«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2002-11-07 | #204, 2002-11-08 | #205, 2002-11-09


ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐՙ 3-0

Ռեպորտաժ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հաղորդում է Բլեդից

Հայաստանի պատվիրակները Բլեդի օլիմպիադայի 12-րդ տուրում մի հրաշալի սենսացիա մատուցեցինՙ բացարձակ առավելության հասնելով աշխարհի այժմյան պաշտոնական բոլոր չեմպիոնների նկատմամբ։ Հակոբյանն ու Դանիելյանը սեւերով փայլուն ոճով հաղթեցին աշխարհի տղամարդկանց եւ կանանց չեմպիոններ Ռուսլան Պոնոմարյովին ու Չժու Չենին։ Իսկ Հայաստանի հավաքականը 3¬1 հաշվով անվիճելի հաղթանակ տարավ թիմային հաշվարկում աշխարհի չեմպիոն Ուկրաինայի նկատմամբ։ Այդ մրցախաղը զարգացավ յուրօրինակ սցենարով։ Սովորաբար սեւերով շախմատիստներն առաջին հերթին մտածում են դիրքի հավասարեցման մասին, իսկ հաղթանակի ձգտում են սպիտակներով։ Մեր գրոսմայստերներն այս անգամ գործում էին ավանդույթին հակառակ։ Լպուտյանն ու Մինասյանը որոշեցին ռիսկի չդիմելՙ տեսնելով, որ իրենց «սեւ» գործընկերներըՙ Հակոբյանն ու Ասրյանը, ուժեղ ճնշում են գործում մրցակիցների վրա։ Լպուտյանը կարճատեւ պայքարից հետո հաշտություն կնքեց աշխարհի փոխչեմպիոն Վասիլի Իվանչուկի հետ։ Մինասյանի մրցակիցըՙ փորձառու Վյաչեսլավ Էյնգորնը, միջնախաղում առանց որեւէ լուրջ հիմքի մի պահ մերժեց հայ շախմատիստի առաջարկած ոչ-ոքին, բայց քիչ անց համոզվեց, որ անիմաստ է ձգձգել պայքարը։ Ասրյանը ներշնչանքով էր գործում Բակլանի դեմ։ Նա ժամանակավորապես զինվոր զոհաբերեց եւ, չնայած թագուհիների բացակայությանը, ուժեղ ճնշում ծավալեց արքայական թեւում։ Բակլանը կատաղի պաշտպանվում էր եւ թվում էր, թե նա մոտ է ոչ-ոքիի, բայց Ասրյանին հաջողվեց կրկին մեծ առավելության հասնել։ Խաղավերջում իրավիճակի մասին կարելի էր հստակ պատկերացում կազմելՙ նայելով ոչ միայն խաղատախտակին, այլ նաեւ Կարենի դեմքին, որը չէր էլ փորձում թաքցնել իր երջանիկ ժպիտը։

Բոլորի ուշադրության կենտրոնում Պոնոմարյով-Հակոբյան պարտիան էր, որն օլիմպիադայի իսկական զարդը դարձավ։ Բազմիցս նշվել է Վլադիմիրի նրբագույն վարպետությունը դիրքային պայքարում եւ վերջնախաղում։ Այս անգամ նա փայլեց նաեւ կոմբինացիոն խաղում։ Սիցիլիական պաշտպանության ամենասուր տարբերակներից մեկում սպիտակներն արքայական, իսկ սեւերըՙ թագուհու թեւերում փոխադարձ գրոհ էին ծավալել։ Ամեն ինչ կախված էր նրանից, թե կողմերից որին կհաջողվի առաջինը հասնել հակառակորդի արքային։ Հակոբյանը կանգ չառնելով զինվորների եւ ապա փղի զոհաբերության առջեւ, կարողացավ փոքրաթիվ ուժերովՙ թագուհով եւ նավակով, մատային գրոհ կազմակերպել։ Պոնոմարյովը նյութական կորուստներ կրեց, որից հետո չնայած համառ ու երկարատեւ դիմադրությանը, անձնատուր եղավ։

Մեր աղջիկները նույնպես արժանի են ամենայն գովասանքի։ Նրանք ոչ-ոքի խաղացին օլիմպիական չեմպիոն Չինաստանի հետ։ Էլինան արդեն միջնախաղում կարողացավ խճճել Չժու Չենին եւ ֆիգուր շահեց։ Հայաստանի հավաքականը մոտ էր ընդհանուր հաղթանակին եւ միայն փորձի պակասը խանգարեց երկու Լիլիթներին զարգացնել հաջողությունը։ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Յուհուայի հետ, Գալոյանը պարտվեց Քսյուից։

ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեայում Կիրսան Իլյումժինովը վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Իգնատիոս Լեոնգը ստացավ ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոն։ Երեւանից հայտնեցին, որ Աշոտ Անաստասյանը որդի է ունեցել։ Աշոտն օլիմպիադայի ընթացքում սպասելով այս լուրին, շատ էր հուզվում։ Շտապում ենք շնորհավորել նրան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4