Նոյեմբերի 6-ից Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի է ունենում երկխոսություն Արեւելյան Ուղղափառ եւ Անգլիկան եկեղեցիների միջեւ։ Սա Արեւելյան Ուղղափառ եւ Անգլիկան եկեղեցիների միջեւ անդրանիկ երկխոսությունն է, որի նպատակն է հստակեցնել եկեղեցիների տեսակետները քրիստոսաբանական մի շարք հարցերի վերաբերյալ։
Արեւելյան Ուղղափառ եկեղեցիներից երկխոսությանը մասնակցում են Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչներ, Ղպտի, Ասորի եւ Հնդիկ Մալաբար եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ։ Անգլիկան եկեղեցին ներկայացնում են Անգլիայի, Կանադայի, Կիպրոսի, Շրի Լանկայի եւ Հյուսիսային Իռլանդիայի եկեղեցիների ներկայացուցիչները։