«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2002-11-07 | #204, 2002-11-08 | #205, 2002-11-09


ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ ԳԻՐՔԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ

Ի լրումն «Ազգ»-ի երեկվա համարում տպագրված լուրի, որ Զորյան ինստիտուտն Իսրայելում հրատարակել է Թաներ Աքչամի «Երկխոսություն միջազգային բաժանումների միջեւ. էսսեներ միտված թուրք-հայկական երկխոսությանը» գրքի եբրայերեն թարգմանությունը։ Մանրամասնենք, ըստ Տորոնտոյից (Կանադա) ստացված հաղորդագրության, գիրքը հրատարակվել է Իսրայելում գտնվող «Բաբել» հրատարակչատան համագործակցությամբ եւ պարունակում է թուրք պատմաբանի եւ հասարակագետի չորս էսսե։

Առաջին էսսեում դոկտ. Աքչամը նկարագրել է այն հինգ հիմնական տաբուները, որոնց վրա հիմնված է Թուրքիայի Հանրապետությունը. ա) Թուրքիայում չկան հասարակական դասակարգեր, բ) Թուրքիայում չկան քրդեր, կան միայն լեռնցի թուրքեր, գ) Թուրքիան աշխարհիկ երկիր է արեւմտյան տիպի հասարակությունով, եւ որեւէ քննարկում իսլամական արժեքների կամ մշակույթի վերաբերյալ խստիվ արգելված է, դ) Հայկական ցեղասպանություն ասվածը գոյություն չունի, ե) քանի որ Թուրքիայի զինված ուժերը դարձան վերոհիշյալ չորս տաբուները վերահսկող մարմինը, տաբու դարձավ նաեւ հանրապետության վրա այդ մարմնի թողած ոչ-ժողովրդավարական ազդեցության ցանկացած քննարկում։ Այս տաբուներից ամենախիստը Հայկական ցեղասպանության վերաբերյալ տաբուն է, որովհետեւ ամենաշատն ու ամենաուժեղն է հարվածում հանրապետության հիմքերին։ Աքչամը բացատրում է, որ երկխոսությունների պակասը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ու այդ թեմայի շուրջ բաց քննարկումներ չանցկացնելը գլխավոր խոչընդոտներ են Թուրքիայում ժողովրդավարության ամբողջական իրականացմանը։

Երկրորդ էսսեում քննության առնելով թուրք-հայկական երկխոսության դժվարությունները, հեղինակը առաջարկ է ներկայացնում նման երկխոսությունը դյուրացնելու համար։

Երրորդում մանրամասն բացահայտում է Ցեղասպանության որոշումըՙ հիմնվելով Օսմանյան Թուրքիայի արխիվային փաստաթղթերի վրա։

Չորրորդում վարպետությամբ ներկայացնում է այն դժվարությունները, որոնց դեմ առ դեմ կանգնած են ներկայիս թուրքերըՙ Հայոց ցեղասպանությունը ընդունելու գործում։

Գիրքը խմբագրել եւ 50 էջանոց առաջաբանը գրել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ, Զորյան ինստիտուտի վարչության անդամ, Իսրայելի բաց համալսարանի եւ Կիբուցիմի կրթության քոլեջի ավագ դասախոս Յաիր Աուրոնը, որը հեղինակ է «Հրեա-իսրայելական ինքնությունը», «Ցեղասպանությունը 20-րդ դարում», «Սիոնիզմը եւ Հայկական ցեղասպանությունը» եւ այլ գրքերի, որոնք հրատարակվել են եբրայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4