետիկյանը, որ 80-ականներից ի վեր զբաղված է նաեւ պրոդյուսերական գործունեությամբ, աշխատում է հենց այս կինոընկերությունների հետ, ուստի հենց նա էլ, տիկնոջ եւ իր մուսայիՙ դերասանուհի Արիան Ասկարիդի ընկերակցությամբ ժամանելով Երեւան, ներկայացնում էր կինոծրագիրը։

Մի կողմ թողնելով այն հռետորական հարցը, թե որքանով է հիմնավոր կինոյի սեռային տարբերակումը, եթե լավագույն կին ռեժիսորները բնավ չեն զիջում տղամարդկանց, նշենք, որ ֆիլմերի ընտրությունը կատարվել էր ճիշտ այդ սկզբունքով կամ գենդերային մոտեցմամբ։ Հինգ գործերից երեքը նկարահանել են կանայքՙ բնականաբար, կանանց մասին, իսկ Կետիկյանի ֆիլմը այքանով էր մերվել այս «ֆեմինիստական» ծրագրին, որ նույնպես կնոջ դիմանկար է։ Խնդիր չկա. Ֆրանսիայի, այսպես կոչված, կանանց կինոն էլ ներկայացվելու իրավունք ունիՙ թեկուզ սեռային իրավահավասարությունը հարգելու նկատառումով, բայց, հարկավ, ավելի հետաքրքիր կլիներ հանդիպել, ասենք, Կատրին Բրեյայի կամ Կլեր Դընիի պես ինքնատիպ դեմքերիՙ օրինակ, Թոնի Մարշալի փոխարեն, մանավանդ որ նրա վարդագույն մելոդրամըՙ «Վեներա» գեղեցկության սրահի» մասին, վաղուց է շրջում տեսաժապավենի վրա եւ քաջ ծանոթ է նաեւ մեր հեռուստադիտողին։

Ծրագրի մեխը, անկասկած, Կետիկյանի վերջին աշխատանքն էր, որով նա այս տարի մասնակցում էր Կաննի փառատոնի գլխավոր մրցութային ծրագրին։ Երկու տղամարդկանց սիրո մեջ երկատված Մարի-Ժոյի պատմությունը 11 ֆիլմերի հեղինակ Կետիկյանը համարում է իր երկրորդ մեծ հաջողությունը (առաջինը 1997-ին ասպարեզ եկած «Մարիուս եւ Ժանեթ»-ն էր)։

Ինչ խոսք, ուրախալի է, որ նույն Կաննում ցուցադրված «Արարատից» հետո Երեւան է հասել եւ «Մարի Ժոն»։ Բայց ինչպես մեր հայրենակցի ֆիլմը, այնպես էլ հարակից կանանց կինոն հասանելի էր միայն ընտրյալներին, քանի որ ցուցադրվում էր առանց թարգմանության։ Իսկ Երեւանը «ֆրանսագետների» քանակով դեռ չի հասել Կաննին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4